
Ալավերդու ժողգործիքների անսամբլը կորցրել իր երբեմնի համբավը
Ալավերդու ժողգործիքների անսամբլը 1953 թվականին ստեղծել է ալավերդցի աշուղ, հանրահայտ դուդուկահար Ռուբիկ Վարդանյանը: Ժողգործիքների անսամբլի ղեկավարումը 1970-ական թվականներին ստանձնել է ալավերդցի Լազր Խեչիկյանը: «Անսամբլը բավականին մեծ համբավ ու ճանաչում է ունեցել, ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս` միութենական փառատոնների մասնակցության առումով: Թվակազմով, հյուրախաղերի, համերգային ծրագրերի ինտեսիվությամբ, իհարկե, անհամեմատելի են էսօրվա եւ նախկինում ունեցած ցուցանիշները»,- բացատրում է Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Անսամբլն իր գոյության տարիներին հանդես է եկել 2000-ից ավելի համերգներով: Լազր Խեչիկյանը հպարտությամբ ներկայացնում է անցած տարիների ձեռքբերումները. անսամբլի համար աստեղային է եղել 1977թ.-ը, երբ ինքնագործ խմբերի հանրապետական մրցույթի դափնեկիրի կոչում նվաճելուց հետո կոլեկտիվը իրավունք է ստացել մասնակցելու արվեստի եւ գրականության տասնօրյակին` Մոսկվայում: Այստեղ անսամբլին շնորհվել է համամիութենական առաջին կարգի դիպլոմ, գեղարվեստական ղեկավար Լազր Խաչիկյանին շնորհվել է ոսկե մեդալ, դուդուկահարներ Ժորա Ղարիբյանին եւ Գեւորգ Ճուղուրյանին` բրոնզե մեդալներ, մենակատարներին եւ երաժշտական կոլեկտիվի անդամներին` դափնեկրի կոչումներ: «Դափնեկիր դառնալուց հետո անսամբլին շնորհվել է ժողովրդական կոլեկտիվ կոչում»,- պատմում է Լազր Խեչիկյանը: Վերջինս իր նվիրյալ աշխատանքի համար 2008թ.-ին արժանացել է Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչման:
«Խորհրդային տարիների Ալավերդու ժողգործիքների անսամբլը իր մեծ համբավը ձեռք է բերել նաեւ լեռնամետալուրգիական կոմբինատի, «Ախթալշին» տրեստի եւ քաղաքի մյուս արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական աջակցությամբ»,- հիշում է անսամբլի ղեկավարը: Ետխորհրդային տարիներին պատշաճ ուշադրության չարժանանալով` ժողգործիքների անսամբլը կորցրել իր երբեմնի համբավը: Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանն ասում է, որ 2010թ.-ին հասունացել է անսամբլը երիտասարդացնելու խնդիրը եւ դրա հետ կապված ներկայացնում է իր փաստարկները. «Դուդուկահար Ժորա Ղարիբյանը տեսողության խնդիրներ ուներ, նա գրեթե 80 տարեկան էր, գեղարվեստական ղեկավար Լազր Խեչիկյանը խստապահանջությունը կորցրել էր, խմբի որոշ անդամներ ատամներ չունեին, վերջերս արդեն խումբը չէր նայվում»:
Մշակույթի տնօրենի խոսքից նաեւ պարզվեց, որ խմբի որոշ անդամների չի հաջողվել բեմում միշտ մաքուր պահել իրենց, թերեւս միակ կոշիկները: Մշակույթի կենտրոնի տնօրենը կարծում է, որ անսամբլը որակական մեծ հաջողությունների կարող է հասնել երաժիշտների եւ երգիչ կատարողների հաստիքների ավելացման դեպքում: Երեք երգիչ եւ յոթ երաժիշտ ունեցող ժողգործիքների անսամբլը մասնագետ-երաժիշտների կարիք ունի: «Եգոր Մնացականյանը ինքնուս երաժիշտ է, մեր շվիահարը գալիս է Վանաձորի «Հորովել» անսամբլից»,- ներկայացնում է Կարինե Աղաբեկյանը:
Փորձեցինք պարզել Ալավերդու երաժշտական դպրոցների հնարավորությունները անսամբլին երաժիշտ մասնագետներով ապահովելու հարցում: «Տարիներ շարունակ հարց է բարձրացվել, որ թառ, քյամանչա եւ մյուս ժողգործիքների ուսուցում մենք ինչ որ ձեւով ստեղծենք: Այդ հնարավորությունը չի եղել, որովհետեւ երեխաների ծնողներն ավելի շատ հակված են եղել դաշնամուրային բաժնի, ինչ որ տեղ լարային բաժնի, իսկ ժողգործիքները միշտ հետին պլան են մղվել»,- հայտնեց Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Մարգարյանը:
Ըստ տնօրենի 2007-2008 ուստարում մշակույթի նախարարությունը դպրոցին ազգային նվագարանների գծով 10 անվճար տեղ է տրամադրել` այդ թվում 2 շվիի, 4 քանոնի, 2 թառի եւ 2 քյամանչայի տեղեր: Հռիփսիմե Մարգարյանը ենթադրում էր, որ կրթությունը շարունակելուց հետո այդ երեխաները կաշխատեն Ալավերդու ժողգործիքների անսամբլում: Քաղաքապետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ անտեսել են ժողգործիքների անսամբլի երաժիշտների ու երգիչների փոխարինողների նախապատրաստման հարցը:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը թեեւ կարծում է, որ նախկին եւ ներկա անսամբլների ցուցանիշներն անհամեմատելի են, սակայն ասում է, որ դժգոհ չէ անսամբլի ներկա որակից: Քաղաքապետը Ալավերդի համայնքի 2014թ.-ի բյուջեից 11 հաստիքային միավոր ունեցող Ալավերդու ժողգործիքների անսամբլի տարվա 8 ամիսների աշխատավարձի համար նախատեսել է 6 մլն դրամ: «Հիմա, իհարկե, ժողգործիքների անսամբլի առաջին խնդիրը տարվա 12 ամիսների համար վարձատրության աշխատանքային պայմանագիր կնքելն է»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:
«Մանես» հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանից տեղեկացանք, որ 2013թ.-ին հիմնադրամի միջոցներից քաղաքի մշակութային հիմնարկներին հատկացվել է 13 մլն դրամ: Դրանից 7,9 մլն դրամը ներդրվել է Ալավերդու գեղարվեստի դպրոցի շենքի նորոգման համար: Գումարի մնացած մասը ծախսվել է մշակութային օջախների միջոցառումները կազմակերպելու եւ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հիմնադրամը 2013թ.-ին ժողգործիքների անսամբլին ֆինանսական նշանակալից աջակցություն չի ցուցաբերել: Ավետ Թամազյանը ակնածանքով հիշեց Ալավերդու ժողգործիքների նախկին անսամբլի համբավը, սակայն կարեւորեց նաեւ վերջինիս երիտասարդացման խնդիրը: Հիշեցնենք, որ հիմնադրամի գլխավոր բարերարը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն է:
Մեկնաբանել