
Վանաձոր համայնքի 2011 թվականի բյուջով 100 մլն դրամ է նախատեսված «էլիտար» շենքի շինարարության համար:
Համայնքային բյուջեից մասնավոր շինարարության համար կատարվող հատկացումը, ըստ Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի, հիմնավոր է: Նրա փոխանցմամբ` մինչ համայնքի ավագանու կողմից 2011-ի բյուջեի հաստատումը համայնքի ղեկավարի և «էլիտար» շենքի կառուցապատողի միջև կնքվել է համաձայնագիր` համայնքային միջոցներից նրան «աջակցություն ցուցաբերելու» նպատակով:
«Շինարարը տնտեսական ճգնաժամի պատճառով չի կարողացել ժամկետներում տեղավորվել, հիմա նոր է վարկավորվել: Քաղաքապետարանը աջակցման իմաստով գումար է նախատեսում բյուջում, որ կարող է չտրամդրվել էլ. երբ որ շինարարը դժվարություն ունենա վարկեր ստանալու խնդրում, այդ ժամանակ կտրամադրվի»,-ասում է փոխքաղաքապետը:
Գումարը, ըստ նրա, հատկացվում է փոխառության կարգով. այն պետք է վերադարձվի շենքի կառուցումն ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում:
«Երբ որ ավարտական ակտը վերցնի ու վաճառի էդ կառուցած շենքը` խանութ կլինի, բնակարան կլինի, և ձեռք կբերի գումար, 100 մլնը կվերադարձնի»,-ասում է:
Փոխքաղաքապետի կարծիքով` կնքված համաձայնագիրը շահեկան է համայնքի համար: Հիշեցնում է, որ «էլիտար» շենքի տարածքն օտարվել է պայմանով, որ կառուցապատողն, այդ տարածքում շենք կառուցելով, պետք է բնակարաններով ապահովի նախկին «ֆոտոէտյուդի» շենքի 12 ընտանիքների:
«Քաղաքապետարանը շահող դիրքում է. քաղաքում ավերված վիճակը վերականգնում է, բնակարան են ստանում իր քաղաքացիները, և իր գումարն էլ վերադարձնում է,-ասում է փոխքաղաքապետը և ավելացնում,-բայց դեռ պայմանագիր չունենք շինարարի հետ, որովհետև իր ուժերով ձեռք է բերել որոշակի վարկ, և գործը սկսել է»:
Նորիկ Սարդարյանի հավաստմամբ` նշված համաձայնագիրը ձեռք է բերվել համատեղ քննարկման արդյունքում. «Այդ մարդիկ գնում գալիս են: Տնակներում են ապրում. տեսանք, որ էլ ճար չկա, կանչեցինք շինարարին, նստեցինք և համատեղ որոշեցինք, որ բերենք այնպիսի մի պայման անենք, որ իրենց առաջվա աճուրդի պայմանը պահպանվի, մարդկանց 12 բնակարանը վերադարձվի, և մենք էլ չկորցնենք»:
Ըստ նրա` «համաձայնագիրը ավագանու որոշմանը նախորդող փաստաթուղթ է». կնքվել է ավագանու նիստից առաջ, որը կայացել է 2010-ի նոյեմբերին:
Սակայն «էլիտար» շենքի կառուցապատող «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանը, ինչպես շենքի հետ կապված շատ հարցերից, այնպես էլ համաձայնագրից տեղյակ չէ, 100 մլնի մասին էլ մոտ մեկ շաբաթ առաջ է իմացել և ոչ քաղաքապետարանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել