
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «Հետքին» ասաց, որ մանդատները վայր դնելու կամ չդնելու հարցը որոշվել է դեռեւս 2010թ. հունիսին` կուսակցության համագումարի ժամանակ: Համագումարում որոշվել է, որ մանդատները վայր դնելը «նպատակահարմար չէ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԺ նիստերի դահլիճում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով կոալիցիայի ստորագրած վերջին հայտարարությանը, դիմելով իշխանական կուսակցություններին, ասաց. «Վերցրեք եւ կերեք, պարոնայք իշխանավորներ, ընդդիմության այս մի քանի մանդատը»: Այս խոսքերից հետո «Ժառանգությունը» լքեց ԱԺ դահլիճը եւ հայտարարեց, որ այս քառօրյայի մասնակցության հարցը ժամանակավորապես առկախվում է:
Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ «Ժառանգությունից» որեւէ մեկը մանդատները վայր դնելու մասին չի խոսել, պարզապես ասել են, որ քաղաքականության մեջ որեւէ բան չեն բացառում, ինչից հետո ԶԼՄ-ները տարածել են, թե պատգամավորները վայր են դնում մանդատները:
Իսկ կոալիցիոն հուշագրի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ իշխանական որոշ պատգամավորներ հայտարարեցին, թե դա բացառապես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի իրավունքն է: Որոշներն էլ «Ժառանգության» այդ քայլը կապեցին մարտի 1-ի հետ:
Այս առնչությամբ Ս. Սաֆարյանն ասաց, որ «Ժառանգության» հնչեցրած բողոքի առաջին հասցեատերը հասարակությունն է: Ընդդիմադիր պատգամավորի համար ծիծաղելի է իշկանական ճամբարից եկող այն հայտարարությունները, թե նոր հուշագիրը միայն ստորագրող կուսակցությունների գործն է:
«Իշխանական թեւի որոշ սակավամիտներ մեր քայլը կապեցին նաեւ մարտի 1-ի հետ: Մարտի 1-ը մեզ համար հիշատակի, զոհերի հիշատակը հարգելու եւ նրանց գերեզմանին ծաղիկ դնելու օր է: Իսկ իրենց իշխանությունը 3 տարի առաջ 10 մարդ սպանեց այդ օրը»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել