
Հայկ Բաբուխանյանը կրկին վիրավորվել է
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Խմբագիր» ՍՊԸ-ի, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի խմբագիր Աբել Միքայելյանի:
Պատճառը Report.am-ում հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածն է և նույն հոդվածի շուրջ ընթերցողներից ստացված արձագանքները:
ՍԻՄ կուսակցության նախագահ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը պահանջում է հերքել report.am կայքում հրատարակված «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածը, քանի որ, ըստ հայցվորի, հոդվածը և դրա տակ արտահայտած կարծիքները վիրավորել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Նա դրա համար նաև 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում:
Այսօրվա նիստում դատարանը քննարկում էր այն, որ պատասխանող Էդիկ Անդրեասյանի պատասխանը հայցապահանջին հրապարակայնորեն վիրավորանք է` ուղղված հայցվոր Հայկ Բաբուխանյանին: Հայցապահանջում Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ Էդիկ Անդրեասյանի հայրանունը անհայտ է, ի պատասխան այդ պնդմանը` Էդիկ Անդրեասյանն արձագանքել է, թե Հայկ Բորիսի Բաբուխանյանի հայրանունը չի ապացուցում, որ Բորիսը նրա հայրն է: Դատարան ներկայացված պատասխանում վերոնշյալ արտահայտությունը հայցվոր Հայկ Բաբուխանյանը հրապարակային վիրավորանք է համարում:
Դատավոր Ա.Մելքումյանը նախապատրաստական փուլը ավարտված հայտարարեց, և դատաքննության օր նշանակեց հոկտեմբերի 25-ը:
Մեկնաբանել