
Մշակույթի նախարարը մերժել է
«Հետքի» հրապարակումներից հետո ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Կեչառիսում» իրականացված շինությունների մասին հարցումներով դիմել է մի շարք գերատեսչությունների` այդ թվում նաեւ մշակույթի նախարարությանը:
Հոկտեմբերի 5-ին մշակույթի նախարարը գրավոր պատասխանել է պատգամավորին, որ մշակույթի նախարարությունը մերժել է «Կեչառիս» պատմամշակութային համալիրի տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման նախագիծը. «Հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին»,- պատասխանել են մշակույթի նախարարությունից:
«Հետքը» խոսեց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հետ, պարզելու, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին` տարածքը նախկին տեսքին բերելու: Քաղաքապետը պատասխանեց. «Տարածքը եկեղեցունն է, նախկին տեսքին բերելու-չբերելու հարցը խնդրում եմ եկեղեցու հետ քննարկեք: Մենք արձանագրել ենք փաստը, դադարեցրել ենք աշխատանքները եւ հետեւում ենք, որ շինարարություն հանկարծ չկատարվի»:
Հարցին, թե եթե եկեղեցին որոշի, որ նախկին տեսքին տարածքը չի բերվելու, քաղաքապետարանը որեւէ միջոց ձեռնարկել չի՞ կարող. «Իրավական լծակ մենք չունենք»,- պատասխանեց Գարուն Միրզոյանը:
Ի՞նչ է լինելու արդեն կառուցված շինության հետ, այդպես էլ մնալո՞ւ է, Ծաղկաձորի քաղաքապետը պատասխանեց. «Չեմ կարծում այդպես էլ մնա: Չգիտեմ ինչին են սպասում: Երեւի սպասում են ինչ-որ փաստաթղթերի»:
Նախագծի մերժումից հետո ի՞նչ փաստաթղթերի կարող են սպասել կառուցապատողները հարցին, Գարուն Միրզոյանն ավելացրեց. «Ես չգիտեմ հիմա… Ես արել եմ այն, ինչ իմ իրավասության շրջանակներում է եղել»:
«Հետքը» նաեւ գրավոր հարցում է ուղարկել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին` պարզելու, թե ե՞րբ է «Կեչառիսի» տարածքում գտնվող ապօրինի շինությունը քանդվելու եւ տարածքն իր նախկին տեսքին բերվելու:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել