
Ճոճկանի ավագանին պարգևատրել է համայնքապետին, բայց չի հայտնել, թե ինչու
Լոռու մարզի 2000 բնակիչ ունեցող Ճոճկան գյուղը խմելու ջրի իր պահանջները բավարարում է գյուղում գտնվող երկու աղբյուրներից, որոնց ակունքները լեռներում են: Գյուղացիները ողջ օրը դույլերով ջուր են տեղափոխում այդ երկու աղբյուրներից: Համայնքապետ Արկադի Թամազյանը ջրամատակարարումը համարում է Ճոճկանի ամենահրատապ խնդիրը եւ դրա միակ լուծումը տեսնում է Ճոճկանից 7 կմ հեռավորության վրա գտնվող, Շնող գյուղի դաշտամիջյան ճանապարհներով անցնող Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից դեպի Ճոճկան ջրագծի կառուցումը:
Համայնքապետը Ճոճկանի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրով նախատեսել է կառուցել ջրագիծ, սակայն ծրագրում ֆինանսական աղբյուրներ չի կանխատեսել:
«Ջրագծից բացի, այնտեղ պետք է կառուցվի պոմպակայան` ջուրը դեպի Ճոճկան մղելու համար: Ճոճկանում չունենք ջրահավաք ջրամբարներ եւ ջրամատակարարման ներքին ցանց: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջրի ներքին ցանց ունեցել է, փլուզումից հետո այդ ամենը ոչնչացվել է»,- ասում է Ա. Թամազյանը եւ հավելում, որ ջրագիծը կառուցելու համար կպահանջվի առնվազն 1մլն դոլար:
Գյուղի ջրամատակարարման հիմնախնդրի մասին Արկադի Թամազյանը տեղեկացրել է Լոռու մարզպետին եւ Կառավարությանը, սակայն խնդիրը մնում է անլուծելի: Հաջորդ հրատապ խնդիրը Արկադի Թամազյանը համարում է Ճոճկանի մշակույթի տան կապիտալ վերանորոգումը, տանիքն արդեն վերանորոգվել է: Համայնքապետարանի շենքի վերանորոգումն ընդգրկվել է Կառավարության 5-րդ հրատապ ծրագրում եւ շուտով կսկսվեն շենքի ներքին հարդարման աշխատանքները:
Ճոճկանն ունի նաեւ դաշտամիջյան եւ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, գյուղտեխնիկայի նորացման, մանկապարտեզի բակում երեխաների խաղահրապարակի կառուցման, փողոցների լուսավորության եւ այլ խնդիրներ: Գյուղը խորհրդային տարիներից ժառանգել է «Բելոռուս» տրակտոր եւ կոմբայն: «Գյուղմեխանիզացիան վատ վիճակում է, ինքը` մեխանիզատորը շատ ծախս է անում դրա վրա, որի համար ծառայության արժեքը բարձրացնում է»,- բացատրում է Արկադի Թամազյանը:
![]() |
![]() |
Արկադի Թամրազյան |
Լոռու մարզպետարանը պահանջում է հարկերի 100% հավաքագրում: «Ճոճկանցիներն ի վիճակի՞ են 100%-ով վճարել իրենց հարկերը»,- հարցրինք համայնքապետին: Գյուղացիներին բացատրում ենք, եթե իրենց սեփական հարկերը չվճարեն, համայնքը խնդիրներ կունենա՝ մանկապարտեզը, որտեղ 60 երեխա է հաճախում, չենք կարող պահել, հիմա բյուջեից մինչեւ 7 մլն դրամ ենք հատկացնում մանկապարտեզին: Ներկայում երկու խումբ է գործում, բայց պահաջարկն ավելի շատ է, եթե հնարավորություն ունենանք՝ երրորդ խումբը կբացենք»,- ասում է համայնքապետը:
Ճոճկանի 2014թ.-ի բյուջեի եկամուտները նախատեսված է 41,9 մլն դրամ, Կառավարության որոշումով հունիսից պետք է նվազագույն աշխատավարձերը բարձրացվեն: Փոխհատուցումների հարցը, Կառավարության հանձնարարությամբ, պետք է լուծեն համայնքային բյուջեների միջոցով: Արկադի Թամազյանը վստահեցնում է, որ նվազագույն աշխատավարձի փոխհատուցման հարցում համայնքի բյուջեն դժվարություններ չի ունենա: Բյուջեի ապառքն այս պահին կազմում է 26 մլն դրամ: Արկադի Թամազյանը տեղեկացում է, որ 2012թ.-ին համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 35%, 2013թ.-ին` 98,8%: Այս տարվա առաջին եռամսյակում նույնպես համայնքապետարանը դժվարություններ է ունեցել հարկերի հավաքագրման հարցում: «Ճոճկանցիները, որ ասեմ շատ լավ են ապրում, ճիշտ չի լինի, գոյատեւում են, էլի»,- հայտնեց համայնքապետը ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու են դժվարանում հարկերի հավաքագրման հարցում:
Ստեղծված դժվարություններից ելնելով, թվում է, թե գյուղացիների տքնանքով հավաքագրվող բյուջեի նվազ եկամուտները Ճոճկանում պետք է ծախսեն խնայողաբար եւ արդյունավետ: Մինչդեռ, Ճոճկանի ավագանին 2013թ.-ի դեկտեմբերի 23-ի N 58-Ա` Ճոճկանի համայնքի ղեկավարին խրախուսելու մասին որոշմամբ, որոշել է Արկադի Թամազյանին, իր պարտականությունները որակյալ կատարելու համար, որպես խրախուսանք հատկացնել մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար: Նույն` 23.12.2013թ.-ի նիստի 52-Ա որոշմամբ ավագանին համայնքի ղեկավարի աշխատավարձի չափը սահմանել է 205 հազար դրամ:
Հազիվ 1,5 տարի համայնքապետ աշխատած Արկադի Թամազյանին, թե որ որակյալ աշխատանքի համար է համայնքի սուղ բյուջեից 205 հազար դրամ խրախուսանք տրվել, ավագանին իր որոշման մեջ չի անդրադարձել: Սակայն նշել է, որ խրախուսելու որոշումը կայացնելիս ղեկավարվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետով: Վերջինս ավագանուն իրավունք է վերապահում ընդամենը որոշել համայնքի ղեկավարի վարձրատրության չափը, այսինքն՝ աշխատավարձի չափը: Օրենքը ավագանուն որեւէ լիազորություն չի ընձեռում համայնքապետին խրախուսելու համար: Ճոճկան համայնքի ավագանիներ Գեւորգ Անդրեասյանը, Սայադ Առաքելյանը, Գեորգի Գալստյանը եւ Կոստյա Սիրադեղյանը բյուջեի արդյունավետ ծախսերը վերահսկելու փոխարեն, փաստորեն, չարաշահել են իրենց լիազորությունները:
Մեկնաբանել