
Կեչառիսի շինարարությունը կշարունակվի՞. Մայր Աթոռը դեմ չէ
Կեչառիս եկեղեցու տարածքում շինարարություն իրականացնելու նախագիծը ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է: Համարվել է, որ կառուցապատմանը տրված է պատմամշակութային համալիրին ոչ հարիր տեսք: Փորձեցինք պարզել, թե Մայր Աթոռը ինչ միջոցներ է ձեռնարկելու` տարածքը նախկին տեսքին բերելու համար: Սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը «Հետքի» հարցմանը պատասխանելիս` նշել է, որ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Այսինքն, մշակույթի նախարարության մերժումը դեռեւս չի նշանակում, որ Կեչառիսում կառուցապատում չի իրականացվելու:
Ստորեւ ներկայացնում ենք Տ. Վահրամ քահանա Մելիքյանի գրավոր հարցման պատասխանները:
ՀՀ մշակույթի նախարարը սույն թվականի հոկտեմբերի 4-ին, գրավոր պատասխանելով ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը, նշել է, որ Կեչառիս պատմամշակութային համալիրի տարածքում սննդի օբյեկտի կառուցապատման նախագիծը չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում: Պատճառն այն է, որ նախագիծը ոչ ամբողջական է եղել, ինչպես նաեւ կառուցապատմանը տրվել է պատմամշակութային համալիրին ոչ հարիր կառուցվածք: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
Այո, այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ է: Կեչառիսի վանքի տարածքի կառուցապատման առնչությամբ Մայր Աթոռում շաբաթներ առաջ գումարվել էր Ճարտարապետական խորհրդի նիստ, որտեղ ներկայացվել էր նաև ՀՀ Մշակույթի նախարարության համապատասխան կառույցների եզրակացությունը: Առկա նախագիծը քննելուց հետո խորհուրդը հանձնարարական տվեց կառուցապատողներին վերանայել ներկայացված նախագիծը` համապատասխանեցնելու այն վանական համալիրի միջավայրին:
Պատրաստվո՞ւմ է արդյոք Մայր Աթոռը դիմել համապատասխան մարմիններին` տարածքը նախկին տեսքին բերելու համար:
Նախագիծը քննարկման փուլում է և վերջնական եզրակացություն դեռ չի կատարվել: Սակայն, նշեմ, որ Մայր Աթոռն իր առջև տարածքը նախկին տեսքի բերելու խնդիր չի դրել: Պատմական վանքեր և եկեղեցիներ ուխտատեղիներ են: Բացի այդ դրանք նաև զբոսաշրջության կենտրոններ են և ունեն ճանաչողական նշանակություն ինչպես հազարավոր հայորդիների, այնպես և օտարազգիների համար: Այս նկատառումով հրամայական է դրանց հարակից տարածքներում սպասարկման անհրաժեշտ կառույցների ստեղծումը, որոնց բացակայությանը նաև տարբեր առիթներով մտահոգությամբ անդրադարձել է հայրենի մամուլը: Ճիշտ այդ ենթակառուցվածքների ստեղծմանն են ուղղված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի նախաձեռնած քայլերը: Սակայն անհրաժեշտ կառուցապատման պարագային, անշուշտ, սրբավայրերի միջավայրին հարիր բոլոր սկզբունքները պետք է պահվեն:
Հնարավո՞ր է արդյոք չեղյալ համարել «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը:
Կրկնում եմ նախագիծը քննարկման փուլում է: Հաջորդ քայլերի մասին կարելի է դատողություն անել քննարկման արդյունքներն ունենալուց հետո:
Բնապահպան-կամավորների մի խումբ ցանկանում է օգնել եկեղեցուն` տարածքը նախկին տեսքին բերելու եւ այնտեղ ծառատունկ իրականացնելու համար: Խումբը նաեւ ցանկություն ունի հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ` ինչպես Կեչառիսի, այնպես էլ այլ անտարբերության մատնված եկեղեցիների վերականգնման, տարածքի մաքրման հարցեր քննարկելու: Ինչպե՞ս կարելի է իրականացնել սա:
Ողջունելի են եկեղեցիների ու վանքերի տարածքների մաքրությանն ու բարեկարգմանն ուղղված երիտասարդական նախաձեռնությունները: Ուրախալի է, որ այս երևույթը հատկապես վերջին շրջանում լայն տարածում է գտել Հայաստանում. տարբեր երիտ. եկեղեցական միություններ, բնապահպանական կազմակերպություններ, ուխտավորներ Եկեղեցու հետ համագործակցաբար իրականացնում են նման ծրագրեր: Տվյալ պարագային ևս հարկ է դիմել Կոտայքի թեմի առաջնորդարան և կամ Կեչառիսի վանքի հոգևոր հովվին` գործընթացը քննարկելու համար: Այլ պարագաներում հարկ է դիմել հոգևոր իշխանությամբ օժտված համապատասխան անձերին, թեմերի պարագային թեմակալ առաջնորդներին, իսկ որոշ վանքերի պարագային` Մայր Աթոռի վանորեից տեսչությունը:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպման համար հարկ է խնդրանքով դիմել Կաթողիկոսարանի ընդունելությունները կազմակերպող գրասենյակին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել