
Դպրոց է կառուցում Արցախի Գիշի գյուղում
«Վարդանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցում է դպրոց: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
2009 թվականին ԼՂՀ կառավարության հետ համատեղ որոշվեց Գիշի գյուղում կառուցել նոր դպրոց, քանի որ գործող դպրոցը խիստ վատթար վիճակում էր եւ հնարավոր չէր վերականգնել: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 300 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Շենքը կունանա ժամանակակից դպրոցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները` 12 դասասենյակ, ուսուցչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաեւ ռազմագիտության, կենսաբանության, քիմիայի կաբինետներ ու բուժսպասարկման համար սենյակ: Կգործեն ջեռուցման ու օդափոխության համակարգեր:
Ավարտվել են շենքի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքները: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվում է դպրոցի բակը, կառուցվում խաղահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ:
«Շնորհալի աշակերտներ շատ ունենք, ովքեր իսկապես ձգտում են գիտելիք ստանալ եւ գիտակցում են մրցունակ լինելու կարեւորությունը, բայց, ինչ խոսք, մի բան է սովորել կիսաքանդ կտուրի ներքո, մեկ այլ բան` հյուրընկալ եւ հարմարավետ դպրոցում»,- իր վերաբերմունքն է արտահայտում դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ «Վարդանյանների ընտանիք» կազմակերպությունը ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի ու Արցախի մի շարք համայնքներում: Այն նաեւ հովանավորում է մշակութային ու սոցիալական նախաձեռնություններ:
Մեկնաբանել