
Ավտոշարասյուներ, թիկնազորներ և չարտերային թռիչքներ. ինչու դրանք կան Հայաստանում ու չկան Եվրոպայում
Վերջին ամիսներին մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են մեր պետական բյուջեից հարյուրավոր միլիոններ ծախսվում վարչապետի և այլ պաշտոնյաների ուղևորությունների համար:
Այսպիսով, օրինակ Սոչիի օլիմպիադային մեկնելու նպատակով ՀՀ վարչապետի համար վարձակալվել էր «Էյր Արմենիա»-ի մի օդանավ, ինչը մեր բյուջեի վրա նստել էր մոտ 9 միլիոն դրամ:
Նույնը նաև վերաբերում է պաշտոնյաների անվտանգությանը` զրահապատ մեքենաներ, թանկ ավտոշարասյուներ, փակվող փողոցներ և այլն:
Որ ի՞նչ անեն
Այստեղ ակամայից հարց է ծագում, թե ինչ կլիներ Տիգրան Սարգսյանին, եթե նա Սոչի թռչեր սովորական չվերթով` բոլոր մահկանացուների պես, իսկ քսան հազար դոլարը մի օգտակար տեղ ծախսվեր:
Կամ ի՞նչ կլիներ նույն ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին ու մի շարք այլ պաշտոնյաների, եթե իրենք հայրենի երկրով երթևեկեին առավել համեստ ավտոշարասյուներով:
Ակնհայտ է, որ որևէ մեկը ոստիկանապետի վրա մահափորձ չի կատարի, եթե նա 3-4 մեքենայանոց ավտոշարասյան տեղը մի մեքենայով երթևեկի… Նույն կերպ ակնհայտ է, որ Երևան-Սոչի ռեյսային ինքնաթիռը նույն կերպ վարչապետին կհասցնի Սոչի, ինչպես վարձակալած 9 միլիոնանոց չարտերային ինքնաթիռը:
Շքեղության համար բյուջե ունենք
Բոլորս հիշում ենք Վիկտոր Յանուկովիչի ոսկյա տնքաթասերը (ունիտազները): Ձեզ թվում է, որ մեր երկրի իշխանությունները հեռո՞ւ են դրանից: Եթե այո, ապա դուք սխալվում եք:
Այնպիսի գնումներ, ինչպիսին են 2 հազար դոլլարանոց խմիչքներ, 20 միլիոն դրամանոց վարագույրներ, մի քանի հարյուր հազար դոլլար արժողությամբ ավտոմեքենաներ, 25 միլիոն դրամանոց ոսկեզոծ դահլիճներ, հատը 500 դոլլարանոց անվադողեր և մեր համեստ հնարավորությունների տեր երկրին «վայել» մի շարք այլ գնումների մասին տեղեկություններ կարելի է գտնել կառավարության պաշտոնական կայքում:
Գնումներ, որոնք կատարվել են հարկատուներիս հաշվին և որոնց մի մասին մենք դեռ կանրադառնանք:
Արևմուտքում
Այսպիսով, անրադառնալով բուն թեմային, նշենք, որ քանի դեռ մեր նախարարները, վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը երթևեկում են զրահապատ ավտոշարասյուներով, եվրոպական մի շարք երկրների իրենց կոլեգաները աշխատանքի են գնում հեծանվով` առանց թիկնազորի:
Օրինակ, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներն ու նախարարների զգալի մասը աշխատանքի են գնում հեծանվով: Այո, այո, այդ հարուստ երկրների ղեկավարները երթևեկում են ոչ թե զրահապատ «Մերսեդես»-ներով և 10 ավտոյանոց ավտոշարասյուներով, այլ սովորական հեծանվով:
Ընդ որում, բացառությամբ Բրիտանիայի վարչապետի՝ (ով միջուկային գերտերության առաջնորդ է) մնացած ղեկավարները հեծանվով աշխատանքի գնալուց անգամ թիկնազորի ծառայություններից չեն օգտվում:
Անգամ ավելին, Գերմանիայի ռայխսկանցլեր և ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, ով գրավել էր համարյա ամբողջ Եվրոպան, իր հայրենիքում երթևեկում էր երեք մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով… Իսկ Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի ավտոշարասյունը ընդհամենը 3 ավտոմեքենա է և 4 մոտոցիկլ:
Ոչ Անգելա Մերկելի, ոչ Ադոլֆ Հիտլերի, ոչ էլ եվրոպական որևէ այլ երկրի ղեկավարի ավտոշարասյան համար փողոցները նախապես չեն փակվում:
Սակայն, արի ու տես, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ անգամ ԱԺ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի, մի շարք նախարարների ու պատգամավորների անվտանգությունը սեփական հողի վրա պահպանվում է ավելի ուժեղ, քան բազմաթիվ ենրոպական երկրների ղեկավարներինը…
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու մի շարք այլ միջուկային գերտերությունների առաջնորդների անվտանգությունն ու ավտոշարասյուները շատ ավելի համեստ են, քան, ասենք, Հայաստանում որոշ օլիգարխների, պատգամավորների կամ նախարարների:
Ուկրաինան
Հետևությունների ու եզրակացությունների փոխարեն բերենք Ուկրաինայի օրինակը: Ինչպես գիտեք, մի ամիս առաջ այդ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Այդ երկրի գահընկեց արված նախագահն ու վարչապետը երթևեկում էին 10-ից ավելի ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուներով: Իրենց երթևեկության համար փակվում էին փողոցներ, ինչը զայրացնում էր կիևցիներին:
Սակայն հարցին բավականին այլ կերպ են մոտենում նոր իշխանությունները:
Հայաստանից բնակչությամբ, տարածքով և պետական բյուջեով ուղիղ 20 անգամ մեծ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ոչ միայն չունի մեծ ավտոշարասյուներ (միայն 3 ավտոմեքենա) կամ սեփական ինքնաթիռներ, այլ անգամ միջազգային գործուղումների մեկնում է սովորական թռիչքներով:
Ուկրաինայի օրինակը վառ օրինսկ էայն բանի, թե երկրների ինչպիսի ղեկավարներն են պահում մեծ թիկնազոր, թռչում չարտերային ինքնաթիռներով և ահռելի ավտոշարասյուներով երթևեկում իրենց համար փակված փողոցներով:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել