
Եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ...
«Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով մերձիշխանական անանուն աղբյուրներին` երեկ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ՀՀ հաջորդ վարչապետ է նշանակվելու ԱԺ ներկայիս նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ռուսական լրատվական գործակալության կողմից, որը հանդես է գալիս իբրև Կրեմլի ոչ պաշտոնական տեղեկատվական ռեսուրս, նման տեղեկատվության հրապարակումը կարող է նշանակել երկու բան. կամ Մոսկվան նման կերպ պարզորոշ ուղերձ է հղում Հայաստանի իշխանություններին և հասարակությանը, թե ում է ուզում տեսնել Հայաստանի գործադիր իշխանության ղեկին, կամ, որ շատ ավելի հավանական է, սա հայաստանյան իշխանական վերնախավից Մոսկվային ուղղված «տեղեկատվական խայծ» է` Հովիկ Աբրահամյանի հնարավոր նշանակման վերաբերյալ Կրեմլի վերաբերմունքը հասկանալու նպատակով: Անկախ այն բանից, թե սրանցից որի հետ գործ ունենք, կարելի է փաստել, որ գոնե այս պահին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել հենց Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա: Եվ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանան կամ կուլիսային մակարդակում այլ հանգամանքներ չխանգարեն, Հայաստանի 13-րդ վարչապետ կարող է դառնալ հենց ԱԺ ներկայիս նախագահը:
Տիգրան Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Կենտրոնական բանկում նախագահ Սերժ Սարգսյանը հպանցիկ անդրադաձավ նաև ապագա Կառավարությանը` կատարելով երկու հիմնական նկատառում: Առաջին` Կառավարությունում լինելու են լուրջ փոփոխություններ: Սա նշանակում է, որ նոր կաբինետը առնվազն 50 տոկոսով կազմվելու է նոր մարդկանցից: Երկրորդ` նոր կառավարության նվազագույն խնդիրը լինելու է ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, և պետք է կարողանա վերականգնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ:
Ըստ ամենայնի` հենց հրապարակային մակարդակով այդ խնդիրներն են դրվելու Հովիկ Աբրահամյանի նոր կաբինետի առջև: Սակայն ողջ հարցն այն է` արդյոք Հովիկ Աբրայամյանը կարողություն ունի՞ ապահովելու այդ նվազագույն պահանջների կատարումը, և արդյո՞ք նրա առջև իրականում հենց այդ խնդիրներն են դրվել:
Անկախ` նրա մասին առկա հասարակական ընկալումներից` Աբրահամյանն աչքի է ընկնում կազմակերպչական լուրջ ներուժով, ունի կառավարման ոլորտի երկարամյա փորձառություն, գրեթե ամբողջությամբ տիրապետում է քաղաքական դաշտի բոլոր նյուանսներին և որ ամենակարևորն է` ի տարբերություն Տիգրան Սարգսյանի` ընդգծված քաղաքական ֆիգուր է, ով թե իշխանական նոմենկլատուրայում, թե դրա հենքը կազմող իշխող կուսակցությունում և թե գործարար-օլիգարխիկ շրջանակների նկատմամբ ունի հսկայական ազդեցություն:
Ցանկացած այլ պարագայում նման որակները, ժամանակի ընթացքում ձեռք բերած նման ձիրքը դրանք տիրապետող վարչապետին կօգնեին իրականացնելու իր առջև դրված ցանկացած խնդիր, ձեռնամուխ լինելու ամենահեղափոխական և ռիսկային նախաձեռնություններին ու բարեփոխումներին, կայացնելու ոչ ամբոխահաճո, ոչ պոպուլյար, բայց արդյունավետ որոշումներ:
Սակայն ունենալով հանդերձ այս ամբողջ պոտենցիալը` Հովիկ Աբրահամյանը նոր որակի վարչապետ դառնալու որևէ շանս չունի: Դրա հիմնական պատճառն այն է, որ այդ պոտենցիալը նա մշտապես ծառայեցրել է բացառապես կոնյուկտուրայի շահերին` ընդհուպ այն աստիճանի, որ ինքն իրենով մարմնավորում է ներկայիս իշխանական համակարգը` իր պրիմիտիվ մտածողությամբ, փիլիսոփայությամբ և բոլոր ախտերով: Հովիկ Աբրահամյանը ոչ միայն ինովացիոն մտածողության կրող չէ, այլև բնույթով խիստ կոնսերվատիվ է: Նման վարչապետը ճկուն մտածողություն չունի: Առավելագույնը, ինչին նա ընդունակ է, գործող համակարգի ընթացքը անխափան ապահովելն է` ճիշտ այն վարորդի նման, ով լավ հասկանում է իր մեքենայի մեխանիկական կառուցվածքը, բայց չգիտի որ ուղղությամբ ու ինչ արագությամբ վարել այն: Նա ի զորու է ոչ թե մշակել սոցիալ-տնտեսական ընդհանուր քաղաքականություն, այլ փորձել իրականացնել այն, ինչ կթելադրվի իրեն վերևից: Եթե Տիգրան Սարգսյանի ժամանակ գոնե գիտեինք, որ Կառավարությունն առաջնորդվում է համակարգի համար ցանկացած գնով փող հայթայթելու և այդ փողի շահութաբերությունն ապահովելու` տիպիկ բանկիրի հոգեբանությամբ, ապա ընդհանրապես անհասկանալի է լինելու, թե ինչ քաղաքական ու աշխարհայացքային ուղեգիծ է ունենալու Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, եթե նա նշանակվի վարչապետ:
Սակայն այս նշանակման դրամատիզմը ոչ այդքան «հինգ պակաս» վարչապետի անուղեգիծ լինելն է, որքան փաստը, որ այդ պաշտոնում նրա նշանակումը մարմնավորում է օլիգարխիայի բացարձակ հաղթանակը պետության նկատմամբ ու փաստացի Հայաստանում պլուտոկրատական կառավարման համակարգի հաստատումը:
Հովիկ Աբրահամյանը դասական օլիգարխ է,ունի բացահայտ և թաքնված բազմաթիվ բիզնեսներ, տիրապետում է հսկայական ֆինանսական և կապիտալ կարողությունների: Քանի դեռ նա օրենսդիր մարմնի ղեկավարն էր, թեկուզ ձևականորեն, գործադիր իշխանության նկատմամբ նրա ազդեցությունը սահմանափակ էր` հաշվի առնելով նաև նախկին վարչապետի հետ ունեցած հակամարտությունը և շահերի որոշակի բախումը: Հիմա այդ ազդեցությունը դառնում է բացահայտ և լիարժեք: Իբրև կլասիկ օլիգարխ, նա առաջնորդվելու է թե իր և թե իր դասակարգի շահերի անառարկելի պաշտպանությամբ, քանի որ այդ հնարավորությունները լիարժեքորեն նրան տալիս են գործադիր իշխանության լծակները: Այս նշանակմամբ ամբողջությամբ խախտվելու է շահերի բախման` պետական կառավարման արդյունավետության և կոռուպցիայի դեմ պայքարի համար անկյունաքարային նշանակության ինստիտուտը:
Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման նախնական շրջանում գոնե մի փոքր պայքարում էր օլիգոպոլիաների դեմ: Ի վերջո նա խոստովանեց, որ միայն իր ուժերից վեր է օլիգոպոլիաների դեմ պայքարելը և հանձնվելով հոսանքին` սկսեց դրանից իր համար շահաբաժիններ պոկել: Հովիկ Աբրահամյանը պայքարելու, նման ձևականությունների մեջ ընկնելու խնդիր չունի ի սկզբանե, որովհետև նա չի կարող պայքարել ինքն իր դեմ: Նրան այդ պաշտոնին նշանակում են ոչ թե պայքարելու, այլ օլիգարխիային կառավարելու համար` հաշվի առնելով նրա` ֆինանսական և քաղաքական շահերի բոլոր կենտրոնների համար ընդունելի ֆիգուր լինելու հանգամանքը և անհրաժեշտ պահին կոմպրոմիսներ գտնելու կարողությունը: Գալիք համապետական ընտրություններին ընդառաջ, որոնք գծագրելու են ապագա իշխանության սխեման առնվազն 10 տարվա հեռանկարով, գործող նախագահի համար օլիգարխիայի կենտրոնացված կառավարումը դառնում է կենսական նշանակության հարց, և Հովիկ Աբրահամյանը, նշանակվելու դեպքում, պետք է լուծի այդ խնդիրը:
Նման առաջնահերթությունների պարագայում բարեփոխումների և Կառավարության գործունեության նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու մասին խոսելը, ինչի «պատվերը» նոր Կառավարությանն իջեցնում է նախագահը, պարզապես ծիծաղելի է: Հովիկ Աբրահամյանը Աժ նախագահի պաշտոնում ընտրվելիս իր գերնպատակն էր հռչակել խորհրդարանի հեղինակության բարձրացումը, սակայն բարեհաջող կերպով հասավ դրա գրեթե լիարժեք հեղինակազրկմանը, գործադիր իշխանությունից բացարձակ կախվածությանը, խորհրդարանում քաղաքական բևեռացվածության խորացմանը: Ինքն իր կերպարով նա արդեն խարխլում է Կառավարության և նրա գործունեության նկատմամբ հանրային վստահության հիմքերը: Եթե նախագահն իսկապես հետապնդում է այդ նպատակը, ապա առաջին մարդը, որին չպետք է առաջադրի այդ պաշտոնում, հենց Հովիկ Աբրահամյանն է: Սերժ Սարգսյանը պարզապես չէր կարող չհասկանալ այս հանգամանքը: Եվ այս իմաստով թերևս հարկ է մտածել, որ եթե իսկապես նա մտադիր է հենց Աբրահամյանին նշանակել վարչապետի պաշտոնում, ապա առաջնորդվում է բոլորովին այլ քաղաքական հաշվարկներով:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել