
Ախթալայի թունավոր պոչանքները շարունակում են աղտոտել Դեբեդը
Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող լեռնահարստացման կոմբինատը թունավոր պոչանքներով շարունակում է անարգել աղտոտել Դեբեդ գետը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության Լոռու մարզային տեսչությունը մշտապես հայտարարում է, որ ինչպես Ախթալայի Ուչքուլիսա գետակի, այնպես էլ Դեբեդ գետի ջրերի իր անալիտիկ հետազոտություններում թունավոր արտանետումներ չեն հայտնաբերվում:
Հոկտեմբերի 10-ի կեսօրին Դեբեդ գետի ջրերը Ախթալա-Այրում հատվածում մոխրագույն էին, որը չէր վրիպում բնակչության աչքից: Դրա պատճառը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից դեպի Ճոճկանի պոչամբար գնացող գծերի՝ Ախթալայի Բարիտ թաղամասի հատվածում հոկտեմբերի 10-ի կեսօրին տեղի ունեցած վթարն էր, որը լեռնահարստացման կոմբինատի տնօրինության կողմից հոկտեմբերի 11-ի ժամը 19:00-ի դրությամբ դեռևս չէր վերացվել: Դրա արդյունքում 1,5 օր լեռնահարստացման կոմբինատի Ուչքուլիսա գետակ թափվող թունավոր պոչանքները լցվում էին Դեբեդ գետը, որոնք էլ մոխրագույն երանգ էին տվել գետին:
«Հետքը» ժամը 16-ի մոտակայքում երբ սկսեց աշխատել Ուչքուլիսա գետակի և Դեբեդի գետի ափերին, դեռ պոչանքները թափվում էին գետը: Աշխատալուց կես ժամ անց պոչանքների հոսքը դադարեց: Ակնհայտ էր, որ լեռնահարստացման կոմբինատի տնօրինությանը տեղեկացվել էր մեր աշխատանքների մասին: Այս անգամ էլ վթարի պատճառը պատահականությունը չէր:
Լեռնահարստացման կոմբինատից պոչանքները դեպի Ճոճկանի պոչամբար է տեղափոխվում 180 մմ խողովակներով: Խնդիրն այն է, որ պոչանքները կոմբինատում խողովակներ են մղվում խիտ զանգվածով, որն է խցանում և անանցանելի է դարձնում խողովակները և դառնում մշտական վթարի պատճառ: Մեր այցելության պահին վթարի վայրում`Ախթալայի Բարիտ թաղամասի Ճոճկանի պոչամբարի խողովակաշարերը պահող կամրջի վրա աշխատում էին լեռնահարստացման կոմբինատի բանվորները, ովքեր, մեզ տեսնելով, մեջքով կանգնեցին և հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:
Ակնհայտ էր, որ վթարային բրիգադը նոր էր հայտնվել վթարի վայրում, քանի որ նրանք վթարի վերացման ուղղությամբ նշանակալից աշխատանքներ դեռևս չէին կատարել: Ընդամենը դադարեցվել էր պոչանքների հոսքը և միմյանցից անջատվել էին խցանված խողովակները: Քիչ անց վթարի վայրում հայտնվեց նաև լեռնահարստացման կոմբինատի գործադիր տնօրեն Լյովա Վարդանյանը, ում այցելությունից րոպեներ անց նոր խողովակներով բեռնված մի բեռնատար մտավ վթարի վայր:
«Հետքի» հարցին, թե ինչ է կատարվում, և ինչու են գետը թափվում պոչանքները, կոմբինատի գործադիր տնօրենը պատասխանեց. «Ոչ մի բան չի պատահել, արտադրական նորոգում է»: Ակնհայտ խցանված խողովակների մասին էլ Լյովա Վարդանյանը ասաց. «Չէ, չէ, չէ. խողովակները խցանված չեն»: Լյովա Վարդանյանը, ով նաև Ախթալա համայնքի ավագանու անդամ է, խուսափեց պատասխանել «Հետքի» այլ հարցերի: Մինչդեռ լեռնահարստացման կոմբինատի արտադրական պրոցեսները նրա կողմից անբավարար վերահսկվելու պատճառով Ախթալան դարձել է պոչանքների քաղաք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել