
Մոլիբդենի ոսկե դարն ավարտված է
Մինչ 2008-2009 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ ֆեռոմոլիբդենը Հայաստանի եկամտի ամենամեծ աղբյուրն էր: Մոլիբդենից եկամուտները գերազանցում էին նունիսկ պղնձից ստացվող եկամուտներին: 2008 թ. մոլիբդենի միջազգային գինը հասավ ռեկորդային բարձր մակարդակի՝ 100 հազ. դոլար 1 տոննայի դիմաց: Սակայն 1 տարվա ընթացքում գինը նվազեց 5-6 անգամ, ու այս առումով կրիտիկական էր 2009 թ.՝ մոլիբդենի գինը մի որոշ ժամանակ ցածր էր նույնիսկ 20 հազ. դոլարից: Մեկ տարում երկիրը կորցրեց մոտ 120 մլն դոլար, ու դա տնտեսական կտրուկ անկմանը նպաստող կարևոր գործոններից էր:
Ներկայում գինը կայունացել է 24-25 հազ. դոլար/տոննա շրջանակներում; 2007-8 թվականների համեմատ՝ Հայաստանը տարեկան մոտ 100-150 մլն դոլար է կորցնում մոլիբդենի արտահանումից: Ըստ որոշ գնահատականների՝ մոլիբդենի գնի անկումը պայմանավորված է Չինաստանի դեմպինգային քաղաքականությամբ:
Հայաստանը գործնականում ամբողջությամբ վերամշակում է տեղական հանքերում արտադրվող մոլիբդենի խտանյութը՝ արտահանելով առավելապես ֆեռոմոլիբդեն (մոլիբդենի 60-65% պարունակությամբ): Ավելին՝ ժամանակ առ ժամանակ Հայաստանը վերամշակման նպատակով մոլիբդենի խտանյութ է ներկրում հարավամերիկյան երկրներից: Դա մոլիբդենի ցածր պարունակությամբ խտանյութն է, որը ոչ բոլոր երկրներում են կարողանում վերամշակել:
Ֆեռոմոլիբդեն արտադրում են երկու գործարաններ՝ «Մաքուր երկաթ» և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»: Ֆեռոմոլիբդենը հիմնականում օգտագործվում է չժանգոտվող պողպատի արտադրության համար:
2013 թ. Հայաստանն արտահանել է 6.7 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն՝ 102.4 մլն դոլարով (տոննան՝ 15.2 հազ. դոլար): Ծավալների առումով սա ռեկորդային է, սակայն գումարային առումով՝ վերջին 7 տարում երկրորդ վատագույն ցուցանիշն է (գերազանցում է միայն 2009 թ. ճգնաժամային ցուցանիշին): Ֆեռոմոլիբդենի հիմնական գնորդներն են Նիդեռլանդներն ու Գերմանիան՝ համապատասխանաբր 58 մլն դոլար և 44.3 մլն դոլար: Առաջին անգամ 2013 թ. ֆեռոմոլիբդեն է առաքվել նաև դեպի Իրան՝ մոտ 6.7 տոննա: Որոշ խմբաքանակ ստացել է նաև Չեխիան: Չինական էքսպանսիայի պատճառով Հայաստանը գործնականում դուրս է եկել ուկրաինական շուկայից, ուր բավական ակտիվ էր մինչ 2009 թ.:
Բացի ֆեռոմոլիբդենից՝ Հայաստանն արտահանում է նաև մոլիբդենի ջարդոն և խտանյութ, սակայն դրանց ծավալները մեծ չեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել