
Վլադիսլավ Մանգասարյանը պարզաբանում է
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներկայացրել, թե ինչ ճակատագրի են արժանացել իր հայաստանյան ներդումները: Ստորեւ ներկայացնում ենք նրա գորընկեր Վլադիսլավ Մանգասարյանի «Հետքին» ուղարկած պարզաբանումը: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա պարզաբանման մեջ ներկայացված փաստերին:
Երևանի Մաշտոցի պող.33/1 շենքի շինարարության մանրամասնությունները 2005 -2010թթ. ժամանակահատվածում կամ սփյուռքահայերի զարմանահրաշ արկածները Հայաստանում
Մաս I
ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Արշակի Խուդյանին ճանաչում եմ 2003 օգոստոս ամսից, նրա հետ ինձ ծանոթացրել է ինձ ծանոթ Արմեն Ղազարյանը, որի հետ էր նաև այժմ "Արին-Կապիտալ" ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը:
Ինձ հետ զրույցի ժամանակ ասացին, որ Էդմոնդն իրենց ընկերն է և ցանկանում է ներդրում կատարել Հայաստանում 100.000 ԱՄՆ դոլարի չափով: Ես այդ ժամանակ կառուցում էի Երևանի Դեղատան 15 հասցեում բնակելի շենք և գումարների ներդրման հնարավորություն կար:
Առաջարկն ընդունեցի և կնքեցինք պայմանագիր 4 ամսվա կտրվածքով, որի շահը (տոկոսը) պետք է կազմեր 20%: Ավելի երկար ժամանակով ձեռնտու չէր, որովհետև գումարը մեծ չէր և ամսական 5% շահույթաբերությունը վճարել անիմաստ էր, ուղղակի կար հնարավորություն և ես համաձայնվեցի:
Նոյեմբեր ամսին ինձ առաջարկեցին գնել և հետագայում շինարարություն կատարել Երևանի Մաշտոցի պողոտայի թ.33ա (ներկայումս 33/1) կիսակառույցը և ես վճարեցի 130000 ԱՄՆ դոլար, պայմանով, որ դեկտեմբերին ինձ հետ վերջնահաշվարկ կատարելով կտրամադրեն սեփականության վկայականը և համապատասխան որոշումը շինարարության իրականացման համար, քանի որ տարածքը գտնվում էր պետության հաշվեկշռում:
Վաճառողների հետ պայմանավորվեցի 1000քմ հողատարածքի համար և դեկտեմբերի 20-ին նրանք ինձ ներկայացրեցին փաստաթղթերը: Իմ մոտ եղած գումարները չէին բավականացնում վճարումն ամբողջությամբ կատարելու համար և ես զանգահարեցի ԱՄՆ Էդմոնդ Խուդյանին և ներկայացրեցի հարցի էությունը:
Նա անմիջապես համաձայնվեց 500.000 ԱՄՆ դոլար տրամադրելու, պայմանով, որ դեռևս 4 ամիսը չլրացած գործարքի 100.000 իրեն տրվի, վճարվի 20.000 դոլարի շահույթը և հաջորդ օրը HSBC բանկով ստացա 400.000 ԱՄՆ դոլար և վճարեցի վաճառողներին:
Դրվեց ևս մեկ պայման, որ գնված հողը և անավարտ շինությունը ձևակերպվի իր եգիպտահայ ազգական Արամ Թելպյանի անունով և խոստացավ մեկ շաբաթից գալ Երևան և պայմանավորվել մանրամասնությունները:
Այդպես էլ արեցի, Էդմոնդը ժամանեց Երևան և ես նրան ներկայացրի ծրագիրը, որով կառուցվող շենքի շինարարությունը կտևեր 14 ամիս և մենք յուրաքանչյուրս կստանանք մոտ 52% շահույթ ներդրված գումարից:
Այդ ժամանակ ես ղեկավարում էի «Վէռմ» ՍՊԸ-ի տնօրենների խորհուրդը: Տրվեց լիազորագիր «Վէռմ» ՍՊԸ-ի անունով և մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարան ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու համար: 3 ամիս ձգձգելուց հետո քաղաքապետարանից ստացանք նամակի պատասխանը (2004թ. հունիսի 9-ին), որ այժմ հնարավոր չէ տալ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք, քանի որ նոր քաղաքապետ
