
Մեկնարկեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ դատական գործի քննությունը
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ մեկնարկեց Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ «Հետքի» 2012թ.-ի դեկտեմբերի 4-ի «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի փաստերով ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից 2012թ.-ի դեկտեմբերի 5-ին հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Լոռու մարզի դատախազի տեղակալ Մ. Մովսիսյանը:
Հայկազ Քոչինյանի շահերը դատարանում պաշտպանում էր փաստաբան Արտակ Ոսկանյանը: Դատական նիստի սկզբում տուժողի ` Շնողի գյուղապետարանի ներկայացուցիչ, գյուղապետ Հովիկ Սահակյանը դատարանից խնդրեց հետաձգել դատական նիստը: «Ես մասնագիտական կրթություն չունեմ, որպեսզի կարողանամ իմ շահերը պաշտպանել: Խնդրում եմ դատական նիստը հետաձգել իմ պաշտպանի կողմից նախաքննական նյութերին ծանոթանալու համար»,- ասաց Հովիկ Սահակյանը:
Հայցվորի պահանջին պատասխանող կողմը առարկեց: «Քրեական գործի նախաքննության ընթացքում հայցվոր կողմը ունեցել է այլ փաստաբան, նա ժամկետ ուներ իր ներկայացուցիչին փոխելու համար, տվյալ դեպքում Հովիկ Սահակյանը քրեական գործով ճանաչված է որպես տուժողի ներկայացուցիչ, սա առաջին դատական նիստն է, դատաքննության նախապատրաստական փուլում ենք , Հովիկ Սահակյանը կարող է ներկայացնել տուժողի շահեր: Բացի այդ գործի նախաքննությունը սկսված է 2012 դեկտեմբերի 5-ից , գործի դատաքննության ձգձգումը կարող է խախտել ողջամիտ ժամկետը»,- ասաց պաշտպան Ա. Ոսկանյանը: Հովիկ Սահակյանը պնդեց դատական նիստը հետաձգելու իր պահանջը:
Դատարանը բավարարեց տուժողի ներկայացուցիչի պահանջը: Հիշեցնենք , որ Լոռու մարզի դատախազության կողմից Հայկազ Քոչինյանի դեմ «Հետքի» մեկ այլ `2010թ.-ի սեպտեմբերի 6-ի «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ,- լրագրողին ասում է գյուղապետը» հոդվածի փաստերով էլ քրեական գործ է հարուցվել նաև 2010թ.-ին:
Նախաքննական փուլում Հայկազ Քոչինյանի դեմ հարուցված քրեկան գործը Լոռու մարզի դատախազության կողմից մասնատվել է 2 մասի: Շնողի «Խմհատ» հանդամասի ոռոգման ջրագծի 500 գծամետր խողովակաշարի յուրացման, իր որդուց շուկայականից բարձր գներով գյուղապետարանի համար «Մերսեդես –Բենց S-500» և «Վազ 21214» ավտոմեքենաների մասով նախաքննության նյութերը ուղարկվել է դատարան, իսկ Շնողի գերեզմանոցի շրջակայքի բարեկարգման համար նախատեսված19,5մլն. դրամի, գյուղի բնակելի շենքերի տանիքների համար նախատեսված 25,8 մլն. դրամի, գյուղի ֆոտբոլի դաշտի բարեկարգման համար նախատեսված 9 մլն. դրամի և «Հետքի» հոդվածներում ներկայացված այլ ապօրինությունների գործերը մնացել են Ալավերդու քննչական բաժանմունքում, դրանք նախաքննական փուլում են:
Դատարան ներկայացրած թիվ 55200112 քրեական գործով Հայկազ Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել