Կալանավորին եւ ծանր հանցագործին մեկ շաբաթ պահել են նույն խցում
«Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրանահայ Վարդգես Գասպարին ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան` ժամը 8-ի սահմաններում: Սակայն ձերբակալության մասին արձանագրությունը կազմվել է հաջորդ օրը` մարտի 2-ին` ժամը 22-ին:
Այսինքն` Գասպարին մոտ 40 ժամ անօրինական ձեւով պահվել է ոստիկանության Կենտրոնի, այնուհետեւ` Արաբկիրի բաժիններում: Հիմա, փաստորեն, Գասպարիի` անազատության մեջ հայտնվելու պահը համարվում է մարտի 2-ը:
Ակտիվիստի հավաստմամբ` ոստիկանությունում ինքը մի քանի անգամ հարցաքննվել է, այդ թվում` երեկոյան 22-ից մինչեւ գիշերվա 2-ը: Այստեղ նա հրաժարվել է ցուցմունք տալ որպես վկա, այնուհետեւ, երբ Գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայության քննիչը նրան ներգրավել է որպես կասկածյալ, Գասպարին կրկին հրաժարվել է ցուցմունք տալ եւ հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Մարտի 3-ին Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասով. «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Ժամեր անց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կալանքը որպես Գասպարիի դեմ խափանման միջոց սահմանելու որոշում է կայացրել: Որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, սակայն մնացել է անփոփոխ:
Վ. Գասպարիի փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասում է, որ 316-րդ հոդվածով տարբեր անձանց առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են. «Գասպարիի մեղադրանքի էությունն այն է, որ իբր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի շրջակայքում նա փորձել է մուտք գործել հրապարակ, սակայն ոստիկանները նրան նախազգուշացրել են, որ անօրինական գործողություն է կատարում, փորձել են համոզել, որ հեռանա, բայց նա իբր քաշքշել, նույնիսկ խփել է ոստիկաններին, ֆիզիկական ուժ է կիրառել, սպառնալիքներ է տվել եւ այլն: Սա այն ստանդարտ մեղադրանքն է, որ առաջադրվել է այդ հոդվածով մեղադրվողներին: Եվ բոլորի դեպքում էլ նախաքննության մարմինն ունի 2-3 ոստիկանների ցուցմունքներ: Զավեշտալին այն է, որ իմ պաշտպանյալներ Վարդգես Գասպարիին եւ Միսակ Հովակիմյանին բերման են ենթարկել ոչ թե այդ ոստիկանները, այլ հատուկջոկատայինները, սակայն ավելի ուշ ոստիկանության բաժիններում հայտնվել են օպերլիազորներ, որոնք զեկուցագրեր են կազմել, թե իրենց կողմից են վերոնշյալ անձինք բերման ենթարկվել: Իմ պաշտպանյալները հերքում են դա»:
Մինչեւ կալանքի որոշման կայացումը Գասպարին պահվել է «Էրեբունի» ՔԿՀ-ում, այնուհետ տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: «Նուբարաշենում» մարտի 3-ին նա նստել է հացադուլի (մինչեւ մարտի 20-ը) եւ, կարգի համաձայն, տեղափոխվել այլ խուց: Մարտի 7-14-ը նա հացադուլավորների համար նախատեսված նույն խցում է եղել ծանր հանցագործությունների պատճառով մի քանի անգամ դատված Տիգրան Թադեւոսյանի հետ: Գասպարին բանավոր եւ գրավոր մի քանի անգամ դիմել է ՔԿՀ-ի պետին` իրեն այլ խուց տեղափոխելու համար, սակայն մնացել է անպատասխան:
«Չեմ կարծում, որ Վարդգեսին այդ անձի հետ նույն խցում տեղավորելը կարող էր պատահական լինել,- ասում է փաստաբան Շուշանյանը:- Ենթադրում եմ, որ դա կալանավայրի ադմինիստրացիայի կողմից մտածված քայլ է եղել»:
Ակտիվիստի պատմելով` մարտի 11-ի գիշերը դատապարտյալ Թադեւոսյանը բռունցքներով, հետո էլ` հոսանքի մալուխով ու ինքնաշեն դանակով հարձակվել է իր վրա, սակայն ինքը դիմադրություն է ցույց տվել: Միջադեպի հաջորդ օրը` մարտի 12-ին, Գասպարին դիմել է ՔԿՀ-ի ղեկավարությանն ու վարույթն իրականացնող մարմնին` միջոցներ ձեռնարկելու համար: Միեւնույն ժամանակ նա հայտարարություններ է ուղարկել օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, ԵԱՀԿ եւ ԵԽ երեւանյան գրասենյակներին, մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կազմակերպություններին: Հետագայում պարզվել է, որ հայտարարությունները հասցեատերերին չեն հասել:
Մ. Շուշանյանն ասում է, որ իրենք հետամուտ են լինելու այս հարցի բոլոր հանգամանքների պարզմանը եւ դիմելու են համապատասխան մարմիններին այնքան ժամանակ, մինչեւ նրանց կողմից համապատասխան արձագանք տրվի Վարդգեսի դիմումին:
Բողոքելով Հայաստանում մարդու իրավունքների խախտումների դեմ` Գասպարին ապրիլի 9-ին երեք օրով կրկին նստել է հացադուլի: Նա նամակներ է ուղարկել նաեւ ԵՄ-ին, Ագոյի խմբին, «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությանը, Հայաստանի մի շարք ՀԿ-ների ու ընդդիմադիր կուսակցությունների:
Ընդհանրապես այս ընթացքում «Այլընտրանքի» անդամը չորս անգամ նստել է հացադուլի եւ այդ ժամանակահատվածում տեղափոխվել է այլ խուց: Այժմ Գասպարին գտնվում է հիմնական խցերից մեկում` մոտ 10 այլ քաղաքացիների հետ: Նրա հետ հանդիպել եւ զրուցել են օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները:
Ապրիլի 1-ին Վարդգես Գասպարիի գործը 12 այլ գործերի հետ անջատվել էր առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան: Դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 30-ին սկսվեց դատական քննությունը:
Այժմ, երբ գործը դատարանում է, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` Գասպարիի կալանքի ժամկետը կասեցված է (այն լրացել է մայիսի 2-ին), ինչը, ըստ Մ. Շուշանյանի, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Դա նշանակում է, որ Վ. Գասպարին կալանքի մեջ կմնա մինչեւ վճռի կայացումը: Սակայն առաջին նիստի ընթացքում փաստաբան Շուշանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի կալանքը կամ էլ դա փոխարինել գրավով կամ «Ժառանգություն» կուսակցության 6 պատգամավորների երաշխավորագրով: Բացի այդ` Գասպարին դատարանում հայտարարեց Տիգրան Թադեւոսյանի կողմից իր դեմ կատարված ոտնձգությունների մասին, որոնց առնչությամբ արդեն տեղեկացված էին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիան եւ դատախազությունը: Ամբաստանյալը դատարանին ներկայացրեց ՔԿՀ-ի վարչակազմի կողմից իրեն տրված անստորագիր ու չկնքված թուղթը` քրգործի հարուցումը մերժելու մասին: Փաստաբան Շուշանյանը դատարանին միջնորդեց այս փաստի առիթով դիմել Գլխավոր դատախազություն` գործ հարուցելու համար, ինչին առարկեց մեղադրող կողմը` դատախազ Ա. Ամիրզադյանը: Ի վերջո, դատարանը որոշեց հարցում ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ, թե արդյոք նշված դեպքի առթիվ նախապատրաստվե՞լ են նյութեր: Հարցման եւ կալանքը փոխելու կամ վերացնելու մասին միջնորդության պատասխանները հայտնի կդառնան հաջորդ` մայիսի 14-ի նիստում:
«Ավարտված եւ ընթացող դատավարություններից հետեւություն անելով` լավատեսության համար առանձնապես հույսեր չկան,- նշում է փաստաբանը:- Դատարանները շարունակում են կատարել իշխանությունների պատվերը, այսինքն` լիովին անմեղ անձանց առանց որեւէ ապացույցի դատապարտում են չկատարած արարքների համար: Ենթադրում եմ, որ դատարանը պատիժ կսահմանի ազատազրկման ձեւով: Ընդ որում` 316-րդ հոդվածով արդեն դատվածներ կան: Չորսն ընդունել են մեղքը, եւ դատարանը պայմանական պատիժներ է սահմանել, իսկ ովքեր չեն ընդունել, ազատազրկվել են տարբեր ժամկետներով»:
Ինքը` Վարդգես Գասպարին, իր դեմ մեղադրանքը համարում է անհեթեթ եւ չի ընդունում: Նա ասում է, որ իրեն հետապնդում են քաղաքական հայացքների եւ հատկապես քաղաքացիական կեցվածքի պատճառով: Բանն այն է, որ նա 2007-ին մի քանի անգամ հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում: Անցյալ տարվա ամռանը` Համահայկական խաղերի բացման օրը, ընդդիմադիր ակտիվիստը ձերբակալվել էր այն պատճառով, որ կրելիս է եղել ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում զոհված Լեւոն Գուլյանի պատկերով շապիկ եւ հայտարարություն նրա մահվան մասին: Նոյեմեբերի 5-ին նա կրկին ձերբակալվել է քննադատական բովանդակությամբ պաստառ կրելու պատճառով: Պաստառի վրա գրված է եղել. «Իմ լուռ համաձայնությունը թույլ է տալիս հանցագործներին անել իրենց ուզածը»: Ոստիկանության Կենտրոնի բաժնում փորձել էին ճշտել, թե ով է վճարել ակտիվիստին այդ ակցիայի համար, նաեւ սպառնացել էին, փորձել ճնշել: Միայն «Ժառանգության» պատգամավորներ Զ. Փոստանջյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Լ. Ալավերդյանի ու փաստաբան Տ. Տեր-Եսայանի միջամտությունից հետո էր Գասպարին ազատ արձակվել: Նույն տարվա դեկտեմբերին իրավապահները «ընկերական զրույցի» նպատակով այցելել էին Գասպարիի գրասենյակ, բայց վերջինս մերժել էր նրանց` նշելով, որ պարտավոր են դիմել պաշտոնապես:
Մարտի 1-ին ամուսնու ձերբակալության մասին Անահիտ Այվազին (Այվազյան) իմացել էր ժամեր անց: Նրա պատմելով` Վարդգեսը տնից դուրս է եկել մարտի 1-ի առավոտյան ժամը 8-ին, բայց ճաշի ժամին տուն չի վերադարձել: Զանգահարելով նրան` Անահիտն իմացել է, որ ամուսինը ոստիկանությունում է, ու ենթադրել է, որ նախորդ անգամների պես ուղղակի բերման է ենթարկվել եւ շուտով ազատ կարձակվի: «Չգիտեինք, որ այսքան երկար կտեւի ու այսպես կլինի»,- ասում է տիկին Անահիտը:
Նա արդեն 5 անգամ տեսակցել է ամուսնուն, նրա համար օրենսգրքեր է տարել: Տկն Անահիտը պատմում է, որ Վարդգեսը խցում գրքեր է կարդում, հոդվածներ գրում, որոնցից մեկ-երկուսն արդեն տպագրվել են:
Վարդգեսն ու Անահիտը 6-ամյա որդի ունեն` Լեւոնը: Ի պատասխան նրա բազմաթիվ հարցերի, թե «ու՞ր է պապան», մայրն ասել է, որ հայրը ճամփորդության է գնացել, եւ երբ գա, Լեւոնի համար համեղ բաներ է բերելու:
Հ.Գ. Վարդգես Գասպարին ծնվել է 1957-ին Թեհրանում: 1985-ին տեղափոխվել է Երեւան, սովորել Պոլիտեխնիկական ինստիտուտում: 1988-ից մասնակցել է Շարժմանը, եղել ՀՀՇ-ի համակիր: 1991-2004 թթ. աշխատել է Իրանում, այնուհետեւ կրկին վերադարձել է Երեւան: «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության անդամ է, 2007-ից ակտիվորեն մասնակցել է ընդդիմության կազմակերպած ակցիաներին եւ մի քանի անգամ բերման ենթարկվել, նույն տարվա դեկտեմբերին Գասպարին ստացել է ՀՀ քաղաքացիություն: 2008-ի նախագահական ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ:
Մեկնաբանել