
Այս պահին Հանրապետական հիվանդանոցում է գտնվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այն բանից հետո, երբ կառավարության շենքի հարեւանությամբ ոստիկանների, բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների եւ խմբակցության պատգամավորների միջեւ բախում է սկսվել:
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ Ա. Բախշյանի արյան ճնշումն է բարձր եւ չի իջնում: Շտապօգնություն է եկել, Անահիտ Բախշյանին ներարկել են, սակայն պատգամավորի առողջական վիճակը դեռ վատ է:
«Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ոստիկանները մեզ օղակի մեջ վերցրին եւ սկսեցին սխմել, դրանից հետո Անահիտ Բախշյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ»,- ասաց պատգամավորը
Նշենք, որ Ոստիկանները քաշքշել են նաեւ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին: Զ. Փոստանջյանն ասաց, որ իրենց ինքնազգացողությունը լավ է եւ այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանությունում, որտեղ կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել Վարդգես Գասպարին:
Միջադեպից հետո պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Զ. Փոստանջյանի փոխանցմամբ` վարչապետն ասել է, թե ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին կհանձնարարի ծառայողական քննություն անցկացնել կատարվածի վերաբերյալ, ինչի արդյունքները կարճ ժամանակահատվածում պարզ կլինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել