
«Հյուրասիրություն» սովորույթի առաջացման և տարածման հիմնական պատճառների մասին
Ինչու՞ որոշ ազգեր ավելի հյուրասեր են, քան՝ մյուսները, ինչու՞ բնակչության որոշ խավերի հատուկ է հյուրասիրությունը, իսկ այլ խավերի՝ այն բնորոշ չէ, ինչու՞ գյուղաբնակը ավելի հյուրասեր է քաղաքաբնակից: Հայտնի է, որ հայերը հպարտանում են իրենց հյուրասիրությամբ: «Հյուրասիրություն» բառը հայերենում հաճախ օգտագործվում է նույն նշանակությամբ, ինչ՝ «հյուրընկալությունը», որի պատճառով վերջինս պակաս գործածական է: Սա, փաստորեն, ոչ թե լեզվական էվոլյուցիա է, այլ ժողովրդի մեջ արմատացած ավանդույթների արտահայտություն: Ըստ այդ ավանդույթների՝ հյուր ընդունելը պարտադիր պետք է ուղեկցվի հյուրասիրությամբ, իսկ հյուրասիրելը շատ հաճախ ուղեկցվում է օթևանի տրամադրման և այլ ծառայությունների մատուցման պատրաստակամությամբ: Իզուր չէ, որ «հյուրասեր» բառի արմատներից մեկը «սեր» բառն է: Ռուսերեն տեքստում, օրինակ, այս հոդվածը պետք է վերնագրվեր «гостеприимство» («հյուրընկալություն»), այլ ոչ թե՝ «угащение» (հյուրասիրություն), քանզի ռուսերեն լեզվում այդ երկու բառերը այդչափ սերտաճած չեն, ինչպես՝ հայերենում:
Հյուրասիրության ստրկական ծագումը
Նախնադարյան մարդը հյուրասեր չի եղել: Ընդհակառակը, գոյատևման համար մշտական պայքարը և միջոցների պակասը մարդու մեջ զարգացրել են ուժային խլման մեխանիզմը, ոչ թե՝ նյութական բարիքներից կամավոր հրաժարումը: Սակայն բազմաթիվ ցեղեր և ազգեր բավական երկար պատմական ժամանակաշրջանում պարբերաբար ենթարկվել են հարձակումների և կողոպուտի, գտնվել են այլ ազգի տիրապետման ներքո: Նրանց մոտ աստիճանաբար ծագում և «ներդրվում է» «տալու» մեխանիզմը: Հենց այդ մեխանիզմն էլ կանխորոշում է հյուրասիրության այն ձևը, որ կարելի է անվանել «հյուրասիրություն օտարին»: Եվ ընդհակառակը, այն ազգերը, որոնք կարողացել են հասնել ռազմա-քաղաքական գերակայության այլ ազգերի հանդեպ, օտարների հանդեպ հյուրասիրության չափից ավելի հակվածություն չունեն և նույնիսկ տանտիրոջ կարգավիճակում նրանք հակված են ընդունել, այլ ոչ թե՝ տրամադրել ծառայություններ:
Հայտնի է, որ աղքատներն ավելի հյուրասեր են, քան՝ հարուստները: Բնակչության առավել իրավազուրկ, առավել անպաշտպան խավերի մեջ ժամանակի ընթացքում նույնպես հասունանում է «տալու» մեխանիզմը: Այն իրականանում է հիմնականում բարձր հարկերի և դրա հետ կապված բռնաճնշումների միջոցով: Դա կարելի է համարել «հարկային հյուրասիրություն» (պատահական չէ, որ հարկային չինովնիկներն ամենաանհյուրասեր մարդիկ են):
Ընդհանրապես, հյուրասիրության «ստրկական» ծագման մասին կարծիքը բավական տարածված է և դրանում, գուցեև ճշմարտության հատիկ կա: Սակայն այն լիարժեք չի բնորոշում երևույթը և որպես գիտական վարկած չի ծառայում:
Հյուրասիրության տնտեսական նախադրյաները
Գյուղատնտեսական բարիքների առատությունը (ավելցուկը) և դրանց իրացման դժվարությունները նպաստել են հյուրասիրության տարածմանը: Հին դարերից բազմաթիվ վկայություններ են պահպանվել այս կամ այն ցեղի կամ ազգի մոտ գյուղամթերքների առատության մասին: Այդպիսի ժամանակաշրջանները տևել են տասնամյակներ և անգամ դարեր: Ցեղային դեմոկրատիայի պայմաններում ավելցուկը կուտակվում է ոչ թե մեկի, այլ ցեղի բոլոր անդամների մոտ, ու դա հզոր խթան էր հյուրասիրության, որպես սովորույթի, արմատավորման համար: Նույնիսկ մեր ժամանակներում հեռավոր գյուղերում հանդիպում է որոշ գյուղմթերքների մշտական կամ ժամանակավոր ավելցուկ, որ տարբեր պատճառներով ձեռնտու չէ վաճառքի հանել (տրանսպորտային խնդիրներ, ոչ մեծ ծավալներ, ոչ հիմնական արտադրանք և այլն): Սովորաբար այդ ավելցուկները հաճույքով օգտագործվում են հյուրասիրության նպատակով: Այն ճիշտ կլինի անվանել «գյուղական հյուրասիրություն», քանզի քաղաքաբնակներին, որ սննդամթերքի պաշարներ կուտակում են միայն անհրաժեշտության չափով, այն բնորոշ չէ; Ինքնին հասկանալի է նաև, որ դրամական հարաբերությունների զարգացումը հակադարձ համեմատական է հյուրասիրությանը: Սա է հիմնական պատճառներից մեկը, որ գյուղաբնակներն ավելի հյուրասեր են քաղաքաբնակներից:
Հյուրասիրությունը՝ որպես կրոնական պաշտամունք
Մինչքրիստոնեական շրջանում որոշ ցեղեր և ազգեր հյուրասիրությունը դարձրել են պաշտամունք: Հայկական դիցարանի հիմնական աստվածություններից մեկը հյուրասիրության աստված Վանատուրն է: Նրա տաճարին (գտնվել է Բագրևանդ գավառում՝ Նպար լեռան ստորոտին գտնվող Բագավանում) կից կառուցվել են իջևանատներ և հյուրատներ, ուր առանց որևէ վճարի կարող էին օթևանել հյուրերը և պարզապես ճամփորդները (Վանատուր անունը նշանակում է ապաստան տվող): Վանատուրը պատժում էր հյուրընկալության սուրբ կանոնները խախտողներին և օրհնում հյուրասերներին: Վանատուրի տոնը նշվել է Նավասարդ ամսվա մեկին (հին հայկական տոմարով նոր տարվա առաջին օրը, ժամանակակից տոմարով օգոստոսի 11-ն է), որ կապված է նաև բերքահավաքի հետ: Այս հանգամանքը կարևոր է այն առումով, որ հայերի մոտ հյուրասիրության պաշտամունքը (ավանդույթը) սերտորեն առնչվել է առատության և բարեկեցության ժողովրդական ցանկություններին:
Հարկ է նշել, որ հայերին հարևան ազգերի մոտ հյուրասիրության առանձին աստվածներ չեն եղել: Հունական դիցարանում, օրինակ, գլխավոր աստված Զևսը միաժամանակ հանդիսացել է հյուրասիրության (նաև ընտանեկան կյանքի ու բարոյականության) աստված-պաշտպանը, նույնը՝ հռոմեական գլխավոր աստված Յուպիտերը: Իրանական դիցարանում ևս հյուրասիրության աստվածը բացակայում է: Այսպիսի դեպքերում հյուրասիրության պաշտամունքը, որպես կանոն, իրականացվել է կամ այլ աստծո, կամ ավելի ստորակարգ պաշտամունքային էության միջոցով (ոգի և այլն): Ամենայն հավանականությամբ՝ հյուրասիրության պաշտամունքի առաջացումը տեղի է ունեցել տոհմա-ցեղային հարաբերությունների քայքայման և տոտեմիզմից (կենդանիների պաշտամունք) հրաժարման շրջանում: Սակայն միայն հայերի մոտ այն հասցվել է դիցարանի հիմնական աստվածության աստիճանի, անհերքելի ապացույց այն բանի, որ հայերը իրենց հյուրասիրությամբ աչքի են ընկել արդեն հին դարերում:
Քրիստոնեությունը, որպես միաստվածություն, հրաժարվել է հյուրասիրության պաշտամունքից, սակայն այն դասել է քրիստոնեական հիմնական առաքինությունների թվում, որի մասին Աստվածաշնչում բազմաթիվ վկայություններ կան: Պողոս Առաքյալի թղթերում, օրինակ, առկա են հետևյալ տողերը. «Եպիսկոպոսը պետք է լինի, մեկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ…»:*
Հյուրասիրության իրավա-քաղաքական ակունքները
Վասալը միշտ էլ պարտավոր է եղել հյուրասիրել տիրոջը, չնայած տերը այդպիսի պարտավորություն չի ստանձնում: Տվյալ դեպքում հյուրասիրությունը վկայում է տանտիրոջ և հյուրի տեղերը իշխանության հիերարխիկ սանդղակում: Այդպիսի հյուրասիրությունը կարելի է անվանել բարձրաստիճան պաշտոնատար անձի ընդունելության ձև (օրինակ՝ երկրի նախագահն այցելում է մարզ, իսկ մարզպետը կազմակերպում է հյուրասիրություն):
Հյուրասիրությունը միջազգային դիվանագիտության մշտական ուղեկիցն է, օտարերկրյա պատվիրակությունների ընդունման արարողակարգի անքակտելի մասը: Այս ավանդույթի արմատները նույնպես ընթանում են պատմության խորքերը: Սակայն հայ ժողովրդի պատմությունը պահպանել է նաև այնպիսի փաստեր, ինչպես Պապ թագավորի սպանություն բյուզանդական զորավարի վրանում, հենց հյուրասիրության պահին ու գինու գավաթը ձեռքին:
Հյուրընկալության ու հյուրասիրության սովորույթն է ընկած նաև քաղաքական ապաստանի տրամադրման հիմքում, որ միջազգային հումանիտար իրավունքի կարևոր ոլորտներից է: Այս առումով ուշագրավ է Աստվածաշնչում նկարագրված Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման պատմությունը: Աստծու հրեշտակներից երկուսը այցելում են Սոդոմ քաղաքը: Ղովտը ստիպում է հյուրերին իր տանը օթևանել, հյուրասիրում է նրանց ճաշով: Սակայն Սոդոմի բնակիչները շրջապատում են տունը և պահանջում հանձնել հյուրերին: Ղովտը ոչ մի պայմանով չի համաձայնվում, նույնիսկ իր աղջիկներին է առաջարկում հյուրերի փոխարեն, սակայն ապարդյուն: Հրեշտակների օգնությամբ Ղովտը իր ընտանիքի հետ փախչում է, իսկ Սոդոմը ենթարկվում է կործանման:* Փաստորեն սա հյուրընկալության ընթացքում հյուրի անվտանգության երաշխիքների կամ անվտանգ ապաստանի ապահովման մասին հնագույն վկայությունն է: Ճիշտ է՝ կրոնա-բարոյական շարժառիթներով: Դարերի ընթացքում կրոնական պաշտամունքի վայրերը հանդիսացել են փախստականների համար ապաստարաններ: Միայն XIX դարում քաղաքական ապաստանի տրամադրումը դառնում է միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված ինստիտուտ:
Հյուրասիրության մասնագիտական ակունքները
Որոշ մասնագիտության մարդիկ, որպես կանոն, ավելի հյուրասեր են: Դա վերաբերում է ձկնորսներին, որսորդներին, այգեգործներին: Այդպիսի հյուրասիրությունը կարելի է անվանել «հյուրասիրություն բնությունից»: Այդ մարդկանց մոտ որսից կամ բերքից բաժին հանելը (թեկուզև անծանոթին) համարվում է լավ նախանշան: Ըստ երևույթին բնության, այլ ոչ թե մարդկանց հետ մշտական պայքարը նպաստում է մարդկային դրական գծերի զարգացմանը: Իզուր չէ, որ Քրիստոսի Առաքյալների մեջ բավական շատ են ձկնորսները: Կինտոները նույնպես հյուրասեր էին, որ նրանց մասնագիտական կերպի մասն էր:
Հյուրասիրության կուլտուրական կողմը
Վերջիվերջո հյուրասիրությունը էթիկետի կարևոր մասն է: Արժանի հյուրասիրություն ցուցադրելու ունակությունը տվյալ անձի կուլտուրական ձեռքբերումն է: Այն նպաստում է բարեկամական և ընկերական հարաբերությունների խորացմանը, ծանոթությունների հաստատմանը, կոնֆլիկտային իրավիճակների հարթեցմանը: Երբեմն հյուրասիրությունը կարող է հանդիսանալ կուլտուրական արժեքների հետ շփման միջոց: Օրինակ, երբ կուլտուրայի գործիչը շրջում է ժողովրդի մեջ կամ «տեղեկացված» անձը հայտնվում է հեռավոր գյուղում:
Կարևոր նշանակություն ունի, անշուշտ, հյուրասիրության կուլտուրան և հյուրասիրությունն ընդունելու կուլտուրան: Սակայն հարկ է նշել, որ առաջնայինը այստեղ ոչ թե վարվեցողության այս կամ այն կանոնն է, այլ փոխհարաբերման ջերմությունը, որն էլ բնորոշում է «հայկական հյուրասիրությունը»:
* Նոր Կտակարան, Ա Տիմոթեոսին 3. 1-3
* Հին Կտակարան, ԳԼ ԺԹ 1-25
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել