
Դպրոցի տնօրենին կասկածում են 17 պարկ ալյուր վաճառելու մեջ
ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանի վերաբերյալ: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնեցին, որ Մարիետա Միրզոյանը կասկածվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ ծրագրի» շրջանակներում դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրված պարենամթերքից ալյուրի որոշակի քանակություն վաճառելու մեջ:
«Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է այդ խնդիրը: Եթե իրավապահ մարմինները հիմնավորեն, որ փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Իսկ մնացած խնդիրներով կզբաղվեն իրավապահ մարմինները»,- տեղեկացրին մարզպետարանից:
Մարիետա Միրզոյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իր մեղսակցությունը տվյալ գործին՝ ասելով, որ ալյուրը տվել է աշխատակիցներին՝ որպես սնունդ աշխատանքի դիմաց:
Նշենք, որ խոսքը ալյուրի խոշոր խմբաքանակի՝ մոտ 17 պարկի մասին է:
Մարիետա Միրզոյանի խոսքերով՝ աշխատակիցները ևս վկայել են, որ ալյուրն իրենց ոչ թե վաճառվել, այլ տրվել է աշխատանքի դիմաց:
«Ես ընդամենը աշխատողին իր հասանելիք ալյուրն եմ տվել, ուրիշ բան չեմ արել: Ինձ զրպարտում են: Չգիտեմ, թե ով է զրպարտողը, երևի նա է, ով տնօրենի հաստիքն ուզում է դնել աճուրդի: 46 տարվա աշխատող եմ և միշտ փառքով ու անունով եմ աշխատել: Իմ բարությունը բոլորը գիտեն, ինչ-որ մի զրպարտանքով ուզում են ինձ մրոտել: Թոշակի եմ գնալու, 5 ամիս է մնացել և իմ գլխին սարքում են, թե ինչի՝ չեմ հասկանում»,- ավելացրեց դպրոցի տնօրենը:
Մարիետա Միրզոյանի խոսքերով՝ ինքը չի կարող պատկերացնել, թե ինչպես է հնարավոր օրը ցերեկով ալյուր վաճառել:
«Չի կարելի այսպես վարվել: 6 սոված կնոջ, որ առավոտյան՝ ժամը 6:30, գալիս են դպրոց, երեկոյան 8-ին գնում են, իրենց եմ ալյուրը տվել իրենց աշխատանքի դիմաց: Ամիսը մեկ պարկ ալյուրով են այդ մարդիկ աշխատում, մոտ 340 երեխայի համար հաց են թխում այդ մարդիկ: Այ, սա է իրավիճակը, ու սեպտեմբերից մինչ հիմա ինձ զրպարտում են, չեն համբերում, որ թոշակի գնամ»,- ասում է Մարիետա Միրզոյանը:
Նա նշում է, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում ոստիկանությունը կպարզի, որ ինքը մեղավոր չէ և օրենքի շրջանակներում է գործել, ինչից հետո անձամբ է դիմելու դատախազություն՝ իրեն անտեղի վիրավորելու և մեղադրելու հարցով:
«Սա այն ալյուրը չի, որ վաճառեն, երկրորդ սորտի ալյուր է: Եկեք տեսեք, թե ինչ սնունդ եմ տալիս երեխաներին, ոնց եմ կազմակերպում այդ սնունդը: Ես ընդամենը սովածին հաց եմ տվել: Մարդը լավ օրից չի գալիս առավոտից երեկո ամիսը մեկ պարկ ալյուրով աշխատի, ոչ մեկ այդ աշխատանքը չի անի»,- ավելացրեց Մարիետա Միրզոյանը՝ խոստանալով տրամադրել լրացուցիչ ապացույցներ:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել