
«Ինձ համար միևնույն է` ցեղասպանություն, թե այլ բառ». Շառլ Ազնավուր
Այս հարցազրույցում երգիչը կոտրում է բոլոր տաբուները, այդ թվում եւ «ցեղասպանություն» եզրույթի շուրջ բառերի պատերազմը, որը կարող էր սառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կարող էր վնասելՀայաստանի շահերին: Արտահայտված ցնցող խոսքերը մեկ անգամ ևս ընդգծում են այն, ինչ նա արդեն ասել էր «Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ: Բայց նաեւ մի ձող է` պարզված թուրքական իշխանություններին: Կգտնվի՞ մեկը, ով կբռնի այդ ձողը:
«Vivement dimanche» («Վիվըման դիմանշ») հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ հաղորդավար Միշել Դրյուկերի` ցեղասպանության մասին հարցին Շառլ Ազնավուրը պատասխանել է. «Դա խանգարող բառ է, այն նաև ինձ է խանգարում, այն, ինչ հիմա կասեմ, կարող է ինձ մեջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթե իսկապես թուրքերը ազնվություն ունեն ասելու, որ իրենց խանգարողը «ցեղասպանություն» բառն է, մենք այլ բառ կգտնենք, միայն թե սահմանները բացվեն, եւ թուրքական կառավարությունը մտածի մեզ հետ երկխոսություն սկսելու մասին»: Լրագրողի այն նկատառմանը, թե «1.5 մլն-ը պատկառելի թիվ է փոքրիկ երկրի համար», Ազնավուրը պատասխանել է. «2 թե 1.5 մլն, նույնն է: Երբ սպանում են 2 երեխա կամ 1.5 մլն հայ կամ 6 մլն հրեա, նույնն է: Սպանել են, ցանկացել են սպանել, դա է կարեւոր»:
Նուվել դ‘Աղմենի - «Vivement dimanche»-ի ժամանակ արված Ձեր հայտարարություններով Դուք միայն ընկերներ ձեռք չբերեցիք:
Շառլ Ազնավուր - Ես սկսում եմ ձանձրանալ դրանից: Մենք հաջողության չենք հասնի, մենք երբեք հաջողության չենք հասնի: Մեր հակառակորդները մեզանից սպասում են, որ նրանք, ովքեր դեռ հիշողություն ունեն, մեռնեն, որպեսզի դրանից պրծնեն: Ո՞ր երկիրն է աջակցել մեզ: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ ճանաչել է, բայց նա ավելի հեռուն չի գնա: Ոչ մի երկիր չի գա դեպի մեզ: Երբեք:
Ավելին, հեղափոխություն անող արաբները երազում են քեմալական մոդելի հիման վրա կառավարություն ստեղծել»: Սա ջուր է լցնում թուրքերի ջրաղացին, որոնք հարստանում են եւ զբաղեցնում էլ ավելի մեծ տեղ: Նրանք արդեն «Մեծ քսանյակի» անդամ են: Նրանք անգամ չեն անհանգստանում Եվրամիություն մուտք գործելու մասին: Իսկ ո՞ւր ենք գնում մենք: Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Երեք մաֆիոզի՞: Եվ հարյուր միլիոնավոր աղքատ մարդիկ կսփռվեն աշխարհով մեկ:
Այս բոլոր իրողություններն ինձ անհանգստացնում են: Իսկ մենք մնում ենք կենտրոնացած ցեղասպանություն բառի վրա, որը թուրքերը շահարկում են: Արդ, ուրմեն, ես հարց եմ տալիս թուրքերին. «Եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կոչել մի ժողովրդի բնաջնջումը: Ինչպե՞ս եք դուք այն անվանել ժամանակին: Ինպե՞ս էր Աթաթուրքն ինքը որակել այդ իրավիճակը: Դա եմ ես ուզում: Ինչպե՞ս դա կկոչվեր մինչեւ «ցեղասպանություն» բառը հնարելը: Կոտորա՞ծ: Հայերի կոտորա՞ծ: Եթե դուք չեք ուզում օգտագործել «ցեղասպանություն» բառը, գոնե խոստովանեք, որ դա կոտորած է եղել: Եթե մենք դրան հասնենք, մենք մեծ հաջողություն կունենանք»:
Հայաստանը մեծ վտանգի մեջ է, եւ բոլորը հապաղում են ցեղասպանություն բառի վրա: Ես չեմ տեսնում, թե դա ինչպես է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք հայտնելու համար, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ նրանք ինձ դա՞ս պիտի տան: Այդ ես եմ առաջինը նրանց դաս տվել: Ես այս մասին խոսել եմ ԱՄՆ-ից մի հայ փաստաբանի հետ, որի գրասենյակում առնվազն 300 իրավաբան է աշխատում: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա ինձ ճիշտ համարեց:
Ես քաղաքական գործիչ չեմ: Ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Ես միայն մի բան գիտեմ. մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում:
Նուվել դ‘Աղմենի - Մինչդեռ Դուք ցեղասպանության խնդրի շուրջ շատ ակտիվ եք եղել, հատկապես երբ հարցը Սենատում էր քննարկվում: Դուք եկաք` խոսելու Սենատի առջեւ…
Շ. Ա. - Եվ դա ինչ տվեց:
Նուվել դ‘Աղմենի- Դուք մասնակցել եք միտինգների…
Շ. Ա. - Եվ դա ինչի՞ն է ծառայել:
Նուվել դ‘Աղմենի - Դուք սյունակներ եք տպագրել թերթերում…
Շ. Ա. - Եվ դա ինչի՞ն է ծառայել: Դա մեզ ո՞ւր է տարել: Ի՞նչ ավել բան է դա մեզ տվել: Եթե հաշվենք մետրերով` սկսած մի P կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ գնացել: Զրո:
Նուվել դ‘Աղմենի - Դուք իսկապես տպավորություն ունեք, որ մենք առաջ չե՞նք շարժվել:
Շ. Ա. - Չենք շարժվել եւ չենք շարժվի: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Թուրքիայի արտգործնախարարն անգամ ինձ հրավիրել է արձակուրդս անցկացնելու իր մոտ: Որպեսզի համաձայնության գանք, թե ինչ ենք պահանջելու: Բայց քաղաքական պարտիաներ չխաղանք, մեկի կամ մյուսի պարտիզանական հետաքրքրությունների համար: Ինձ հետաքրքիր չէ, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը: Ես ուզում եմ, որ սահմանը բացվի, եւ այս երկիրը մի փոքր շունչ քաշի:
Նուվել դ‘Աղմենի - Դուք շիշ եք նետում ծովի մեջ:
Շ. Ա. - Այո, ես միշտ լավ բաներ եմ ասում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ հետաքրքիր ազգ են: Թուրքիայում չկա մի հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Չեն սիրում, հավանաբար, նրանց պահվածքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդն ինքին: Իմ նպատակն է, որ մի փոքր առաջ գնանք:
Նուվել դ‘Աղմենի - Դուք հիասթափված չե՞ք 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ձախողումից:
Շ. Ա. - Դրանք երեկոյան ստորագրվեցին, բայց հաջորդ օրն իսկ արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, որովհետեւ կասկածում էի, որ այդպես էլ կլինի։ Ինչո՞ւ: Թուրքերի հետ ոչ մի պայմանագիր այդպես էլ չի հաստատվել։ Միշտ ինչ-որ պահ է գալիս, երբ կամ նրանք են նահանջում, կամ մենք ոչինչ չենք կարողանում անել։ Այս միտմանն այսօր նպաստում է նրանց ռազմավարական դիրքը։ Նրանք իրենց ուժեղ են զգում եւ ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Ուրեմն, ի՞նչ պետք է անենք։ Ես ցանկանում եմ, որ ոչինչ էլ չանենք։ Այլեւս պետք չէ ինձ վրա հույս դնել։ Դա ինձ հոգնեցրել է։ Ես չեմ ցանկանում իմ ուժերը անիմաստ վատնել։
Թուրքերը մի ազգ են, որոնց հակաճշմարտություններ են ուսուցանել: Նրանց սխալ բաներ են սովորեցրել: Մեկնարկենք այն կետից, որտեղ նրանք են եւ սովորեցնենք նրանց հակառակը։
Նուվել դ‘Աղմենի - Պետք է խելացի՞ լինել երկուսի փոխարեն:
Շ. Ա. - Խելացի մեկ բառով: Ամեն դեպքում պետք է գործել: Նախաձեռնությամբ հանդես գալ: Ես իմ հերթին Ձեզ մի հարց եմ տալիս. որքա՞ն ժամանակ են թուրքերն ապրում մեր տարածքներում: Ես չեմ խոսում այն մասին, որ նրանք մեզնից խլել են, այլ դրանից առաջ:
Նուվել դ‘Աղմենի - Դարեր: Մոտավորապես 1000 տարի:
Շ. Ա. - Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (նկատի ունի ֆրանսիացիներին - «Հետք») այլեւս չենք մտածում Ռուհրի մասին: Պետք է գոնե խելացի լինել: Պետք է հասկանալ իրերի դրությունը: Այս ամենը վերջացած է: Ես ավելի հեռուն կգնամ: Եթե անգամ նրանք մեզ վերադարձնեն տարածքները, ո՞վ կգնա: Ո՞վ կգնա ապրելու այդ տարածքների վրա: Ոչ ոք: Իրատես լինենք: Խելացի լինենք: Հաշվարկենք:
Նուվել դ‘Աղմենի - Բայց Դուք տպավորություն չունե՞ք, որ հայկական իշխանությունները լավ են տիրապետում խնդրին եւ այս ոլորտում գործերը ճիշտ են առաջ տանում:
Շ. Ա. - Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Հաջորդ անգամ այդ մասին կխոսենք իշխանությունների հետ: Ես չեմ ուզում առաջ գնալ` առանց նրանց կարծիքն իմանալու: Բայց ես գիտեմ, որ նրանց համար առաջնահերթ է սահմանի բացումը: Արտաքին աշխարհն է, որ հենվում է բառերի պատերազմի վրա, իսկ ներսում դրանից տառապում են:
Նուվել դ‘Աղմենի - Ներեցեք, բայց չե՞ք կարծում, որ Հայատանի հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես տեղական համակարգն է, որն այդ բնակչությանը հույս չի ներշնչում: Եվ դա դեռ առանց հաշվի չառնելով պատերազմական վիճակը Ղարաբաղում: Ուրեմն այս հարցո՞ւմ էլ պետք է զիջել:
Շ. Ա. - Այո, այդպես է: Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն:
Նուվել դ‘Աղմենի - Բայց հայկական հարցի կապակցությամբ ո՞րն է Ձեր առաջնությունը:
Շ. Ա. - Ես համաձայնություն եմ ուզում: Ես ուզում եմ, որ թուրքերը ճանաչեն այն, ինչ տեղի է ունեցել: Ինձ համար միևնույն է, ցեղասպանություն, թե այլ բառ: Ի՞նչ կտա ինձ նրանց կողմից այդ բառի օգտագործումը:
Ուզում եմ, որ նրանք ճանաչեն ջարդերը: Ժամանակին այդ էին ասում: Ամբողջ աշխարհը խոսել է կոտորածների մասին: Եվ հետո հանկարծ, հիսունականներից սկսած, սեւեռվեցին այդ ցեղասպանություն բառի վրա, որը շատ ծանր է ընդունել, եթե անգամ համապատասխանում է իրականությանը:
շարունակելի
Հարցազրույցի վերնագրում փոփոխություն է կատարվել
Մեկնաբանություններ (44)
Մեկնաբանել