
Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի դպրոցում սովորող աշակերտներից ոմանք ոչխարի մորթուց կտորներ են տանում իրենց հետ, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, բայց քանի որ պատուհանները հերմետիկ չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են, ստիպված են դասերն անցկացնել ցուրտ սենյակներում: Այս պայմաններում սովորում է 230 աշակերտ:
Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի կենտրոնում է գտնվում միջնակարգ դպրոցը: Սովորաբար շենքերի արտաքին տեսքից, ճարտարապետական լուծումներից կարելի է կռահել, թե ինչի համար է այն ծառայեցվում: Լուսագյուղի դպրոցի դեպքում այդպես չէր: Երկհարկանի կիսախարխուլ շենքը ոչ մի աղերս չունի դպրոցի հետ: Շենքի պատուհանները կոտրված են, քարերը` շինությունից դուրս եկած, իսկ առաջին հարկի պատերի կեսը տարածքի ջրափոսերից ամբողջությամբ խոնավացել է: Այս տեսարանը դժվար թե ինչ-որ մեկին հուշեր, որ շենքում երեխաներ են կրթվում:
Լուսագյուղի համայնքապետ Սարիբեկ Կարապետյանն ասաց, որ «կոմունիստների ժամանակից ի վեր» դպրոցը չի վերանորոգվել: Դպրոցն իր հաշվին կոսմետիկ նորոգումներ արել է, բայց պետական որեւէ ծրագրով կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: «Դպրոցի շենքը երկու փուլով է կառուցվել: 70-ականներին առաջին հարկն է կառուցվել, հետո` մոտ 10 տարի անց, ավելացրել են երկրորդ հարկը: Ես 46 տարեկան եմ, առաջին անգամ այդ դպրոցն եմ գնացել»,- հիշեց գյուղապետը:
Ս. Կարապետյանի ասելով` դպրոցը վերանորոգման որեւէ ծրագրում ընդգրկված չէ, բայց խոստացել են, որ մինչեւ 2013 թ. գյուղի համար նոր դպրոց կկառուցեն: Գյուղապետը մանրամասներին չէր տիրապետում: «Դպրոցի խնդիրը ներկայացվել է մարզպետարանին, մարզպետն ինքն անձամբ այցելել եւ տեսել է դպրոցը: Մասնագետներ է ուղարկել, քննարկել են դպրոցի հարցը: Մասնագետներն ասել են, որ այն վերանորոգման ենթակա չէ, քանի որ շենքը վթարային է, նոր դպրոց պետք է կառուցվի: Եթե այս ճգնաժամը չլիներ, դպրոցն արդեն կառուցված պետք է լիներ, բայց հիմա խոստացել են, որ մինչեւ 2013 թ. կկառուցվի»,- ասում է Լուսագյուղի գյուղապետը:
Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզում վերանորոգման խիստ կարիք ունի 40-ից ավելի դպրոց: Այս տարի նախատեսվել է վերանորոգել ընդամենը 12 դպրոց: «Միջնաժամկետ ծրագրերով նախատեսվում է առաջիկա 3 տարիների ընթացքում վերանորոգել մարզի բոլոր դպրոցները: Վերանորոգման ընթացքը կախված է հանրապետության վիճակից: Արդյոք այդքան ֆինանսական միջոցներ կլինե՞ն, որ ծրագրերն ավարտին հասցվեն, որովհետեւ խոսքը մեծ գումարների մասին է»,- ասաց Գ. Սայադյանը:
Վարչության պետը թերահավատ էր, քանի որ խոսքն «անհավանական» գումարների մասին է: «Մարզում ահավոր վատ վիճակում գտնվող դպրոցներ ունենք, որոնց վրա զգալի գումարներ պիտի ներդրվեն: Մեկ դպրոցի համար` 100-700 մլն դրամ: Արդյոք այսօր հնարավո՞ր է նման գումարների ներդրումը, որպեսզի 3 տարվա ընթացքում դուրս գանք այս վիճակից, դժվարանում եմ ասել»,- ավելացրեց Գ. Սայադյանը: Նա հաստատեց, որ Լուսագյուղում նոր դպրոց է կառուցվելու. «Նախատեսվում է, որ 2012 թ. սեպտեմբերին նոր դպրոցը շահագործման կհանձնենք»:
Մշակույթի տու՞ն, թե՞ ակումբ. երկուսն էլ կապ չունեն մշակույթի հետ
Դպրոցի հարեւանությամբ գտնվում է մեկհարկանի մի անշուք շինություն: Փոխված էր այդ շենքի միայն դրսի դուռը: Սկզբում մտածեցի, թե գյուղացիներից մեկի տունն է, սակայն աշակերտներից մեկն ասաց, որ իրենց գյուղի մշակույթի տունն է: Գյուղապետին դուր չէին գալիս գյուղի խնդիրների մասին մեր հարցերը, ուստի մեծ դժվարությամբ էր պատասխանում: Սարիբեկ Կարապետյանը միայն ասաց, որ գյուղի «մշակութային օջախը» ակումբ են կոչում եւ նոր-նոր են սկսել վերանորոգման աշխատանքները: Համայնքապետի ասելով` Լուսագյուղում երգի, պարի կամ այլ խմբակներ չկան, ակումբում տեղակայված է միայն գյուղի գրադարանը: «Այլ հարցերի համար ժամանակ չունեմ»,- ասաց գյուղապետ Կարապետյանը եւ հրաժարվեց զրույցը շարունակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել