
Հայաստանում գազ ու դիզվառելիք կստանան անվադողերի մշակումից
Բանեցված անվադողերը գլխացավանք են համարյա ողջ աշխարհում: Եվրոպայում ընդունված է 10-20% մաշվածությամբ անվադողերն արտահանել երրորդ երկրներ, այդ թվում՝ Վրաստան, որտեղից մեծ քանակությամբ ներկրվում են Հայաստան: Մեր օրենսդրությունն արգելում է բանեցրած անվադողերի ներկրումը, ուստի ավտոմեքենաների սեփականատերերը միայն սեփական օգտագործման համար կարող են Վրաստանից օգտագործված անվադող ներմուծել: Սակայն նշենք, որ օգտագործված անվադողերի օգտագործումն այնքան էլ անվտանգ չէ:
Ներկայում աշխարհում կիրառվում են անվադողերի արդյունաբերական մշակման նոր տեխնոլոգիաներ: Բանեցված անվադողերի համաշխարհային պաշարները գնահատվում են 25-ից 39 մլն. տոննա, ընդ որում դրանց տարեկան քանակը աճում է միջինը 7 մլն. տոննայով: Եվրոպական երկրներում տարեկան կտրվածքով առաջանում է մոտ 2 մլն. տոննա, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 2.8 մլն. տոննա անվադողերի թափոններ: Սակայն նշված քանակից միայն 23% է վերամշակվում, իսկ մնացած 77%-ը վերածում է աղբի:
Հայաստանում գրանցված է մոտ 483 հազար ավտոտրանսպորտային միջոց, որոնցից 388 հազարը մարդատար մեքենաներ են: ՀՀ-ում բանեցված անվադողերի շուկան տարեկան կտրվածքով կազմում է մոտ 15.7 հազար տոննա, որից 7.7 հազ. տոննան՝ մարդատար, 8 հազ. տոննան՝ բեռնատար մեքենաների:
Հատկապես մեծ քանակով և խոշոր տրամաչափով բանեցված անվադողեր կուտակված են հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններում: Դրանք հիմնականում պահվում են չշահագործվող հանքերում և պոչամբարներում կամ դրանց մոտակայքում: Անվադողերը կամ այրվում են, կամ թաղվում: Երկու եղանակն էլ բնապահպանական տեսանկյունից վնասաբեր են՝ թաղված անվադողը քայքայվում է 100-300 տարում, իսկ այրվածը մթնոլորտ է նետում բազմաթիվ վնասակար նյութեր;
Հայաստանում վերջերս հիմնվել է «Ամ-Էսկա» ընկերությունը, որը Աբովյան քաղաքում մտադիր է անվադողերի վերամշակման գործարան կառուցել: Ընկերության մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հիմնադիրներն են Վահան Ղարիբյանը, Արմեն Խլղաթյանը, Դավիթ Քարամյանը: Ընկերությունն իր նախագծի բնապահպանական փորձագիտական հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը:
Անվադողերի մշակումը պետք է իրականացվի պիրոլիզի եղանակով՝ չինական տեխնոլոգիայով: Պիրոլիզը հնարավորություն է տալիս տրոհել անվադողերը մի քանի բաղադրիչների, ստանալ տեխնիկական ածխածին, գազ (համարժեք է բնական գազին), մետաղալար, սինթետիկ նավթամթերք (համարժեք է դիզվառելիքին):
Մեկնաբանել