
Մարզերում ապրող քաղաքացիները թեև այնքան էլ տեղեկացված չեն քաղաքական անցուդարձից, բայց արդեն անգիր գիտեն, թե ընդդիմությունը երբ է հանրահավաք կամ բողոքի ակցիա անցկացնում: Այդ օրը փակվում են Երևան եկող բոլոր ճանապարհները: Այնպես չէ, որ ընդհանրապես հնարավոր չէ Երևան հասնել, սակայն դրա համար պետք է հավելյալ գումար ծախսել, քանի որ հասարակական տրանսպորտը չի աշխատում, և մարդիկ մայրաքաղաք են գալիս միայն տաքսիներով:
Այսօր Հայ ազգային կոնգրեսը Մատենադարանի հարակից տարածքում հանրահավաք է հրավիրել, և հերթական անգամ «գիծ» դուրս չեն եկել Էջմիածնից, Աշտարակից և այլ վայրերից մայաքաղաք եկող երթուղայիններն ու ավտոբուսները: Նշենք, որ Էջմիածին-Երևան երթուղին պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:
Գծատերերից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց, քանի որ ամեն անգամ` հանրահավաքի օրերին, նրանք լրագրողների համար դառնում են «անհասանելի»:
Իսկ Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ նախարարությունը ճանապարհների բաց կամ փակ լինելու վերաբերյալ պարզաբանում կներկայացնի ավելի ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել