
«Չէ՞ որ դուք աշխարհի ամենահին մշակույթն ունեցող ազգն եք»
Գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը մանկուց հետաքրքրված էր անիմացիոն ֆիլմերով: Նա բաց չէր թողնում «Դիսնեյ»-ի որեւէ անիմացիա` անընդհատ հետեւելով հեռուստացույցի եւ կինոթատրոնի էկրաններին: Այժմ նա Գերմանիայում հայտնի կինոքննադատներից է: Օգոստոսին «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում երկրորդ անգամ էր այցելում Հայաստան: Նրա հետ ծանոթացա իր իսկ հեղինակած վարպետության դասերի ժամանակ:
Հայաստանում անցկացրած Ձեր վարպետության դասի ժամանակ նշեցիք, որ թերթերում անիմացիոն ֆիլմերի մասին նյութերը նաեւ մեծ գրաքննության են ենթարկվում: Մեզ մոտ դեռ ֆիլմարտադրությունն այդ մակարդակին չէ, որ գրաքննի թերթերը, բայց ուզում եմ` մի քիչ պատմեք Գերմանիայի օրինակի մասին: Ինչպե՞ս է դա կատարվում:
Հմմ, այո... Հեշտ չէ թերթում գրել այս կամ այն ֆիլմի մասին. «Սա վատ ֆիլմ է», քանի որ ֆիլմարտադրողները մարկետինգի բաժիններ ունեն, որոնք շատ ուժեղ են. մի զանգով հարց են կարողանում լուծել: Եւ եթե ֆիլմը նոր է թողարկվել, նրանք երբեք չեն ցանկանա, որ որեւէ վատ կարծիք հրապարակվի: Տեսեք. անիմացիոն ֆիլմի մասին գրելու համար դու պետք է համոզված լինես, որ կգրավես ընթերցողի ուշադրությունը, կհամոզես խմբագրիդ եւ զերծ կմնաս կոշտ գրաքննությունից:
Ես, սովորաբար, սիրում եմ գրել վատ ֆիլմերի մասին, ասել, որ ֆիլմը վատն է: Բայց միայն որակելն արդեն իսկ ոչ պրոֆեսիոնալ է: Եթե ասում ես` ֆիլմը վատն է, պարտավոր ես բացատրել` ինչու: Կարծում եմ՝ այս երեւույթն առկա է բոլոր ոլորտներում: Բարեբախտաբար, ես գտել եմ որոշ մարդկանց, որ գնում են անիմացիայի վերաբերյալ իմ հոդվածները: Հիմա մասնագիտացել եմ հարցազրույցների վրա եւ հնարավորություն ունեմ տեսխցիկով անց կացնել զրույցներս, ինչն ավելի հետաքրքիր է:
Ինչպես արվեստի այլ ճյուղերը, անիմացիան էլ որոշակի հոգեւոր եւ զգայական սնունդ է մարդու համար: Եթե համեմատենք արվեստի մյուս տեսակների հետ, ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել անիմացիոն արվեստը մարդու կյանքում:
Անիմացիան ոչ միայն արվեստ է, այլ նաեւ առանձին մեդիա: Այն ոչ թե ֆիլմի մի հատվածն է, այլ առանձին ուղղություն: Դա կյանքի վերապատկերավորումն է, վերստեղծումը: Մարդը պատկերների շարժման միջոցով տեսնում է ֆիլմում ներառված գաղափարը: Այն հնարավորություն է տալիս մարդուն մտածել: Հիմնականում անիմացիայի պատկերների չափերը շատ ավելի են փոփոխվում, քան սովորական ֆիլմերում եւ նույնիսկ նկարներում:
Անիմացիան շատ լավ գործիք է նաեւ քարոզչության համար` թե լավ եւ թե վատ կողմերով: Անիմացիան կարող է քեզ ստիպել արտասվել, կարող է երջանկացնել եւ երջանկության արցունքներ «կորզել»: «Toy Story» ֆիլմում դու արտասվում ես, որովհետեւ նրանք մեռնում են, եւ հետո կրկին արտասվում ես, քանի որ փրկվում են: Այսինքն՝ անիմացիան զգացողությունների տարափ կարող է առաջացնել: Դա է հենց անիմացիայի հետաքրքրությունը: Անիմացիան երբեք չի կարող ձանձրացնել:
Հայ անիմատորներն իրենց պատկերները հիմնականում ստեղծում են աբստրակտ ոճում: Ես նրանցից մի քանիսի հետ եմ խոսել. նրանք պնդում էին, որ գաղափարն ու ասելիքն ավելի կարեւոր են անիմացիայում, քան իրականին մոտ պատկերները: «Դիսնեյ»-ն այսօր ձգտում է իրականին հնարավորինս մոտ պատկեր ստեղծել: Մենք մի քիչ ուշացե՞լ ենք:
Ոչ, ոչ... Այստեղ մի քիչ շփոթություն կա: «Դիսնեյ»-ը մի ժամանակ, այո, փորձում էր ամեն անիմացիոն պատկեր բնականին հնարավորինս մոտ ստեղծել, որպեսզի ամեն ինչ այնքան իրական թվար: Բայց եկավ մի նոր շարժում, որ ասաց. «Ոչ, սա չափից շատ գեղեցիկ է»: ԱՄՆ-ում մի կինոստուդիա կար, կոչվում էր UPA: Նրանք սկսեցին աբստրակտ անիմացիոն պատկերներ ստեղծել:
Իրականում, աբստրակտ անիմացիաներն ավելի գնահատելի են, քան այդ գեղեցիկ պատկերները, որոնք ստանալու համար մեծ գումարներ են ծախսվում: Եթե տաղանդավոր անիմատոր ես, քո անիմացիաները կարող են լինել շատ ավելի ազդեցիկ, քան այն անիմացիաները, որոնց վրա միլիոններ են ծախսվում: Այսինքն՝ այն, որ Հայաստանում աբստրակտ անիմացիաներ են ստեղծվում, դա վատ չէ: Դուք, իրոք, կարող եք շատ հաջողակ անիմացիաներ թողարկել: Համոզված եղիր, որ կգա նորից ժամանակ, երբ մարդիկ կասեն` հերիք է այս իրական պատկերները մեզ հրամցնեք, հիմա աբստրակտի ժամանակն է:
Կա՞ն անկախ անիմատորներ, որ մեծ ճանաչում ունեն Եվրոպայում, թե՞ ճանաչում ունենալու համար անհրաժեշտ է անպայման լինել որեւէ մեծ ֆիլմարտադրող ընկերության աշխատակից:
Սովորաբար, եվրոպական ֆիլմարտադրող ընկերությունները միշտ սեւ գործը տանում, Չինաստանում են անում: Իրենք տալիս են միայն հայեցակարգը: Միայն մի ընկերություն կա Եվրոպայում, որ ամբողջ աշխատանքն իրականացնում է տեղում: Մի ամերիկացի անհատ անիմատոր էլ կա, ով մարկետինգում էլ շատ խելացի է եւ կարողանում է պահպանել իր անկախությունը: Նա միակ անկախ անիմացիոն պրոդյուսերն է ԱՄՆ-ում: Նա ամբողջ գումարը ներդրեց իր արվեստի մեջ` որպես անհատ արտիստ: Նա կարողացավ գտնել ճանապարհներ` իր ֆիլմերը տարածելու: Բայց այս տեսակ անկախ մարդիկ քիչ են այս ոլորտում: Դա իրականում շատ դժվար գործ է, եթե դու «Դիսնեյ»-ի պես մեծ տարածող ընկերության անդամ չես:
Արդեն հասկանալի է` որքան շատ փող, այնքան զարգացած անիմացիա: Հայաստանում մարդիկ իրականում շատ լավ պատկերացում ունեն, բայց փող չունեն: Փաստորեն, սա արվեստի այն ճյուղն է, որ միջոցներ պետք է ունենաս անգամ ստեղծագործելու համար:
«Ռեանիմանիա» փառատոնը եւ նման այլ միջոցառումները Հայաստանի հողում անիմացիայի զարգացման ծիլեր տնկելու համար են: Դու գալիս ես, խոսում անիմացիայի մասին, ցույց տալիս անիմացիոն ֆիլմեր: Եւ որեւէ մեկը, որ անիմացիոն պատկերներ ունի իր մեջ կամ ուսանող է, փառատոները կարող են ոգեշնչել նրան` հասկանալու իր անելիքն ապագայում: Իրականում յուրաքանչյուր երկիր մեծ շահույթ կարող է ստանալ անիմացիոն ոլորտից: Գերմանիան հսկայական գումարներ է ներդնում անիմացիոն բիզնեսում եւ հսկայական շահույթ է ստանում այնտեղից: Ինչո՞ւ ոչ Հայաստանը: Դուք ամենահին մշակույթը կրող ազգերից մեկն եք: Ուրեմն ինչո՞ւ չանեք: Եթե ձեր երկիրը գումարներ ներդնի անիմացիայի զարգացման համար, հավատացած եղեք` մեծ շահույթներ կունենաք:
Լուսանկարը` Շուշան Միրզոյանի
Մեկնաբանել