
«Եթե իմ երեխան սոված է, պարզ է, չէ՞, որ կգնամ հաց կգողանամ»
Ժորա Օրդոյանը փետրվարից ընտանիքով աշխատել է իր 4000քմ ծիրանի այգում: Նախ հողն է փխրեցրել, հետո պարարտացրել է՝ հույս ունենալով, որ առատ բերք կստանա: Սակայն, մարտի վերջի ցրտահարությունից հետո կորցրել է հույսը: Նա հիմա էլ է այգի գնում, բայց արդեն` վնասները հաշվելու համար:
Արարատի մարզի Նարեկ գյուղում վնասները հաշվում են միլիոններով: 100 տոկոսով ցրտահարվել են ծիրանի, դեղձի, սալորի այգիները, խաղողի բերք եւս չեն ակնկալում: Նարեկցիները դեռ սպասում են, որ պաշտոնյաներ կգան իրենց գյուղ, խնդրի լուծում կառաջարկեն:
«Հիմա նկարում եք, լավ եք անում, որ սա կառավարությունը տեսավ, ի՞նչ պիտի անի: Մի անգամ էլ նման բան եղավ` սելավից տուժեցինք, պաշտոնյաները եկան, նայեցին, գնացին ու գնացին»,- կորացած մեջքն ուղղելով` ասում է Ժորան:
Ըստ նրա՝ բնական աղետների դեպքում կաառավարությունը պետք է առաջնահերթ գյուղացու մասին մտածի, բայց չի մտածում: «Մեր վնասները հատուցելու մեխանիզմ պիտի մշակեն: Չենք ասում 100 տոկոսով ու կոպեկ-կոպեկ հատուցեն, բայց այնպես անեն, որ ես էլ չսկեմ, հացի կարոտ չմնամ: Կյանքից հետ ենք ընկնում, իհարկե՝ սոված չենք մնա, մի ուրիշ բան կցանենք, գոնե ուտելիք կունենանք, բայց սա հարցի լուծում չի»,- ավելացնում է Ժորա Օրդոյանը:
Ինչպես բոլոր գյուղերում, Նարեկում էլ գյուղացիական տնտեսությունները պահում են վարկերով: Վերջին տարիներին միայն Նարեկ գյուղում 3 ընտանիք է զրկվել սեփական տնից՝ վարկի մարումները ժամանակին չկատարելու համար:
Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը մտավախություն ունի, որ այս տարի էլ, հնարավոր է, մի քանի ընտանիք զրկվի տնից, քանի որ ցրտահարությունից հետո վարկը մարելու միջոց գյուղացին չունի:
Բանկ-գյուղացի չլուծվող խնդիրը տագնապի մեջ է պահում նաեւ ցրտահարությունից տուժածներին:
«Բանկից վարկեր ենք վերցրել, գոնե չգան խեղդեն: Ես տոկոսներն եմ փակում, բայց մարդ կա մայր գումարն է փակում, ուտելու հաց չունեն այդ մարդիկ, որտեղի՞ց գումարը փակեն»,- նշում է Ժորա Օրդոյանը:
Նարեկի ավագանու անդամ Սմբատ Վարդանյանը, շարունակելով համագյուղացու խոսքը, նշեց, թե ցրտահարությունը հանգեցնելու է արտագաղթի մեծացման, ինչպես նաեւ` հանցագործությունների թվի աճին: «Եթե իմ երեխան սոված է, պարզ է, չէ՞, որ կգնամ Ժորայի տնից հաց կգողանամ, որ երեխաս ուտի: Բացի այդ, արտագաղթն է ավելանալու: Ձեզ պարզ ասեմ` 25 տարեկան տղա ունեմ, այս տարի ուզում էի ամուսնացնել, բայց այս վիճակից հետո տղաս փոշմանեց եւ ուզում է գնալ արտագնա աշխատանքի, որ կարողանանք այս ճգնաժամը հաղթահարել»,- ասում է Ս. Վարդանյանը:
Նրա խոսքով` գյուղացու միակ հույսը աշնան պոմիդորն է, սակայն ոռոգման ջրի խնդիր կա, եւ գյուղացին մի անգամ էլ այդ ժամանակ է վնաս կրում:
«Կառավարությանը խնդրանքով եմ դիմում, որ գոնե հաշվի առնեն ժողովրդի տանջանքը, բանկի գումարները սառեցնեն: Հողի հարկը զիջելով օգուտ չեն տալիս: Ճիշտ է, չեղածից էլի մի բան է, բայց ժողովուրդը գույություն պահելու խնդրի առաջ է կանգնած»,- ավելացրեց Սմբատ Վարդանյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել