
Քաղաքացի Կորեյկոն կորցրել էր հավատը մարդկության, իսկ դիլիջանցին` եկեղեցու նկատմամբ
Ծնունդով դիլիջանցի, Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանն ու դիլիջանցի Աշոտ Հովհաննիսյանը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին` Տավուշի մարզպետարանի կողմից ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով մի քանի անգամ նամակներ ստանալուց հետո:
Խոսքը Տավուշի մարզի Գոշավանք վանական համալիրի անմիջապես հարեւանությամբ իրականացվող շինարարության մասին է, որը 20-րդ դարի 20-30-ական թթ. եղել է դպրոց, 80-ականներից հետո այն ծառայել է որպես բնակարան, եւ այնտեղ ապրել է 3-4 ընտանիք, իսկ խորհրդային կարգերի փլուզումից հետո մասնավորեցվել է, որի սեփականատերը Ջահան Մայիլյանն է` «Գոշավանք» միջնադարյան արհեստների կենտրոն» հիմնադրամի նախագահը: Մայիլյանին ներկայացնում է դիլիջանցի Աշոտ Հովհաննիսյանը, ով «Հետքին» պատմեց եղելությունը:
Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ շինարարությանը խոչընդոտում է եկեղեցին: Այդ առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը «Հետքին» ասաց, որ խոսքը վերաբերում է 18-րդ դարում կառուցված երիցատանը, որը հետագայում վերածվեց դպրոցի, ապա տրվեց գյուղապետարանին:
«Վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող պատմական այդ կառույցը օտարվել էր մասնավոր անձի, ով էլ քանդել էր այն` ցանկանալով տեղում ռեստորան կառուցել»,- ասում է նա: Նախկին դպրոցի շենքը մեկհարկանի անկյունաձեւ կիսախարխուլ շինություն էր, որը, Հովհաննիսյանի խոսքով, նախապես որոշված է եղել վերանորոգել: «Սակայն տանիքը փոխելու ընթացքում պատը քանդվեց, եւ պատերի միջից դուրս եկան զարդաքանդակներ, որոնք հիմա լցված են սեղանատանը,- ասում է նա,- մենք էլ որոշեցինք շենքը քանդել եւ ժողովրդական ոճով կառուցել»:
Հովհաննիսյանն ասում է, որ այդ տեղում կառուցում են միջնադարյան արհեստների կենտրոն եւ թանգարանային համալիր, քանի որ այդ տարածքի գյուղերում զարգացած են եղել կավագործությունը, փայտագործությունը, կարպետագործությունը:
«Մենք բազմաթիվ ծրագրեր ունեինք, որն իրականացնելիս գյուղից շատերը աշխատանք կունենային, իսկ արհեստների զարգացմամբ, թերեւս, կապ հաստատվեր Սփյուռքի հետ»,- ասում է նա:
Ամբողջ խնդիրն այն է, որ նոր շենք կառուցելու համար փորված հիմքը, որը 2007 թ.-ից այդպես էլ մնացել է, խանգարում է գյուղի բնակիչներին խոտ եւ փայտ բարձրացնել դեպի վեր: Գոշ գյուղը անկանոն է դասավորված, եւ խնդրահարույց շենքի կողքից մի նեղլիկ ճանապարհով դեպի վեր 7-8 տուն կա, որոնց համար փորված հիմքը լուրջ խոչընդոտ է, քանի որ ճանապարհը զառիթափ է եւ գտնվում է հենց փոսի պռնկին:
«Էլ տեղ չի մնացել, որ չդիմենք,- «Հետքին» ասում է Գոշի բնակիչ Անդրանիկ Գրիգորյանը,- շալակով ենք ցախ կրում, էդ փոսի խաթեր կովը ծախեցինք: Հլը փետը մի կեպ կրում ենք, 2-3 տոննա խոտը ո՞նց շալակով բարձրացնենք»:
Գրիգորյանն ասում է, որ վարորդները հրաժարվում են բարձած թափքով մեքենան քշել զառիթափով վեր, իսկ նախկինում, երբ շենքը կանգուն էր, այդ խնդիրը չկար:
Գոշում ամեն երրորդ տան դուռը փակ է. Ռուսաստանում են, դպրոցում էլ այս տարի երկու երեխա է ընդունվել առաջին դասարան, իսկ անցյալ տարի` մեկ երեխա: «Առաջին, երկրորդ, երրորդ դասարանցիներին մի տեղ են դասավանդում, որովհետեւ երեխա չկա»,- բողոքում է Գրիգորյանի կինը` Ռուզան Մելքոնյանը, ով Գոշի դպրոցի ուսուցչուհի է: «Իմ երկու եղբայրներն էլ են Ռուսաստանում, ես չեմ ուզում գնալ, բայց սենց ապրել չի լինում,- դժգոհում է Գրիգորյանը,- Կառավարություն դիմել ենք, մարզպետարան դիմել ենք, էնքան են մեզ խաբել` էլ ոչ ոչքի չենք հավատում»:
Աշոտ Հովհաննիսյանը «Հետքին» տրամադրեց բոլոր իրավական փաստաթղթերն ու թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են շինարարությունը սկսելու համար:
Ջահան Մայիլյանի անունից ստացված հայցին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանել է. «ՀՀ Մշակույթի նախարարությունը հնարավոր է գտնում հուշարձանի կարգավիճակ չունեցող Գոշի 6 փ. 2/1 հասցեում գտնվող տան վերականգնումը, որն անհրաժեշտ է իրականացնել նախկին չափերով, ձեւով եւ նույն շինանյութով»: Հովհաննիսյանն ասում է, որ մշակույթի նախարարի պատասխանից հետո եկեղեցու կողմից շինարարությունը դադարեցնելու առաջարկ է ստացել, որը հետագայում արտահայտվել է Տավուշի մարզպետարանի կողմից համապատասխան նամակներով:
«Մեզ օրենքով բան չեն կարողանում ասել, որովհետեւ բոլոր փաստաթղթերը կան, ու երեւի ուժի դիրքերից են ասում,- մեկնաբանում է նա,- մեր երկրում կաթողիկոսին ոչ ոք չի կարողանում ոչ ասել: Ես երկու անգամ հանդիպել եմ կաթողիկոսին, ու նա ասել է, որ թույլ չի տալու, որ սարքենք»: Սեփականատիրոջ ներկայացուցիչը, շփվելով եկեղեցական կառույցի տարբեր ներկայացուցիչների հետ, հեգնանքով ասում է, որ կորցրել է հավատը եկեղեցու նկատմամբ. «Եթե «Ոսկե հորթի» մեջ Կորեյկոն կորցրել էր հավատը մարդկության նկատմամբ, ապա ես այս գործի ընթացքում կորցրի հավատս եկեղեցու նկատմամբ»:
Տեր Վահրամը հակադարձում է, որ գոյություն ունի վանքի պահպանման եւ կառուցապատման գոտի, որը սահմանված է Կառավարության կողմից. «Պետք է պահպանել ու կատարել օրենքի պահանջը, որպեսզի նման խնդիրներ չառաջանան: Մայր Աթոռի պահանջը սա էր»:
Մշակույթի նախարարության իրավաբանական եւ վերահսկողության բաժնից ստացված գրությամբ հաստատվում է, որ «Վերակառուցման աշխատանքային համաձայնեցումը չի հակասում «Պատմական եւ մշակութային անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանությա մասին» ՀՀ օրենքների պահանջներին»:
Մինչդեռ, երբ տարիներ առաջ Գոշավանքի բաց գմբեթները ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանի ֆինանսավորմամբ ապակեպատվեցին, իսկ լուսամուտները գունավորվեցին` աղճատելով Գոշավանքի հոյակերտ համալիրը, Մայր Աթոռը որեւէ կերպ չարձագանքեց:
Այդ մասին տեր Վահրամը դիվանագիտորեն ասում է, որ ժամանակավոր ծածկույթներ աշխարհի բոլոր երկրների հուշարձանների վրա դրվում են` կանխելու համար դրանց քայքայումը: «Անցյալ դարի 50-60-ական թթ. թիթեղի ծածկույթով ծածկվել են Հայաստանում բազմաթիվ վանքեր եւ եկեղեցիներ,- մեկնաբանում է նա,- Գոշավանքի պարագային եւս, որպեսզի վանքը փրկվի քայքայող ջրերից, միջոցներ ձեռնարկվեցին այդ ուղղությամբ եւ որպես ծածկի նյութ ընտրվեց ապակին»:
Մայիլյանի ներկայացուցիչը իրենց դիրքորոշումը բարոյապես եւ իրավաբանորեն ճիշտ է համարում: «Երկիրը զարգանում է գործարարների շնորհիվ,- մեկնաբանում է նա,- եթե մենք դրսում աշխատած փողն ուզում ենք բերել եւ էստեղ` էս երկրի համար մի բան սարքել, ինչի՞ պիտի չարվի»:
Երկու կողմերն իրենց դիրքորոշումներում անհողդողդ են, արդյունքում տուժում է գյուղացին:
«Այդ օրերին հատուկ հանձնախումբ` կազմված տարբեր պետական մարմինների եւ եկեղեցական կառույցների ներկայացուցիչներից, այցելեց Գոշավանք,- հայտնում է տեր Վահրամը,- որոշվեց եւ գյուղապետին ու կառուցապատողին թելադրվեց վերացնել այդ փոսը: Ցավոք, առ այսօր հանձնարարականը չի կատարվել»:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմումատուների բողոքը մոտ երեք ամիս առաջ ընդունել է քննարկման: ՄԻՊ մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանը «Հետքին» ասաց, որ գործի առնչությամբ պաշտպանի գրասենյակը նամակ է գրել Մշակույթի նախարարությանը, որտեղից օրերս պատասխան է ստացվել, որ նախարարությունը պատրաստվում է իրավիճակը պարզաբանելու համար սեփականատիրոջը հրավիրել քննարկման:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել