
Ի՞նչ են պայմանավորվում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, որի շրջանակում արդեն հանրային քննարկման է ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Նախաձեռնությունը նա գնահատեց ժամանակավրեպ, օբյեկտիվ անհրաժեշտության տեսանկյունից` չհիմնավորված, քանի որ ըստ Քոչարյանի, առկա չէ երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու հիմնական նախադրյալներից որևէ մեկը:
Երկրորդ նախագահի բացատրությունները թվում են ավելի տրամաբանական: Նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները, այդ նպատակով ստեղծելով հանձնաժողով և սահմանելով կոնկրետ ժամանակցույց` Սերժ Սարգսյանը ոչ մի խոսք չասաց այն մասին, թե ինչով է իր այդ քայլը պայմանավորված, թե Սահմանադրության կոնկետ որ հոդվածները, որ նորմերը կամ հասկացություններն են խնդրահարույց, ինչու են խնդրահարույց և հատկապես ինչպես են դրանք խոչընդոտել հասարակական կյանքի այս կամ այն ոլորտի կարգավորմը կամ կառավարմանը:
Ավելին, բարեփոխումների հայեցակարգի նախագծի հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ աշխատանքային խումբը խորհրդանական կառավարման համակարգին անցնելու այլընտրանքային լուծում է առաջարկում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չնայած ինքը սկզբունքորեն դեմ է ներկայիս կառավարման համակարգից հրաժարվելուն, սակայն եթե հանձնաժողովն այլ մոտեցում ցուցաբերի, ինքը չի առարկելու:
Այնպիսի երկրում, որտեղ նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ ունի, նախագահի նման մոտեցումը գուցե ինչ-որ տեղ հասկանալի կարող է լինել: Բայց Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ լինելով հանդերձ` իշխող կուսակցության նախագահ է, իսկ ՀՀԿ-ն նախկինում բազմիցս հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ խորհրդարանական կառավարման համակարգին, որին պետք է անցնել աստիճանաբար: Եվ հիմա հարց է առաջանում` ՀՀԿ նախագա՞հն է հակասում իր կուսակցությանը, թե՞ կուսակցությունը` հանրապետության նախագահին: Բայց այս հակասությունն առաջին հերթին խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն ինքը ընդունում է, որ սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը ամբողջությամբ արհեստական է:
Իսկ այդ պարագայում նման հիմնարար փոփոխություններ նախաձեռնելը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն: Առաջին` դա բեմադրություն է` մանիպուլյատիվ էֆեկտով, որի նպատակը երկրում կուտակված համակարգային հիմնախնդիրները, դրանք կարգավորելու իշխանության անկարողությունը սահմանադրության աներևույթ անկատարության վրա բարդելն է, խնդիրների լուծման կեղծ թիրախների առաջադրումը և հանրության ուշադրությունը շեղելը: Բայց այս տարբերակի դեպքում խոսք կարող է լինել միայն կոսմետիկ փոփոխությունների մասին` առանց կառավարման համակարգը փոխելու, որը բնույթով փորձարարական է, եթե չասենք` արկածախնդրային, որովհետև նախաձեռնողներն իրենք չեն կարող երաշխավորել, թե ինչ հետևանք դա կունենա հենց քաղաքական իշխանության համար: Իսկ որ նախագահի այս նախաձեռնությունը կարող է այդպիսին լինել, փաստում է այն հանգամանքը, որ նախ ինքը` նախագահն է դեմ կառավարման ներկայիս համակարգը փոխելուն, երկրորդ` հանրային քննարկման ներկայացված նախագծում, ըստ էության, դրանից բացի որևէ այլ էական փոփոխության խնդիր ոչ մարդու իրավունքների, ոչ իշխանությունների տարանջատման սխեմայում չի առաջարկվում:
Երկրորդ (որն, ի դեպ, չի հակադրվում առաջինին)` դա արվում է բոլորովին այլ նպատակով, ինչի մասին շատ պարզ ակնարկում է Հայաստանի երկրորդ նախագահն իր այդ անդրադարձում: «Առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն, և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք: Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը` փաստորեն իշխանության անուղղակիորեն մեղադրելով այս բարեփոխումները նախաձեռնելով կառավարող էլիտայի շահերը սպասարկելու և իշխանության վերարտադրման նպատակներ հետապնդելու մեջ:
Քոչարյանը բացարձակապես պատահական չի հիշեցնում, որ 2005թ., երբ ինքն էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, այն չդարձրեց երրորդ անգամ նախագահի պաշտոնն զբաղեցնելու միջոց և այդ առումով հավատարիմ մնաց իր տված խոսքին: Եթե նկատի առնենք, որ մեղադրանքը հնչում է մի մարդու կողմից, ով ամենալավն է ճանաչում գործող նախագահին, ով գիտի, թե ինչպես կարելի է նման մանիպուլյացիաներով մնալ իշխանության, և ով ուներ դա անելու բոլոր հնարավորությունները, ապա պետք է եզրակացնել, որ նա տեսնում է իշխանությունների կողմից իշխանության վերարտադրման խնդիր լուծելու իրական հնարավորություն: Բայց հարց է առաջանում` ինչու է Քոչարյանը որոշել Սերժ Սարգսյանի հետ խոսել այսքան բաց տեքստով:
Ըստ էության, իրականում նա պատասխանում է Սերժ Սարգսյանի` իրեն ուղղված` իշխանությունից և դրա հանդեպ հավակնություններից միասին և միաժամանակ հեռանալու անուղղակի առաջարկին, որը գործող նախագահը հնչեցրել էր Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իր կարծիքով` միևնույն անձը չպետք է առհասարակ երկու անգամից ավելի իր ձեռքը վերցնի պետության կառավարման ղեկը` փաստորեն ակնարկելով, որ իր համար անհասկանալի է նախկին նախագահի կողմից ԲՀԿ-ի միջոցով այդ ուղղությամբ ցուցաբերվող ակտիվությունը:
Այսինքն` ստացվում է, որ հիմա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղ են ունենում հեռակա, հրապարակային բանակցություններ` իշխանության ապագայի և դրանում իրենց երկուսի հնարավոր դերակատարության և դերաբաշխման վերաբերյալ: Ըստ էության, Քոչարյանը հասկացնում է, որ սկզբունքորեն դրան դեմ չէ, սակայն հավելյալ երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրեն թակարդը չեն գցում: Եվ նա հուշում է, թե ինչպիսի երաշխիք է ուզում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ուղղված է երրորդ անգամ նախագահ դառնալու իրավունքից զրկելուն, նա ասում է հետևյալը. «Դրա համար պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Այսինքն` նա գործող նախագահից, իբրև երաշխիք, պահանջում է վերանայել սահմանադրական լայնածավալ փոփոխութոյւններ կատարելու և կիսանախագահական կառավարման համակարգից հրաժարվելու որոշումը և միայն այդ լրացումը կատարելով հստակ քաղաքական հայտարարություն անել առ այն, որ դա տարածվելու է նաև իր` Սերժ Սարգսյանի վրա:
Այս իմաստով խիստ հատկանշական է հատկապես Քոչարյանի անդրադարձը վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելու որոշման կապակցությամբ: Հիշատակելով Աբրահամյանի` իր նախագահության ընթացքում «հաջողված» փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար լինելու մասին` Քոչարյանը փաստացի ակնարկում է, որ ներկայիս վարչապետի թեկնածությունը, իբրև իշխանության հնարավոր ժառանգորդի, իր համար սկզբունքորեն մերժելի չէ, սակայն այս հարցում նաև չի շտապելու:
Քոչարյանի անվստահության աղբյուրը թաքնված է հենց կառավարման համակարգի փոփոխման` Սարգսյանի նախաձեռնության մեջ: Նա, թերևս, փորձում է հասկանալ, թե որքանով են դա և իրեն արված առաջարկը համատեղելի, քանի որ ակնհայտ է, որ իշխանության ժառանգորդի որոշման պարագայում կառավարման համակարգի փոփոխությունը հղի է անկանխատեսելի զարգացումներով և հարվածելու է առաջին հերթին հենց իշխանությունը կրողին, որովհետև որքան այդ փոփոխությունների արդյունքում մեծանա պառլամենտի ազդեցությունն ու լիազորությունները քաղաքական որոշումների կայացման պրոցեսում, նույն չափով թուլանալու են ապագա նախագահի ուժն ու դիրքերը:
Այդ փոփոխությունը ուղղակի հարված կարող է լինել իշխանության մոնոլիտ կառուցվածքին: Եթե Սերժ Սարգսյանը կարողանա տալ այս պարադոքսի բացատրությունը, և դա նախկին նախագահի համար լինի համոզիչ, ապա քաղաքական վերադասավորումներն առաջիկայում կարող են ընթանալ հենց նրանց նախագծած սցենարի համաձայն:
Ինչևէ, որ կողմից էլ մոտենում ես այս հեռակա երկխոսությանը, ստացվում է, որ գործող ու նախկին նախագահները գործում են սահմանադրական բարեփոխումների մանիպուլյացիոն մեխանիզմով, ինչի համատեքստում Սամանադրությունն ընկալվում է ընդամենը որպես այս կամ այն եղանակով իշխանության վերարտադրման և ներքին վերադասավորումների իրավաքաղաքական առանցքային գործիք: Տարբերությունն ընդամենը այն է, որ ի տարբերություն գործող նախագահի` նախկինն առաջարկում է այդ գործիքն օգտագործել ավելի նրբանկատորեն, ավելի զգույշ և ավելի նպատակային:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել