
«Եթե այս պատմության մեջ կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ «Ժողովուրդը» չէ»
Հայաստանում գործող անկախ թերթերին ֆինանսապես ճնշելու հերթը հասել է «Ժողովուրդ» օրաթերթին: «Առավոտ» օրաթերթի երեկվա համարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն արդեն իսկ դատական հայց է ներկայացրել «Ժողովուդի» դեմ (խմբագրությունը դեռ պաշտոնապես չի ծանուցվել այդ մասին):
Մարզպետը որոշեց այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ «Ժողովուրդ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Մարզպետը կաշառք է վերցրել» նյութում մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանը պնդում էր, որ մարզպետը իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Թեեւ նույն հրապարակման մեջ ներկայացված էր նաեւ մարզպետի տեսակետը, սակայն նախորդող օրերին Ն. Պողոսյանը ջանք ու եռանդ չխնայեց խնդիրը կուսակցականացնելու եւ իրեն ԲՀԿ-ի օմբուդսմենի կարգավիճակ վերապահելու համար:
Հաշվի առնելով, որ Նվեր Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան»-ի առանցքային դեմքերից չէ, վեճի քաղաքականացմանը «Ժողովուրդը» լուրջ չի վերաբերվում` հայտարարելով, որ կաշառքի մեղադրանքը հաստատող ձայնագրությունը խմբագրությունում է, եւ պատրաստ ենք այն տրամադրել պետական ցանկացած ատյանի: Այսպիսով՝ արձանագրում ենք, որ ԲՀԿ-ական մարզպետ Ն. Պողոսյանը ձգտում է համալրել մամուլի դեմ հաշվեհարդար տեսնելու նկրտումներ ունեցող տխրահռչակ չինովնիկների շարքը` բարձրացված աղմուկի մեջ փորձելով սքողել կաշառքի ու Թթուջուր գյուղում այդպես էլ չկայացած ապօրինի մրցույթի խայտառակ պատմությունը: Այնպես որ եթե այս պատմության մեջ կա մեկը, ով պետք է ներողություն խնդրի, ապա դա հաստատ «Ժողովուրդը» չէ:
«Ժողովուրդ» օրաթերթ
Մեկնաբանել