
Վեհափառն այդպես չէր պայմանավորվել
Օրեր առաջ «Հետքը» տեղեկություն ստացավ այն մասին, որ վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ն այցելել է Ծաղկաձորի «Կեչառիս» համալիր, տեսել ռեստորանաշինության հսկայական չափերը եւ բարկացել: Նա պահանջել է դադարեցնել շինարարությունը` նշելով. «Այս ի՞նչ եք արել: Մենք այդպես չէինք պայմանավորվել»:
Այս մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար «Հետքը» խոսեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Մեր հարցին, թե արդյո՞ք վեհափառն այցելել է «Կեչառիս» եւ արդյո՞ք ռեստորանաշինությունը նրան բարկացրել է, Տեր Վահրամը պատասխանեց.
«Այդ առնչությամբ տեղեկացնեմ, որ «Կեչառիսի» կողքին տեղի ունեցող շինարարության հարցը Վեհափառ հայրապետի կողմից տրվել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գործող ճարտարապետների խորհրդին: Նաեւ ակնկալվում էր Հուշարձանների պահպանության հանձնաժողովի կարծիքը: Թե ինչպիսի ընթացք կունենա, այդ մասին առաջիկայում կարող եմ տեղեկացնել. այս պահին տեղեկություն չունեմ»,- նշում է Տեր Վահրամը:
Մենք կրկին շեշտեցինք հարցը, թե արդյո՞ք վեհափառն այցելել է «Կեչառիս» եւ բարկացել շինարարության հսկայական չափերի վրա: Տեր Վահրամը պատասխանեց. «Վեհափառ հայրապետը միշտ էլ այցելություններ է կատարում տարբեր վանքեր եւ այդ ընթացքում նաեւ «Կեչառիս» այցելություն ունեցել է: Այցի ընթացքում ես Վեհափառ հայրապետին չեմ ուղեկցել, հետեւապես մանրամասներ այցի մասին չեմ կարող հայտնել»,-ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:
Այցի մասին մանրամասներ իմանալու նպատակով` «Հետքը» խոսեց նաեւ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի հետ: Քաղաքապետը նշեց, որ ինքը տեղյակ չէ վեհափառի այցից. «Ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ, ես ներկա չեմ գտնվել այնտեղ»:
Հարցն ուղղեցինք նաեւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանին. «Ես ներկա չեմ եղել, ոչինչ չգիտեմ այդ մասին»,-նշեց նա:
Հետաքրքիր է` կաթողիկոսն այցելել է «Կեչառիս» վանական համալիր եւ այդ մասին ոչ ոք տեղյակ չէ` նույնիսկ Կոտայքի թեմի առաջնորդը: Ուրեմն ո՞ւմ հետ է հանդիպել վեհափառը, ո՞ւմ վրա է բարկացել եւ ո՞ւմ է ասել. «Մենք այդպես չէինք պայմանավորվել»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել