
Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ ամփոփումը
Սույն թվականի մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երևանի տարածքում գտնվող 75 կրպակի սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլետիվ բողոք:
Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պատկերը հետևյալն է.
- 7 կրպակատեր ունի հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
- 15 կրպակատեր ունի հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
- 25 կրպակատեր չունի հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
- 9 դիմում դեռևս ուսումնասիրության փուլում է:
Նշված ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:
Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար:
Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական և բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաև խնդրով հետաքրքրված այլ անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայտնենք նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էր ներկայացրել 19 կրպակատեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել