
Հայկական ոսկու հետքերով
Հայաստանից ոսկու արտահանումը նշանակալի ծավալներ է ձեռք բերել 2009-ին՝ գերազանցելով տարեկան 1.5 տոննա ծավալը: Մինչ այդ ոսկու արտահանման ծավալները հաշվվում էին կիլոգրամներով: 2011 թվականից սկսած Հայաստանը կայուն արտահանում է 2.5 տոննան գերազանցող ծավալներ: 2013 Հայաստանից արտահանվել է ռեկորդային՝ 2.7 տոննա ոսկի՝ 73.5 մլն դոլար արժեքով (կգ-ը՝ 27.2 հազ. դոլար):
Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանն արտահանում է ոսկու փոշի: Իրականում դա «Դորե» համաձուլվածքն է, որում ոսկու պարունակությունն առնվազն 70% է, մնացածն արծաթ է: Հիմնական արտահանող ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է: Այս ընկերությանը բաժին է ընկնում արտահանվող ոսկու 99%-ից ավելին: Ոսկին արտահանվում է Կանադա, որտեղ վերամշակվում է անգլիական Johnson Matthey հայտնի ընկերության գործարանում, այնուհետ վերավաճառվում Լոնդոնի բորսայում: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության 100 % բաժնետերը օֆշորային Կայմարյան կղզիներում գրանցված «ՖՐՍԹ ԴԱՅՆՍԹԻ ՄԱՅՆՍ ԱՐՄ.ԼԻՄ» ընկերությունն է:
Հայաստանից ոչ մեծ քանակությամբ ոսկու փոշի արտահանվել է նաև Թուրքիա և Իտալիա:
Հայաստանում հայտնաբերված են ոսկու 8 և ոսկի-բազմամետաղային 6 հանքավայրեր: Սոթքի ոսկու հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 155 տոննա, Ամուլսարինը` մոտ 53 տոննա: Խոշոր կարելի է համարել միայն այս երկու հանքավայրերը, սակայն Ամուլսարի շահագործման հեռանկարներն անորոշ են: Մյուս հանքավայրերում ոսկու պաշարները 2-15 տոննայի սահմաններում են: Առայժմ միայն 10 հանքերում է թույլատրված ոսկու արդյունահանում (Տերտերասար, Արմանիս, Սոթք, Մեղրաձոր, Շահումյան, Թուխմանուկ, Մղարթ, Մարջան, Սոֆի-Բինա, Լիճվազք-Թեյ): Այդ 10 հանքավայրերից 4-ը գտնվում են Սյունիքում: Պաշարների սակավության ու ոսկու ցածր պարունակության պատճառով այս հանքավայրերը արդյունաբերական նշանակություն կարող են ստանալ միայն ոսկու միջազգային գների աճի դեպքում: Ներկայում ոսկու տրոյական ունցիան (31.1 գրամ) միջազգային շուկայում գնահատվում է մոտ 1300-1400 դոլար, ինչը մոտ 25%-ով զիջում է անցյալ տարվա գներին:
Ոսկու վերամշակմամբ զբաղվում է նաև Մասիսում գտնվող «ԱՍՍԱԹ» ընկերությունը, սակայն ծավալները մեծ չեն:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել