
Արագածավանում մարդիկ տաքանում են աթարով, բայց գազատար ունեն
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում արդեն հույս չունեն, որ երբեւէ բնական գազ կունենան: Գյուղացիները ձմռանն իրենց տները տաքացնում են՝ ինչով պատահի: Ցախ են հավաքում գյուղի շրջակա տարածքներից եւ ավանակների ու ձիու սայլակին բարձած՝ բերում տուն:
Դեռեւս 2006 թ. հոկտեմբերի 2-ին «Ման-Նախ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան համայնքների ղեկավարների հետ կնքել է պայմանագիր, ըստ որի` պարտավորվել է մինչեւ 2006 թ. դեկտեմբեր 89 մլն դրամով իրականացնել Արտենի եւ Արագածավան գյուղերի միջին ճնշման գլխավոր գազատար խողովակների 6,9 կմ հատվածի կառուցման եւ 1,5 կմ հատվածի վերատեղադրման աշխատանքները: Այդ ժամանակ նույնիսկ ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվել «Ման-Նախի» դեմ, քանի որ ՍՊԸ-ն բանկային վեց փոխանցումներով ստացել է 85 մլն դրամ, սակայն կատարել է ստանձնած պարտավորությունների մոտ 44 տոկոսը` 48.3 մլն դրամի չափով, իսկ մնացած 36.7 մլն դրամը յուրացրել է: «Ման-Նախը» վերականգնել է չկատարած աշխատանքները, սակայն դրանից կարծես թե ոչինչ չի փոխվել. գյուղացիները շարունակում են ձմռանը տաքանալ աթարով ու փայտով: Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ծրագրով նախատեսված էր անցկացնել 20 կմ երկարությամբ գազատար խողովակ, որը պետք է սպասարկեր Արեգ, Արտենի եւ Արագածավան գյուղերը:
Քրեական գործի հարուցումից եւ չկատարած աշխատանքները վերականգնելուց հետո Արագածավանի համայնքապետը «Ման-Նախ» ՍՊԸ-ից պահանջ չունի, սակայն դժգոհ է, որ սահմանամերձ գյուղը երկար տարիներ մնացել է առանց գազի: «4 կմ գազատար գիծ էլ պետք է կառուցվեր IFAD-ի ծրագրով, սակայն աշխատանքների կեսը` 2 կմ, կառուցված չէ: 3-4 տարի է՝ աշխատանքներ չեն տարվում, սկի մոտ եկող չկա: Արեգ-Արտենի-Արագածավան համայնքների գիծը թալանվել է արդեն: Մի երկու անգամ գողերին մենք ենք բռնել, մի քանի անգամ ոստիկանություն ենք դիմել, այդպես էլ սարսափելի վիճակում մնացել է: Չգիտեմ, թե այդ թալանված վիճակի վերջը ոնց է լինելու»,- անհանգստացած է Անդրանիկ Պապիկյանը: Գազ ունենալու համար 16 մլն դրամի ներդրում արել է Արագածավանի համայնքապետարանը, 3 մլն դրամ էլ ներդրել է Արտենիի համայնքապետարանը: «Խնդիրը բազմիցս ներկայացրել եմ: Իմ կարծիքով՝ գյուղն ընդհանրապես գազ չի ունենա»,- եզրակացնում է համայնքապետը: Այս առնչությամբ Արագածոտնի մարզպետարանից խոստացան պարզաբանումներ տալ առաջիկայում:
Արագածավանում միայն գազը չէ, որ խնդիրներ է առաջացնում գյուղացիների համար: Գյուղը չունի խմելաջուր, եւ մարդիկ ստիպված այն գնում են: Ամեն օր Թալինից բեռնատար մեքենայով ջուր են բերում Արագածավան եւ մեկ դույլը վաճառում մոտ 40 դրամով: Արագածավանի գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Մանուկ Խոեցյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղն ընդհանրապես խմելաջուր չի ունեցել, իսկ ներցանցային համակարգը կառուցվել է միայն արտեզյան հորերի ջուրը մարդկանց հասցնելու համար: Գյուղում կա 2 արտեզյան հոր, եւ համայնքապետարանը գյուղացիներին կարողանում է ապահովել միայն տեխնիկական ջրով, որը խմելու համար պիտանի չէ: «Խմելաջրի լուծումը կլինի այն դեպքում, երբ Թալինի բարձրադիր գյուղերն ապահովված լինեն ոռոգման ջրով: Այդ գյուղերում մարդիկ ոռոգման ջուր չունեն եւ մաքուր ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով»,- ասում է Մ. Խոեցյանը: Համայնքապետարանը մի քանի անգամ փորձել է Թալինի բարձրադիր վայրերից ջուրը հասցնել Արագածավան: Մոտ մեկ ամիս Թալինից ջուրը եկել է, սակայն արագածավանցիների ուրախությունը երկար չի տեւել. առաջացել է մեկ այլ լուրջ խնդիր: Դաշտերում անասուններ պահող հովիվները կոտրել են գյուղ եկող խմելու ջրի խողովակի մի հատվածը, որպեսզի իրենց անասուններն այդտեղից ջուր խմեն: Դրանից հետո մի քանի օր կեղտաջուր է հոսել: Գյուղում մի քանիսը նույնիսկ աղիքային հիվանդություն են ստացել, եւ որոշվել է դադարեցնել ջրամատակարարումը: Հաշվապահն ասում է, որ Արագածավան եկող խողովակի երկարությունը մոտ 40 կմ է, եւ իրենք հնարավորություն չունեն ամեն մետրի վրա մեկ պահակ կանգնեցնել, որ հովիվները խողովակը չվնասեն: Գյուղացիներն արդեն համակերպվել են այս վիճակի հետ, քանի որ պատկան մարմիններից որեւէ մեկն իրենց չի խոստացել ապահովել որակյալ խմելաջրով:
Մեկնաբանել