
Միմոսության և արժանապատիվ կեցվածքի արանքում
2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին, Հայաստանին հաջողվեց խուսափել դիրքորոշում արտահայտելուց: Այն ժամանակ «փրկեց» երկու հիմնական գործոն: Առաջին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությունը և այն փաստը, որ որդեգրելով խնդրի խաղաղ հանգուցալուծումը` Հայաստանն ինքը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը` բանակցություններին չվնասելու պատճառաբանությամբ: Երկրորդ` այն ժամանակ խնդիրը, ըստ էության, ոչ թե Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն էր, այլ դա միակողմանիորեն անելու` Մոսկվայի քայլը լեգիտիմացնելը կամ չարդարացնելը:
Ղրիմի հարցը մի փոքր այլ է, որովհետև ուղղակիորեն առնչվում է հանրաքվեի միջոցով ղրիմցիների ինքնորոշման իրավունքին: Այս իմաստով Հայաստանը չէր կարող խուլ ու համր ձևանալ, գլուխը մտցնել ավազների մեջ ու ջայլամի նման մտածել, թե եթե ինքն իրեն չի տեսնում, մյուսները ևս չեն նկատում: Մի իրավիճակում, երբ ողջ աշխարհը, ըստ էության, փորձում է դիրքավորվել աշխարհաքաղաքական բևեռացման ներկայիս պրոցեսում, որի շրջանակում Ղրիմի հարցը հերթական զտիչի դերն է կատարում, նման բան հուսալը ոչ թե նույնիսկ միամտություն, այլև պարզագույն մանկամտություն է: Հայաստանը չէր կարող նաև համաձայնել միջազգային հանրության տեսակետին ոչ միայն այն պատճառով, որ դրանով Ռուսաստանին ճանաչելու էր ագրեսոր, իսկ Ղրիմում նրա գործողությունները` բացահայտ անեքսիա` դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետևանքներով, այլև առաջին հերթին` որովհետև դա ուղղակի նշանակելու էր ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձնել տարածքային ամբողջականության սկզբունքից ածանցյալ այն դեպքում, երբ ինքնին հակասում է մեր ազգային շահերին:
ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը Ղրիմի հանրաքվեն համարեց «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ»: Փաստորեն, խնդրո առարկայի վերաբերյալ հենց այսպիսին է Հայաստանի պաշտոնական տեսակետը: Անկախ տարատեսակ մեկնաբանություններից` պարզ երևում է, որ այստեղ խոսքը եղել է բացառապես ղրիմցիների` հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու իրավունքը ճանաչելու, այլ ոչ թե դրան հետևած պրոցեսների մասին, մասնավորապես` ՌԴ կազմի մեջ մտնելու նպատակով Ղրիմի իշխանությունների կողմից Մոսկվային դիմելու և այն բավարարելու որոշումների: Դրանց վերաբերյալ Հայաստանը որևէ տեսակետ, բարեբախտաբար, դեռևս չի արտահայտել: Այդ հանրաքվեի արդյունքում Ղրիմի բնակչությունը տեսականորեն կարող էր կայացնել նաև ճիշտ հակառակ որոշումը` մնալ Ուկրաինայի կազմում: Կասկած անգամ լինել չի կարող, որ եթե Ղրիմը ինչ-որ հրաշքով հենց այդպիսի որոշում ընդուներ, թե Կիևը և թե միջազգային հանրությունը միանշանակ ողջունելու էին` նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ դրանով լեգիտիմացնում են բուն հանրաքվեի անցկացման իրավունքը, և որ մինչ այդ պլեբիսցիտը ճանաչել էին Ուկրաինայի սահմանադրությանը հակասող: Հետևաբար, տվյալ դեպքում էականը ոչ թե որոշման բովանդակությունն է, այլ ինքնորոշման միակ իրավական գործիքի` հանրաքվեի անցկացման իրավունքի իրացումը:
Ղարաբաղյան հիմնահարց ունենալու պարագայում ազգային շահը թելադրում է առաջնորդվել այդ իրավունքը պաշտպանելու սկզբունքով: Կարվի դա բացահայտորեն, թե թաքնված, արդեն երկրորդական է` կախված իրավիճակից, հանգամանքներից և քաղաքական նպատակահարմարությունից: Այն երկրները, որոնք այս կամ այն չափով առնչվում են անջատողական և տարածքային ներքին խնդիրների, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու սկզբունքը թմբկահարելիս առանձնապես չեն երկմտում: Եվ դա բազմիցս, այդ թվում նաև Ուկրաինայի մասով, դրսևորվել է հենց ԼՂ հիմնահարցի շրջանակում: Բայց դրա համար հայկական կողմը նրանցից որևէ մեկին նոտա չի հղել, նման որևէ երկրի հետ հարաբերությունները չի խզել: Ինչպես այդ երկրներն են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելով հանդերձ հայտարարում, թե խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, այնպես էլ Երևանը կարող է նախապատվությունը ինքնորոշման իրավունքին տալով ասել, թե խնդիրը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակում` խաղաղ բանակցությունների միջոցով:
Հայաստանի խնդիրն այն է, որ այս ուղեգիծը պաշտպանի` առանց նման երկրների հետ առճակատման մեջ մտնելու, ինչը, բնականաբար, ենթադրում է մանևրել և դիվանագիտական ճկունություն ցուցաբերել: Կարելիէ քննարկել` ինչքանով է դա Երևանին հաջողվում, ինչքանով` ոչ, որքանով էր նախագահի դիրքորոշումը ճկուն, որքանով` ոչ: Մինչդեռ Արցախը նման նրբանկատություն հանդես բերելու խնդիր չունի: Այդ արտոնությունը նրան տալիս է չճանաչված լինելու հանգամանքը: Ավելին, սրանք հենց այն դեպքերն են, երբ ամենաբարձրը պետք է խոսի Արցախը, որն արդեն իսկ գնացել է զիջման` թույլ տալով Հայաստանին ու Ադրբեջանին շրջանցել դեռևս 1991թ. դեկտեմբերին անցկացրած հանրաքվեն, դրա արդյունքները և բանակցել, ըստ էության, այդ հանրաքվեն անտեսող կարգավորման նոր սկզբունքների շուրջ: Բարձրաձայնելու համար որևէ նշանակություն չունի` երկրագնդի որ կետում է տեղի ունենում ինքնորոշման պրոցեսը, և գերտերություններից կամ աշխարհաքաղաքական բևեռներից որ մեկի ականջներն են երևում դրա թիկունքից:
Արցախն իրավունք ունի նաև տոնակատարություն կամ համերգ կազմակերպելով ողջունել այլ կետերում հանրաքվեների անցկացման, այսինքն` ինքնորոշման սկզբունքի հերթական հաղթանակները, ինչն իր մասին հիշեցնելու և միջազգայնացվելու չարգելված ձև է: Բայց դա արդարացված է միայն այն դեպքում, երբ հատվածական բնույթ չունի: Եթե Ղրիմի ինքնորոշման դեպքում կարելի է համերգ կազմակերպել, ապա դրանից առաջ դա պետք էր անել Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի ինքնորոշման հաղթանակներից հետո: Հակառակ դեպքում այդ ամենը թվում է միմոսություն` զուտ Ռուսաստանին հաճոյանալու համար, ինչն արդեն հարված է սեփական դիրքերին, որովհետև կարող է մեկնաբանվել որպես ոչ այնքան Ղրիմի ազգաբնակչության հանրաքվեի իրավունքի պաշտպանությանն ուղղված ձեռնարկ, որքան այդ երկրամասն իրեն միացնելու` Ռուսաստանի «դատավճիռն» արդարացնելու և ողջունելու: Նման հատվածականության պարագայում չպետք է զարմանալ, թե ինչու հանկարծ սկսեցին գլուխ բարձրացնել և տոն տալ զորիբալայանական նամակների ոգով տոգորված շրջանակները, որոնք պատրաստ են աճուրդի հանել Արցախի ազատագրման համար թափված արյունը, նահատակների հիշատակը, այդ ամենն իմաստազրկել` ԼՂՀ-ն Ռուաստանին կամ որևէ այլ երկրի հանձնելու պահանջարկ ստեղծելով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել