
Ինչ տանուլ տվեց և շահեց Հայաստանը ՄԱԿ-ում
Հայաստանն այն տասնմեկ երկրների ցանկում էր, որոնք երեկ դեմ քվեարկեցին Ուկրաինայի և մի քանի երկրների համահեղինակությամբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանը ներկայացված բանաձևին: Մինչդեռ նախօրեին արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էին, որ Հայաստանն այդ բանաձևին ձեռնպահ է քվեարկելու: Սա նշանակում է, որ դեմ քվեարկելու որոշումը կայացվել է վերջին պահին, ամենայն հավանականությամբ` Մոսկվայի ուղղակի ճնշումների ներքո: Բանաձևին Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը և Սիրիան: Սրանք այն երկրներն են, որոնց միջազգային հանրությունն անվանում է բռնատիրական ռեժիմներով օժտված, և որոնցից յուրաքանչյուրի համար Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն` առաջին հերթին հենց ռեժիմների պահպանման տեսանկյունից: Պարզ երևում է, որ նրանք այդպես են քվեարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները չվտանգելու նկատառումներով, այլ ոչ թե Ղրիմի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և հարգելու սկզբունքից ելնելով: Նրանք պարզապես դեմ են քվեարկել, որովհետև այդ ակնկալիքը նրանցից ունեցել է Մոսկվան:
Հայաստանի համար ևս ելակետային նշանակությունն է ունեցել հայ-ռուսական հարաբերություններին չվնասելու գործոնը, ավելի ճիշտ` Կրեմլից այդ հարցում ունեցած անասելի վախի զգացողությունը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը, զուտ սկզբունքներից ելնելով, ուներ դեմ քվեարկելու բարոյական և քաղաքական իրավունքը, որը նրան տալիս էր ուկրաինական բանաձևի բովանդակությունը: Իսկ այն ոչ թե առաջադրում էր Ղրիմը Ռուսաստանին կցելու, այլ անցկացված հանրաքվեի լեգիտմության հարցը: Ուկրաինան Գերագույն Ասամբլեային այդ բանաձևով առաջարկում էր չճանաչել Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները և համարել, որ այն չի կարող Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի որևէ փոփոխության հիմք ծառայել: Այսինքն` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հանրաքվեին` ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որը պատասխանում է այն հարցին, թե արդյոք Ղրիմն ուներ հանրաքվե անցկացնելու և դրա միջոցով իր անկախությունը հռչակելու իրավունք: Եթե Հայաստանը կողմ քվեարկեր այդ բանաձևին, կամա թե ակամա պաշտպանելու էր պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը: Իսկ դա հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը միջազգային հանրության կողից ճանաչելուն հասնելու Հայաստանի քաղաքականությանը: Դա անուղղակիորեն նշանակելու էր չճանաչել 1991թ. ԼՂ-ում անցկացված հանրաքվեն, որը, իմիջիայլոց, միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխանության առումով ուղղակի անհամեմատելի է դրանից հետո տարբեր սուբյեկտների կողմից իրականացված ցանկացած հանրաքվեի կամ ինքնորոշմանն ուղղված պրոցեսների հետ: Ադրբեջանը ևս ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիր: Բայց ԳԱ-ում այն կողմ քվեարկեց ուկրաինական բանաձևին` հիմնավորելով դա հենց ԼՂ գործոնով, այսինքն` պատճառաբանելով, թե չի կարող այլ կերպ վարվել, քանի որ ունի Ադրբեջանին պատկանող ԼՂ-ի «օկուպացման» խնդիր: Եթե միջազգային հանրության համար հասկանալի է Բաքվի այս դիրքրոշումը, ապա պետք է որ հասկանալի լինի նաև Երևանի մոտեցումը:
Կարելի է, իհարկե, Ռուսաստանին ցանկացած պարագայում քննադատելու մղումներից ելնելով` արդարանալ, թե Ղրիմում տեղի ունեցածը իրական հանրաքվե չէ, քանի որ իրականացվել է ռուսական ավտոմատների փողերի ներքո: Դա, իհարկե, ճշմարտություն է: Բայց նույնանման ճշմարտություն է, որ նախ` Ղրիմի ազգաբնակչության մեծամասնությունն իր կամքով է քվեարկել անկախացման օգտին` տեսնելով ՌԴ-ին միանալու հեռանկարը, և երկրորդ` եթե ռուսական զինուժի ներկայությունը Ղրիմում չլիներ, դրա փոխարեն այնտեղ էր լինելու ուկրաինական զինուժը: Արդյոք այն ժամանակ, եթե ղրիմցիները ցանկություն հայտնեին հանրաքվե անցկացնելու, Կիևի կողմից այդ կամքի ճնշումը միջազգային հանրությունը գնահատելու էր որպես քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքի խախտում: Պատասխանն առավել քան ակնհայտ է: Բայց ամենակարևորն այն է, որ այսօրվա աշխարհում էականը ոչ թե սկզբունքներն, միջազգային իրավունքը, այլ դրանց մեկնաբանությունները: Եվ եթե աշխարհաքաղաքական կենտրոններին պետք եղավ, զուգահեռները կանցկացվեն անկախ մեր կամքից` դրանից բխող հետևանքներով:
Հետևաբար, վերոնշյալը չի նշանակում, թե Հայաստանը պարտադիր կերպով պետք է դեմ քվեարկեր ՄԱԿ-ում, և որ դա ամենաճիշտ որոշումն էր` անկախ դրա քաղաքական ու բարոյական իրավունքն ունենալու հանգամանքից: Իրական քաղաքականությունն ավելի դաժան է և բազմաշերտ, քան իրականությունը զուտ ճշտի և սխալի պրիզմայով գնահատելը: Եվ այս իմաստով լավագույն լուծումը պետք է լիներ ձեռնպահ քվեարկելը: Դրանով նախ Հայաստանը չէր հակադրվելու ինքնորոշման իրավունքը միանշանակ պաշտպանելու սկզբունքային մոտեցմանը: Երկրորդ` շեշտվելու էր, որ Հայաստանն ունակ է արտաքին քիչ թե շատ անկախ քաղաքականություն վարել: Եվ երրորդ` Երևանը կխուսափեր Արևմուտքի հետ կառուցողական հարաբերությունները զարգացնելու կամուրջներն այրելուց և բռնատիրական երկրների հետ ասոցացվելու ամոթալի իրողությունից: Այս քվեարկությամբ Հայաստանը կարծես թե վերջնականապես ընտրեց իր արտաքին քաղաքական վեկտորը, որի ողջ իմաստը սեփական վեկտոր չունենալն է և հարմարավետ տեղավորվեց Ռուսաստանի նստատեղի տակ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել