
Մարզպետը առաջարկել է Ալավերդիում անցկացնել բնապահպանական իրավիճակի անկախ մոնիտորինգ
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները 2012թ.-ից ՀՀ կառավարությունը նվազեցրել է: Սա, փաստորեն տեղի ունեցավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների Կոշաբերդ սարի գագաթի խողովակը 2011թ.-ին սեպտեմբերին շահագործելուց հետո:
Ընկերությունը 2011թ.-ին պետբյուջե վճարել է 443,9 մլն., 2012թ.-ին` 81,9մլն. և 2013թ.-ին 104,1մլն. դրամ բնապահպանական վճարներ: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական վճարները սահմանվում են ամրակայված աղբյուրներից օդային ավազան նետվող արտանետումների ծավալին համապատասխան: Ըստ այդմ էլ օրենսդիրը մեկ տոննա ծծմբային անհիդրիդ օդային ավազան արտանետելու համար սահմանել է 1800 դրամ վճար: Պղնձաձուլական գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: Տարեկան մինչև 12 հազար տոննա չզտված պղինձ արտադրող գործարանի ծխատարի նույն ընթացքից 8,7 տոննա մկնդեղ է արտանետվում մթնոլորտ: Արտանետում է նաև պղինձ, կապար, ցինկ և քացկեղածին այլ ծանր մետաղներ: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2012թ.-ից բնապահպանական վճարները սկսել է վճարել Ալավերդիում կատարված մոնիտորինգի արդյունքներով:
«Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների , եթե մինչև նոր ծխնելույզի ու ծխատարի կառուցումը Ալավերդի քաղաքում ծծմբային անհիդրիդը սահմանային թույլատրելի խտությունը գերազանցում էր 10-12 անգամ, ապա 2011թ.-ի հոկտեմբերից ծծմբային անհիդրիդի ՍԹԿ-ի գերազանցումը կազմում է 1,3-1,5 անգամ»,- ապրիլի 7-ին «Հետքին» հայտնել է ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ այդ մոնիտորինգին չի կարող չհավատալ,քանի որ հակակշիռ մոնիտորինգ չունի: «Մենք այսօր ավելի շատ ղեկավարվում ենք մեր աչքի տեսածով , մեր զգայարաններով , շնչուղիներով»,- ասում է քաղաքապետը: Նա գտնում է, որ բնապահպանական վճարները պետք է ուղիղ համեմատական լինեն կիրառված նոր տեխնոլոգիաներին, որոնք հիմնովին կկանխարգելեն վնասկար արտանետումները և վիճարկելի է համարում բարձր դիրքից արտանետումների համար ընկերության բնապահպանական վճարների նվազեցումը: Ալավերդի համայնքի բյուջեին 2014թ.-ին պետբյուջեից հատկացվել է 120 մլն. դրամ բնապահպանական սուբվենցիա, 2015թ.-ին այն կկազմի 94 հազար դրամ: Սուբվենցիայի կտրուկ նվազում կգրանցվի 2016-2017թ.թ.-ին:
«Բնապահապանական սուբվենցիաների նվազեցումը մեզ կզրկի ֆինանսական կարևոր լծակներից : Այդ սուբվենցիաներով մենք լուծում ենք բնակչության առողջության, մանկապարտեզի երեխաների սննդի, քաղաքի կանաչապատման և կենսական այլ խնդիրներ»,-հայտնում է Արտավազդ Վարոսյանը:
Այս տարվա մարտի 7-ին բնապահպանական սուբվենցիայի նվազման հետեւանքների մասին Ա. Վարոսյանը տեղեկացրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ի պատասխան մարզպետի հարցման ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հայտնել է, որ նախարարության կողմից 2012թ.-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը տրվել են արտանետումների ժամանակավոր չափաքանակներ, որի համար նախապայման է հանդիսացել ընկերության կողմից ներկայացված բնապահպանական միջոցառումների ծրագրը և դրա հետագա իրականացումը: Ըստ նախարարի պաշտոնակատարի ծրագրի իրականացման արդյունքում մեծացել է արտանետումների ցրման աստիճանը և հետևաբար գետամերձ շերտում նվազել են աղտոտիչների ստեղծած կոնցենտրացիաները: Ծրագրի առաջին կետով պահանջվող «գազահեռացման համակարգի ջերմամեկուսացում» միջոցառման արդյունքում հեռացող գազերի արագության մեծացմանը զուգընթաց, ապահովվել է հեռացող վտանգավոր նյութերի արտանետման բարձրությունը: Իր պատասխանում Արամ Հարությունյանը անդրադարձել է նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մշտադիտարկման արդյունքին և Լոռու մարզպետին տեղեկացրել է , թե արտանետվող ծծմբային անհիդրիդի թույլատրելի կոնցենտրացիաների 10-12 անգամ նվազում է արձանագրվել նաև Ալավերդու հարակից համանքներում: Սա այն դեպքում, երբ Ալավերդուն հարակից 4` Աքորի, Օձուն, Հագվի և Հաղպատ համայնքները գործարանի արտանետումների թիրախում հայտնվել են ծխնելույզը Կոշաբերդի գագաթ բարձրացնելուց հետո:
Մշտադիտարկմամբ նոր և ուշագրավ արդյունքներ են զետեղված նաև «Շրջակա միջավայրի ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում: Ըստ վերջինիս Ալավերդիում 2014թ.-ի հունվարին ծծմբային անհիդրիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 5,9 անգամ, հունվարի 17-ին ժամը 00:10-ի սահմաններում ծծմբային անհիդրիդի արտանետումը Ալավերդիում կազմել է 3,654մգ/մ խորանարդ:
Փետրվարին ծծմբային անհիդրիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 4,2 անգամ, իսկ միջին տարեկան կոնցենտրացիան 2013թ.-ին սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 3,6 անգամ: Հիշեցնենք , որ պղնձաձուլական գործարանի վնասակար արտանետումները վերջին ամիսներին ալավերդցիների համար անտանելի են դարձել հատկապես Ս. Սարահարթ թաղամասում ` ամեն օր երեկոյան ժամը 21-ից հետո: Ա. Վարոսյանը գտնում է, որ քանի դեռ աշխատում է պղնձաձուլական գործարանը` Ալավերդիում առաջանալու են բնապահպանական և առողջապահական խնդիրներներ: Այդ պատճառով էլ քաղաքապետը կարևորում է առաջիկայում Ալավերդիում նախապատրաստվող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության բնապահպանական վճարների նվազեցման հետ կապված հանրային քննարկումները:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն երեկ «Հետքին» հայտնեց, որ առաջարկել է քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին Ալավերդիում անցկացնել բնապահպանական իրավիճակի անկախ մոնիտորինգ:
Մեկնաբանել