Երվանդ Զախարյանը ցրել է քաղաքաշինության խորհուրդը և երբ կվերականգնվի հայտնի չէ: Այդ օրվանից Էդմոնդ Խուդյանը սկսեց աղմուկ բարձրացնել և պահանջել իր ներդրված գումարը, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա համար 5% հավելավճար: Չբարդացնելով իրադրությունը ես ներգրավեցի նոր մասնակից, որը 1 մլն.ԱՄՆ դոլար փոխանցեց ինձ, բայց պայմանով, որ հիմա էլ կառույցը ձևակերպվի իր անունով (Վիկին Բարսիխյան Սիրիայի քաղաքացի):
Գործարքը կատարվեց և 2004թ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Էդ. Խուդյանին փոխանցվեց 700000 ԱՄՆ դոլար: 2004թ. Նոյեմբերին ինձ զանգահարեց Էդմոնդը և ասաց, որ չնեղանամ, քանի որ ինքը միտումնավոր չէ վնասել ինձ, այլ ավելորդ 220.000 դոլարը համարյա ամբողջությամբ իրենից վերցրել են իր ընկերները և նրանք են ստիպել, որ այդ գումարը ինձանից վերցնի, քանի որ նրանք այս գործը կապելու և ինձ հետ Էդմոնդին ծանոթացնելու համար պահանջել են մոտ 150.000 ԱՄՆ դոլար:
Հավատալով Էդմոնդին ես նրան ներեցի: Ինքն էլ ասաց, որ ինքը պատրաստ է ինձ հետ համագործակցել, եթե նոր գործ լինի: Մեր վերցրած հողակտորին կից էր Մաշտոցի 33ա շենքը, որ այդ պահին Երևանի պատմության թանգարանն էր:
Քանի որ Երևանի Քաղաքապետարանի նոր շենքը 2004թ. պետք է հանձնվեր շահագործման, իսկ պատմության թանգարանը պետք է տեղափոխվեր նոր շենք, ապա Մաշտոցի 33ա շենքը, որն իրենից ներկայացնում էր 1000քմ հողակտոր և 1744քմ. 4 հարկանի ութսունական թվականների կառուցված շենք, հանվեց վաճառքի:
Երկու դեպքում էլ վաճառողը «Սպիտակ-Տնակ» ՍՊԸ-ն էր, բայց ես այս գնել եմ միջնորդավորված և իմ ընդհանուր ծախսերը կազմել են մոտ 2մլն ԱՄՆ դոլար: Ես այդ մասին տեղյակ պահեցի Էդմոնդին և նա ասաց, որ 600.000 ԱՄՆ դոլար կարող է ուղարկել, և էլի պայմանով, որ հիմա կուղարկի 400.000 դոլար և դեկտեմբերին 200.000 դոլար, իսկ շենքը պետք է ձևակերպվի իր անունով: Համաձայնվեցի և կատարեցի:
Էդմոնդը դեկտեմբերին եկավ Երևան, ձևակերպեց իր անունով և պայմանավորվեցինք, որ շենքը կոսմետիկական վերանորոգում ենք և վաճառում 2 մլն ԱՄՆ դոլարով մինչև 2005թ. մայիս-հունիս ամիսները և Էդմոնդը ստանում է 900.000 դոլար (600.000 ներդրում+300.000 շահույթ):
Փաստորեն, 2004թ.դեկտեմբերի դրությամբ ունենք 1000քմ. տարածք 14 հարկանի շենք կառուցելու համար Սիրիայի քաղաքացի Վիկին Բարսիխյանի հետ և 1000քմ հողատարածք 1744 քմ շենքով ԱՄՆ քաղաքացի Էդ. Խուդյանի հետ, որոնց այդ պահի շուկայական գինը կազմում էր մոտ 3.5 մլն ԱՄՆ դոլար, (տարածքը գտնվում էր օպերայի հարևանությամբ):
Էդմոնդի կնքած պայմանագրով թանգարանի տարածքը պետք է ազատվեր 2004թ. դեկտեմբերին: Սակայն քաղաքապետարանի նոր շենքի շահագործման խնդիրը ձգձգվեց մինչև 2005թ. մայիսի վերջը, բայց որի մասին ես տեղեկացա հենց դեկտեմբերին:
Իմանալով Էդմոնդի նախկինում կատարած քայլը, ես անմիջապես տեղյակ պահեցի նրան, որ շենքը ազատվելու է միայն մայիսի վերջին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանում է մեր պայմանավորվածությունը, և միաժամանակ նշեցի, որ լավագույն դեպքում մեր ծրագիրը կիրականանա 2005-ի վերջում:
Բայց, քանի որ այդ գումարը, 300.000 ԱՄՆ դոլարի շահը (տոկոսը) մեկ տարում, նրան ձեռք չէր տալիս, նա համաձայնվեց մեկ այլ առաջարկին, որի ժամկետը հետաձգվում էր 2006թ. մայիս, քանդվում էր 4 հարկանի շենքը և երկու հողակտորում կառուցվում մեկ շենք և ինքնըստինքյան ավելանում շահույթը:
Այս որոշումն ընդունվեց երեք կողմերով Բարսիխյան - Խուդյան – Մանգասարյան, ինձ տվեցին («Վեռմ») բոլոր լիազորությունները, քանի որ տարածքները իրենց անունով էին, և ես սկսեցի գործը, ստացա ճարտարապետա-հատակագծային փաստաթղթերը (АПЗ) և նախագծերը:
Մինչև 2005 թվականի մայիսի 1-ը այլևս ոչ մի խոսակցություն և տարաձայնություններ չեն եղել: Այդ ընթացքում ես զանգահարել եմ ԱՄՆ և տեղեկացրել, որ գործերը հաջող են գնում և մարտի 30-ին ստացել ենք АПЗ-ն: Այլևս ոչ մի խանգարող հանգամանք չկա: 2005թ. ապրիլի 30-ին ինձ մոտ գրասենյակ էր եկել Էդմոնդի ընկեր Արմեն Ղազարյանը, իբր թե տեղեկանալու գործերի դրության մասին:
Այդ պահին նրա հեռախոսի վրա sms հաղորդագրություն եկավ Սիրիայից, որը ուղղված էր Էդմոնդ Խուդյանին, անգլերեն լեզվով: Քանի որ Արմենը անգլերեն չգիտի զարմացած ինձ ցույց տվեց, զարմացավ, որովհետև sms-ը ուղղված էր Էդմոնդին: Ես կարդացի, զանգեցի ընկերոջս, թարգմանեց ինչ որ չէի հասկացել և ապշեցի, հաղորդագրության մեջ ասվում էր, որ իրենց պայմանը ուժի մեջ է և պայմանավորված օրը և ժամին կլինեն Վլադի մոտ:
Ես ավելի էի զարմացած, որ ինձ հետ հանդիպելու համար կարող էին ուղղակի զանգահարել ինձ: Ինչևէ մայիսի 1-ին ժամը 11:50 իմ գրասենյակ եկան հայր և որդի Բարսիխյանները, իսկ 12:00-ին Էդմոնդ Խուդյանը: Ես նրանց ներկայացրեցի արդեն կատարած աշխատանքները և նախագիծը, որին նրանք նույնիսկ ուշադրություն չդարցրեցին:
Այս պահից սկսվում է անհավանականը, որը կարելի է անվանել սփյուռքահայերի զարմանահրաշ արկածները Երևանում: Սկզբից Էդմոնդը հայտնում է, որ հրաժարվում է ծրագրից, և պահանջում իր գումարները տոկոսներով, այն դեպքում երբ ժամանակ կա մեկ տարի և երկու ամիս, հետո հրաժարական են տալիս սիրիացիները և նույնպես պահանջում գումարները' ընդհանուր մոտ 1.2մլն+0.9մլն = 2.100.000ԱՄՆ դոլար:
Իմ համար պարզ դարձավ, որ սցենարը կրկնվում է և հեղինակը, Էդմոնդը փաստորեն կրկնում է 2004թ. իր տրյուկը, անպատիվ բառերով, հայհոյանքներով, նույնիսկ ահաբեկելով դուրս եմ վռնդել նրանց գրասենյակից, ծրագիր ունենալով դիմելու պատկան մարմիններին այդ լկտի մարդկանց կարգի բերելու համար:
Մայիսի 3-ին նրանք դիմում են այն ժամանակ Էդմոնդին ընկեր համարվող Արմեն Ղազարյանին, որը ինձ հրավիրում է իր գրասենյակ, իբր թե հարթելու համար, այդտեղ են գտնվում Է. Եսայանը և Է. Խուդյանը:
Ինձ առաջարկում են 100.000 ԱՄՆ դոլար, որ ես հրաժարվեմ այս օբյեկտից: Փաստորեն կա արդեն АПЗ, նախագիծը, թույլտվությունը և նրանք փորձում են ազատվել ինձանից, և իմ միջոցով ծանոթացած սիրիացիների հետ տիրանան շենքին, նույնիսկ չպատկերացնելով, որ ես արդեն ծախսել եմ մոտ 700.000 ԱՄՆ դոլար իմ կողմից:
Ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվում, նրանք ինձ հայտարարում են, որ դիմելու են ԱՄՆ դեսպանատուն, իբր թե ԱՄՆ-ի քաղաքացու վախեցնելու և խաբելու համար, և մեկնում արտասահման: Այլևս ես հնարավորություն չունեի պայքարելու, քանի որ կատարել էի մեծ սխալ, որ օբյեկտները գրանցել էի նրանց անուններով:
Եվ այդ ժամանակ ես գտա միակ հնարավոր լուծումը: Ունենալով քանդման թույլտվություն, հողին հավասարեցրի շենքերը, և տարածքը բերեցի այնպիսի վիճակի, որպեսզի նրանք չկարողանան վաճառել:
Կատարվածից շփոթված սիրիահայերը հրաժարվեցին վերջնականապես, միաժամանակ խոստովանելով, որ իրենց այդ քայլին հրահրել է Էդմոնդը, խնդրեցին իրենց վերադարձնել տրված գումարը, քանի որ իրենց մոտ պրոբլեմներ է առաջացել Սիրիայում:
Ինչ վերաբերվում է Էդմոնդին, տեսնելով, որ այլընտրանք չկա, 2005թ. սեպտեմբերի 9-ին և 16-ին կնքեց երկու պայմանագիր արդեն նոտարական հաստատմամբ շինարարություն կատարելու և մեր կարգավիճակները հստակեցնելու ուղղությամբ և խոստացավ, որ կհայթայթի սիրիացիներին տրվելիք 1 մլն դոլարը, որն էլ փոխանցեց սիրիացիներին 2005թ. դեկտեմբերի 8-ին:
Արդյունքում' ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ 2006 մայիսին ներդրված 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի դիմաց կստանա 2750000 դոլար: Ես սկսեցի շինարարությունը և արդեն 2006թ. ապրիլին ունեինք 6 հարկ կամ 5700մ2 տարածք, որի շուկայական գինը մոտ 5մլն ԱՄՆ դոլար էր:
Կարծես թե հարցերը հարթվեցին: Որ Էդմոնդը գործով փայատեր կամ ներդնող չէր, ապացուցվում է 2005-2006թ. Իր կողմից ուղարկված փաստաթղթերով և հետևաբար չէր հետաքրքրվում ինչ գնով է կառուցվում ինչ գումարներ և ով է ներդնում, թեկուզ պայմանագրով նախատեսված էր, որ ինքը պետք է վճարի կատարված աշխատանքի համար:
Ինչ խոսք պայմանագրով նախատեսված էր նաև մակերեսներով վճարումը: Առաջին գնորդը հայտնվեց 2006թ. մարտին վճարեց 30.000 դոլար, որը փոխանցվեց Էդմոնդին: Այդ օրերին շենքի շուրջը պտտվում էր մի անձնավորություն, ոմն Վահան, որը մարդիկ էր հրավիրում շենք և տարածքներ առաջարկում որպես շենքի տեր:
Ես զրուցեցի այդ Վահանի հետ, որն էլ ինձ հայտնեց, որ ինքը Էդմոնդի ծանոթն է և 2005թ. Ինքը 4 մլն դոլարով ամբողջ շենքը պատրաստվում էր գնել, բայց չգիտեր ինչու չստացվեց: Ես նրան ներկայացա և արգելեցի մինչև Էդմոնդի հետ ճշտելը նրա ներկայությունը մեր շենքում:
Զանգեցի Էդմոնդին և նա ասաց, որ իրոք իր ծանոթն է և հաստատ գնորդ է: Եվ Էդմոնդը եկավ Երևան: Այդ Վահանի հետ մեկ ամիս բանակցեցին և եկան համաձայնության, որ Վահանը վճարում է 4 մլն դոլար ընդ որում 2006թ. մայիսի 4-ին 800.000 դոլար, 20-ին 1.200.000 դոլար և հունիսին 2000.000 դոլար 2-րդ, 3-րդ 4-րդ և 5-րդ հարկերի տարածքների համար:
Պայմանավորվելուց հետո Էդմոնդն էլ իմ առջև պայման դրեց, որ 4 մլն դոլարը ինքը պահանջում է, որ Վահանը Մոսկվայից փոխանցի ԱՄՆ: Իմ հարցին, թե ինչու ավելորդ 1250000 դոլարը չի փոխանցում Երևան, չէ որ իր ստանալիքը 2750000 դոլար է, պատասխանեց, որ ինքը գումարը պետք է հսկի և ուղարկի Հայաստան այնքան, որ շենքի շինարարությունը չդադարի:
2006 ապրիլին մեր շենքի առաջին գնորդ Ս. Կարապետյանը տեսնելով Վահանին Էդմոնդի հետ ինձ տեղեկացրեց, որ Վահանը, կարծես թե, Մոսկվայի խարդախներից է, որը կեղծ փաստաթղթերով տներ է վաճառում, և նույնիսկ իրեն էլ է տուն առաջարկել:
Ես անմիջապես տեղեկացրի Էդմոնդին, որը բանի տեղ չդրեց ինֆորմացիան և ավելին Վահանը Էդմոնդից խնդրեց 1000 դոլար, նա տվեց: Էդմոնդը և Վահանը ինչ-որ պայմանագրեր գրեցին թարգմանեցին ռուսերեն և ուղարկեցին Մոսկվա:
Էդմոնդը մեկնեց ԱՄՆ և մեր մեջ այլևս իր ստանալիք գումարի մասին խոսակցություն տեղի չի ունեցել: Իրականում պարզվեց, որ Վահանը մոսկովյան հայտնի խարդախներից է, որը Երևանում սկաներով պատճենահանված փաստաթղթերով տարբեր շենքերից տներ է վաճառել և փախել Հայաստանից: Էդմոնդը իմանալով, որ խաբվել է եկավ Երևան և փոխանակ միջոցներ փնտրելու հարցի կարգավորման ուղղությամբ սկսեց ինձնից պահանջել 2750000 ԱՄՆ դոլար կամ էլ յուրաքանչյուր ամիս տուգանք սկզբից 70000դոլար, հետո էլ 100.000 դոլար:
Բայց գործերը լավ էին ընթանում, սկզբից 6 հարկը գրանցեցինք (նկուղ + 5 հարկ) Է. Խուդյանի անունով, հետո սկսեցին գնորդներ հայտնվել: Ես իմ ընկերների միջոցով փոխառություն վերցրեցի 1մլն դոլար, որից 550000 դոլարը տվեցի Էդմոնդին, իսկ գնորդներից 100000 դոլար:
Միևնույն է, նա հիմա էլ ունենալով սեփականության վկայական և 650.000ԱՄՆ դոլար, դիմեց դատարան ինձ հետ կնքված պայմանագրերը չեղյալ համարելու և ինձ իմ իրավունքներից զրկելու համար, հաշվարկը պարզ էր, 6-րդ հարկից սկսած սեփականությունը պատկանալու էր ինձ (ըստ պայմանավորվածության), իսկ այդ պահին գրանցված էր վերգետնյա 5 հարկը:
Այդ ընթացքում նրան առաջարկեցի վերցնել շենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերը և արդեն տրված 650.000 ԱՄՆ դոլարը և լքել մեկընդմիշտ Հայաստանը, հանգիստ թողնի մեզ, որ մենք մեր գործը անենեք:
Նորից չհամաձայնվեց և միայն այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ունեցած փաստաթղթերով նա կարող է լավագույն դեպքում ստանալ ներդրված գումարից ավել 2 տարվա բանկային տոկոս, միանգամից առաջարկեց հաշտություն կնքել, որտեղ դրվեցին պայմաններ, որից մեկը «Վեռմ» ՍՊԸ-ին վճարելն էր:
2007թ. մարտին արդեն կառուցվել էր 11 հարկանի շենքի մոտ 10 հարկը և ավարտին մնում էր 1.5 հարկ, ինչպես նաև երեսպատման աշխատանքների հարթեցման, գաջի, սվաղի մի մասը, որը իմ հաշվարկներով կպահանջեր ևս 1750000 դոլար:
Եվ քանի որ կարմիր կովը կաշին չի փոխում, Էդմոնդը հայտնվում է Երևանում և հայտարարում, որ մենք խախտել ենք հաշտության պայմանագիրը, բայց ինքը մեծահոգի է, չի ցանկանում մեզ հետ աշխատել, որ հիմա ինքն է շինարարություն անելու:
Իմ զգուշացմանը, որ առանց լիցենզավորման և ձեռնարկատիրական իրավունքի ինքը չի կարող շինարարություն անել, նա նույնիսկ չի լսում և շենքում հայտնվում են Է. Խուդյանը, ներքին գործերի մայոր Ա. Դավթյանը, որը Էդմոնդի հրամանով նշանակվում է շինարարության ղեկավար (մասնագիտությամբ շինարար չէ), Է. Եսայան-հաշվետար, նյութերի գնորդ, Ա. Ղազարյան լիազորված անձ, ոչ մի շինարար և ես կասկածում եմ, որ ընդհանրապես կրթություն ունեն:
Ընդհանուր ղեկավարությունը տանում է է. Խուդյանը բացելով «սև» գիրք և գրի առնելով ծախսերը, ոչ մի ձեռնարկության, նյութերի ձեռք բերման ոչ մի փաստաթուղթ, և ոչ մի հիմնավորում գների:
Եթե մինչ այդ մենք պեմզաբլոկը ձեռք էինք բերում 165-175 դրամ հատը, այդ թվում ԱԱՀ, ապա նրանք ձեռք են բերում իրենց ընկերներից առանց փաստաթղթերի 180 դրամ հատը արժեքով, անորակ և առանց երկրաչափական ձևի:
Եթե մենք գնում էինք «Միկմետալ», Եվրոպա-ձեռնարկություններից հաշիվ ապրանքագրերով, մեկ մեքենայով տեղափոխելով 25-30 տ ամրան, տեղափոխումը մատակարարողի հաշվին, ապա հիմա նույն քանակը տեղափոխում էր 8-10 մեքենայով առանց հաշիվ ապրանքագրերի և գնում էին փողոցի խանութներից առանց կշեռքի և ավելի թանկ:
Շատ ժամանակ մատակարարների գումարները, որոնք աստղաբաշխական թվեր էին կազմում, չէին վճարում և շենքում տեղի էին ունենում «ռազբորկաներ»: Վերջին հերոսությունը միլիցիոներ Ա.Դավթյանի շենքի սեյսմոկայունության վտանգումն էր: Երբ չլինելով մասնագետ ամբողջ շենքը կոմպրեսորով քանդ ու քարափ էր արել իբր թե կոմունիկացիա անցկացնելու համար:
Էդմոնդ Խուդյանն էլ իր հերթին 154-160 ք.մ. բնակարանները, որոնց պատերը շարված էին, քանդել նոր հատակագծեր էր մշակել 50-70 մ2 առանց միջանցիկ օդափոխության տուփեր ստացել, իբր թե շուտ վաճառելու համար: Փաստորեն ապրիլ-մայիս-հունիս ամիսներին և հետագայում նկուղ էր լցվել մոտ 2000 խ.մ. շինարարական աղբ բաղկացած քարից, բետոնից, գաջից, պեմզոբլոկից:
Արդյունքում շենքը վտանգվեց, գումարները ըստ ինձ կողոպտվեցին, աշխատավարձները բաժանվում էին գրպանից ըստ պատահական մարդկանց հայտարարությունների:
Ստիպված, տեսնելով ավերվածության չափը դուրս եմ վռնդել շենքից այդ ոհմակը, բայց մեծ կորուստներով, օրինակ միայն միլիցիոներ Աշոտը վերցրել է 45 հազար դոլար, որից 5000 դոլարը երկու ամսվա աշխատավարձ հերոսությունների համար, 40000 դոլարը, որով պետք է պատուհաններ պատրաստեր, պարզվում է երկրորդ մասնագիտությունն էլ պատուհան սարքելն էր, չի կատարել, ասելով, որ այդ գումարը Էդմոնդը իրեն տվել է որպես օգնություն:
Սակայն ես հիշում եմ, որ իմ ներկայությամբ նա Էդմոնդին ապացուցում էր, որ ինքը ամենալավ պատուհաններն է պատրաստում 60 դոլար 1ք.մ. արժեքով, իսկ երբ պահանջեցինք' պարզվեց 120 դոլար 1ք.մ., առանց փաստաթղթերի, թուրքական արտադրության:
Ստիպված 2010 թվականին դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը, որպեսզի Աշոտին ուղարկեն պատուհանները դնի, և մասամբ հաջողվել է: Եվ քանի որ «Վէռմ» ՍՊԸ-ն այդ ժամանակ ղեկավարում էր իմ կրտսեր եղբայրը Ռուբեն Մանգասարյանը, որը պրոֆեսիոնալ շինարար է, նա հարց դրեց բոլոր հարաբերությունները «Վէռմ»- Է.Խուդյան դադարեցնել և մենք ստեղծեցինք մի փաստաթուղթ, որով Վէռմը ոչ մի պահանջ չուներ Էդմոնդից և համարում էր իր կատարած աշխատանքը վճարված, իսկ վճարման մասում նշված էր միտումնավոր այն մարդկանց անունները, որոնց գումարները ստացել էր Էդմոնդը:
Այդ փաստաթուղթը կազմվել էր զուտ ապահովության համար, քանի որ ցանկացած պահի հնարավոր էին փլուզումներ և մարդկային զոհեր: Փլուզումներից խուսափեցինք, բայց ոչ մարդկային զոհերից:
«Վեռմ»-ի հրաժարականից հետո, շենքում երկու մարդկային զոհ տեղի ունեցան: Տապալելով աշխատանքները Է.Խուդյանը միևնույն է 2007թ. մայիսին 11 հարկը ձևակերպում է իր անունով, այդ այն դեպքում, որ 6-րդ և բարձր հարկերը իմ սեփականությունն էին, և այդ պայմանագիրը ոչ ոք չէր լուծել:
Այնուհետև այցելում է HSBC, HBB, AGRICOLE բանկեր և փորձում է այդ վկայականով վարկեր վերցնել, բայց քանի որ այս հարցը արդեն հնչեղություն ուներ ոչ մի բանկ չի ընդունում նրա առաջարկը:
2007թ. օգոստոսին նա կատարում է վերջին շանտաժը ասելով, որ եթե ես իրեն 1200000 դոլար չտամ, ապա ինքը շենքը կվաճառի ու կթողնի գնա, քանի որ հիմա էլ պարզվում է, որ այդ գումարները, որ ինքը բերել է Երևան իրենը չեն, այլ ԱՄՆ-ի երկու քաղաքացիների, որոնք բանտում են գտնվում և իրենց տները վստահել են Էդմոնդին, նա էլ բանկից այդ տներով գումար է վերցրել և հիմա նրանք ազատվում են և շտապ պետք է գումարը տարվի և տները հետ վերցվի:
Եվ այստեղ առաջանում է այն պահը երբ ես կարող եմ Էդմոնդին բերել իրավական դաշտ և պաշտպանել այն մարդկանց շահերը, որոնք բնակարաններ են գնել նախնական պայմանագրերով:
Առաջարկվում է շենքը որպես արժեք ներդնել ձեռնարկության մեջ և մեզ տալ մեր ներդրումներին համապատասխան բաժնեմասերը, որից հետո մենք պայմանավորվում ենք HSBC բանկի հետ 2000000
դոլար վարկ տալու համար' տարեկան 14% տոկոսադրույքով:
Որոշում ենք մեկ տարում փակել վարկը' ծախսերը ավելացնելով 300000 դոլարով: Այդպես էլ արեցինք և 2007թ. հոկտեմբերի 1-ին կնքեցինք բաժնեմասերի առք ու վաճառքի նախնական պայմանագիր, որտեղ որոշվեց իմ և Ղ.Ղալումյանի ներդրումը 2.217000 դոլար և, ի զարմանս մեզ, Էդմոնդը պահանջեց, որ իր ներդրումը 1600000 գումարի փոխարեն ամրագրվի որպես 3481000 դոլար, այսինքն այնքան, որ իր շահերը մեջը ստանա և 61% բաժնեմասով հսկի աշխատանքներին և մեկ պայման էլ, որ նոր ձեռնարկություն չստեղծվի, այլ օգտագործվի արդեն իսկ 2005 թվականից իրեն պատկանող «Արին-Կապիտալ» ՍՊԸ-ն: Բերված փաստերը ապացուցում են պայմանագիրը իր երկու հավելվածներով:
Այստեղ ավարտվում է «սփյուռքահայերի» զարմանահրաշ արկածները Երևանում և սկսվում է սփյուռքահայ Էդմոնդի և ապարանցի Էդոյի ոչ պակաս զարմանահրաշ խարդախությունները Երևանում:
(շարունակելի)
Վլադիսլավ Մանգասարյան
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել