
Ծուղակ ԲՀԿ-ի համա՞ր, թե՞ նախագահը գնում է զիջումների
Սերժ Սարգսյանը բոլոր հնարավորություններն ունի միանձնյա որոշելու, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Դրա համար նա քաղաքական այլ ուժերի հետ կոնսուլտացիաների կարիք, իրականում, չունի: Սահամանդրական այդ նորմը հայաստանյան կառավարման և քաղաքական մշակույթի պարագայում բացարձակապես ձևական բնույթ է կրում: Այն կունենար գործնական նշանակություն, եթե նախագահը խորհրդարանում բացարձակ մեծամասնության աջակցությունը չվայելեր: Եվ չնայած դրան` նա հետաձգում է վարչապետի նշանակման հարցը մինչև սահմանադրությամբ նախատեված ժամկետի վերջին պահը` քաղաքական ուժերի հետ լրացուցիչ կոնսուլտացիաներ անցկացնելու պատճառաբանությամբ:
Այստեղ կա երկու հնարավոր տարբերակ: Առաջին` քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաները և հատկապես նրանց աջակցությամբ վարչապետի նշանակման հարցի լուծումը բխում են օբյեկտիվ անհրաժեշտությունից, և նախագահ Սերժ Սարգսյանն այստեղ բացարձակապես ձևի ետևից չի ընկնում: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը խախտվել է, նախագահը համարում է, որ իրականում չունի քաղաքական մեծամասնության աջակցությունը խորհրդարանում կամ այն իրեն չի օգնում այլևս լուծելու առանցքային քաղաքական խնդիրները: Այդպիսով նախագահը անուղղակիորեն հաստատում է, որ այս պահին խորհրդարանը լեգիտիմ չէ և չի արտացոլում հանրային վստահության իրական քվեն: Բայց այս դեպքում նա պարտավոր էր ոչ թե Կառավարության հրաժարականն ընդունել և նոր վարչապետ նշանակել, այլ ցրել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ: Սա է պահանջում դասական ժողովրդավարության և քաղաքական առողջ պրակտիկայի տրամաբանությունը: Թեև իրականում խորհրդարանը, իր քաղաքական մեծամասնությամբ հանդերձ, իսկապես լեգիտիմ չէ, սակայն ո́չ իշխանությունը և ո́չ էլ անձամբ Սերժ Սարգսյանը դա երբեք չեն խոստովանի:
Մնում է երկրորդ տարբերակը: Այսինքն` այս կոնսուլտացիաները բխում են քաղաքական հաշվարկներից և ունեն բոլորովին այլ, տակտիկական նշանակություն: Նախագահը քաղաքական դաշտը տանում է իշխանությունն իր կողմից աստիճանաբար հանձնելու օրակարգի հարթություն և առաջարկում վարչապետի և նոր կաբինետի նշանակման հարցին մոտենալ հենց այդ տեսանկյունից:
Պատահական չէ, որ ի սկզբանե իշխանությունը վարչապետի կարգավիճակում առաջարկեց հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Իր բոլոր որակներով հանդերձ` Հովիկ Աբրահամյանը գործող Կառավարության հրաժարականը պահանջող ուժերի հետ փոխզիջումային ամենահարմար թեկնածուն էր` հաշվի առնելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած անձնական հարաբերությունների առանձնահատկությունը և նրա հետ ՀՅԴ-ի` գործադիրում աշխատանքի փորձ ունենալու հանգամանքը:
Ինքնին փոխզիջումների գնալու պատրաստակամությունը ցույց է տալիս, որ որքան էլ Սերժ Սարգսյանը ամուր և անխորտակելի է համարում իր իշխանության հիմքերը, դրանում այնքան էլ վստահ չէ և բարձր է գնահատում խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ սոցիալական պայթյունի, դրանով պայմանավորված քաղաքական ապակայունացման և արդյունքում իշխանության համար անկանխատեսելի զարգացումների հնարավորությունը: Այս ուժերին նա անուղղակի առաջարկում է պորտֆելներ ստանալ նոր Կառավարությունում, այլընտրանք կամ ընդդիմադիր լինելուց վերածվել իշխանական ուժերի և պատասխանատվություն ստանձնել նախորդ Կառավարության ձախողման հետևանքների վերացման համար: Դրանով նա միանգամից երկու հարց կլուծի: Նախ` կստեղծի այսպես կոչված ազգային համաձայնության կառավարության իմիտացիա` ցույց տալով, թե նոր Կառավարությունն առաջնորդվելու է հասարակական շահերից բխող պահանջմունքներով, այլ ոչ թե կոնյունկտուրայի շահերով: Երկրորդ` բլոկադայի կենթարկի ԲՀԿ-ին` ցույց տալով, որ այս ամբողջ ընթացքում ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ վերջինիս նախաձեռնություններն ուղղված էին զուտ պաշտոնակռվին և իշխանական կերակրատաշտից օգտվելուն: Հեղինակազրկելով ԲՀԿ-ին և գուցե նաև ՀՅԴ-ին` իշխանությունը չեզոքացնում է սոցիալական բունտի քաղաքական հիմքերը և հասնում առհասարակ ընդդիմության նկատմամբ հանրության հերթական հիասթափությանը: Իսկ դա իշխանությանը սպառնացող վտանգի չեզոքացման անհրաժեշտ պայմաններից է:
Սակայն ԲՀԿ-ն խառնեց Սերժ Սարգսյանի պլանները, որովհետև կայացրեց ոչ ստանդարտ և նախագահի համար անսպասելի որոշում, այն է` առայժմ իշխանության հետ չքննարկել նոր կոալիցիա կազմելու և գործադիրում նոր պորտֆելներ վերցնելու հարցը: Ավելին` մինչ ՀՀԿ-ի գործադիր մարմնում վերջնականապես կորոշվեր վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը, Գագիկ Ծառուկյանը հասավ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն-Տեր Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համատեղ հանդիպմանը` հստակ ցուցադրելով ավելի արմատական դիրքեր գրավելու իր հակվածությունը: Այս հարցում Գագիկ Ծառուկյանը տակտիկական փոքրիկ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Վերջինս փորձելով էլ ավելի համոզիչ դարձնել զիջումների գնալու իր հակվածությունը, ապրիլի 10-ի առաջին կեսին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքների շուրջ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց, թե չի պատրաստվում այլևս երբևէ առաջադրվել նախագահի պաշտոնում, և նույնիսկ եթե սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջնականապես կանգ առնի կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու տարբերակի վրա, ապա ինքը չի հավակնելու նաև գերլիազորություններով օժտվող վարչապետի պաշտոնին: Այսպիսով նախագահը փորձեց համոզել, որ իշխանությունը պահելու մտադրություն չունի, հետևաբար ներկայումս տեղի ունեցող զարգացումները հարկ է ընկալել իր հեռանալու համատեքստում: Պարզ է, որ նման հայտարարությունը չափազանց ուղղակի և լուրջ է` մտածելու համար, որ նա պարզապես ստում է` ընդդիմությանը ծուղակը գցելու համար: Մյուս կողմից, սակայն, որևէ մեկն այնքան միամիտ չէ, որ սրա տակ տեսնի նախագահի կողմից ինքնակամ հեռանալու կապիտուլյացիոն քայլ: Ըստ էության, խոսքը վերաբերում է իշխանության ժառանգորդի հարցի լուծմանը, և Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին հրավիրում է մասնակցելու այդ սահուն գործընթացին` իշխանության նկատմամբ հավակնությունից հրաժարվելը մատուցելով որպես քաղաքական դաշտին և ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ուղղված սկզբունքային զիջում:
Սակայն փաստը, որ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումը կազմակերպեց նախագահի այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո, թույլ է տալիս ենթադրել, որ դրա տակ ԲՀԿ-ն ավելի շատ իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի դիրքերի թուլության, իշխանության խուճապայնության, քան հանդուրժողականության նշաններ է տեսնում և փորձում է հնարավորինս մեծ դիվիդենդներ ձեռք բերել. այսինքն` կամ նախագահին ստիպել իշխանության ավելի մեծ մասը զիջել իրեն, կամ գնալ շատ ավելի հեռու` ամբողջական իշխանափոխության պահանջ ներկայացնել: Վերջին տարբերակն առայժմ խիստ անիրատեսական է թվում, որովհետև ԲՀԿ-ն չի համարձակվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հստակ պահանջ առաջադրել: Եթե նույնիսկ իշխանափոխության խնդիր էլ վերջինս դնում է իր առջև, ապա միայն ներքին, պալատական հեղաշրջման եղանակով կամ ավելի ճիշտ` պայմանավորվածությունների հիման վրա:
ԲՀԿ-ի այս ոչ ստանդարտ քայլը, որը խոսում է Ծառուկյանի` մի փոքր ինքնավստահություն ձեռք բերելու և իշխանության համար ավելի ու ավելի քիչ վերահսկելի դառնալու մասին, ստիպում է նախագահին իրավիճակին շատ ավելի լուրջ և նուրբ մոտենալ` շատ ավելի ճկուն քաղաքականություն իրականացնել: Այն կարող է ստիպել վերանայել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշումը, ինչով էլ կարող է բացատրվել վարչապետի թեկնածության հաստատման որոշումը մինչև առաջիկա երկուշաբթի հետաձգելը: Քաղաքական առևտրի մեծ «շուկա» է բացվել, և պարզ է, որ առաջիկա օրերին կուլիսներում լուրջ սակարկություններ են ընթանալու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել