
Ինչո՞ւ Սերոբ Տեր-Պողոսյանն այսօր չհարցաքննվեց
Այսօր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ դատական նիստից հետ դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողներին հայտնել էր, որ այս դատական նիստում պետք է ցուցմունք տար Սերոբ Տեր-Պողոսյանը:
Սակայն այսօր դատարանն ուղիղ 3,5 ժամ հարցաքննեց գործով դատակոչված և նախորդ նիստին չներկայացած վկաներից մեկին: «Սա էն վկան էր, որը չէր եկել անցյալ նիստին: Մենք այդ վկային հարցաքննեցինք, և դրանով ավարտվեց այսօրվա դատաքննությունը: Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11-ին, պլանավորում ենք, որ հասցնենք հարցաքննել Սերոբ Տեր-Պողոսյանին»,- ասաց Արամ Ամիզադյանը:
Ըստ մեղադրողի՝ Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննության ծավալը մեծ է, կտևի մոտավորապես 3 ժամ: Դրա համար դատարանն այսօր աննպատակահարմար է համարել սկսել ամբաստանյալի հարցաքննությունը: Ըստ Ա.Ամիրզադյանի՝ այսօր դատարանում վկային երկար են հարցաքննել, որովհետև նրա հետ պարզաբանելու և ճշգրտելու լուրջ հարցեր են եղել:
Հիմնականում դա առնչվում էր պաշտպանական կողմին: Վկան տուժողների հետ որևէ հարաբերություն չուներ: «Տուժողներին նա ուղղակի ճանաչում էր: Հացաքննվում էր որպես Ախթալայի բնակիչ: Նա ճանաչում էր Սերոբ Տեր-Պողոսյանին: Աշխատել է վերջինիս պատկանող «Մեթըլ փրինս» ընկերությունում»,- ասաց մեղադրողը:
«Հետքի» հարցին, թե դեռ որքա՞ն կտևի Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը՝ դատախազ Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե Սերոբ Տեր-Պողոսյանը ինչպիսի ցուցմունք կտա, և դրանից հետո հնարավոր է՝ միջնորդություններ լինեն դատաքննությունը նոր հետազոտություններով լրացնելու համար: Դա կախված է նրանից, որ դատաքննությունը սպառենք ներկայացված ապացույցներով և դրանից հետո անցնենք մնացած գործընթացներին»:
Դատարանը դատաքննության ապացույցների փուլին նախորդ դատական նիստերում մասնակիորեն անցել էր: Այս կապակցությամբ Արամ Ամիրզադյանը հայտնեց. «Անցել է, սակայն ամբաստանյալը նույնպես պետք է ցուցմունքներ տա: Հետազոտել ենք բոլոր ապացույցները, բայց Սերոբ Տեր-Պողոսյանի ցուցմունքները դեռ պետք է գնահատվեն: Ամբաստանյալի ցուցմունքները պետք է այլ ապացույցների հետ համադրվիեն»:
Արամ Ամիրզադյանը նաև հայտնեց, որ եթե գործով դատարան չներկայացած մնացած վկաները հանրապետությունում չեն, ապա չեն կարող հարցաքննվել: Դատարանը կբավարարվի նրանց նախաքննական ցուցմունքներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել