
2010 թ. հոկտեմբերի 10-ին շահագործման հանձնվեց Նոյեմբերյանի հիվանդանոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 317 միլիոն դրամով: Բուժհիմնարկի շենքը նոր է, հիմնահարցերը` հին: Տեղապտույտ է տալիս հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացը: Այն սկսվել է 2009 թ. նոյեմբերից: Միավորման առաջին փուլում սկսվեց Նոյեմբերյանի պոլիկլինիկայից Բագրատաշենի, Ոսկեվանի, Զորականի ամբուլատորիաների անջատումը: Դրանք արդեն գործունեության արտոնագիր են ստացել եւ շուտով առանձին ֆինանսավորում կստանան: Դրան կհաջորդի պոլիկլինիկայի միացումը հիվանդանոցին: Սակայն պետռեգիստրի հետ կապված խնդիր կա:
2001 թ., երբ կառավարության որոշմամբ վերոհիշյալ գյուղական բժշկական ամբուլատորիաները միավորվել են Նոյեմբերյանի պոլիկլինիկային, այդ ամբուլատորիաների կանոնադրական կապիտալը անցել է պոլիկլինիկային, սակայն պետռեգիստրում դա չի գրանցվել: Հիմա խնդիրը լուծման ընթացքի մեջ է: Հիվանդանոցը եւ պոլիկլինիկան ֆինանսական պարտքեր ունեն: Վերանորոգման ընթացքում հիվանդանոցի անձնակազմը վագոն-տնակներում աշխատում էր նվիրումով, սակայն շենքային պայմանների պատճառով բուժաշխատանքների ցածր կատարողական գրանցվեց:
Ինչեւէ, 2010-ի ընթացքում աշխատավարձի պարտք չգոյացավ: Հիվանդանոցը տարբեր կազմակերպությունների հետ պայմանագրերով ներկրել է դեղորայք եւ բժշկական նյութեր: 2010 թվականի ավարտին հիվանդանոցի պարտքը կազմել է 26 միլիոն դրամ, որը ներառում է նախորդ տարիների աշխատավարձի շուրջ 13 միլիոն դրամ պարտքը, ստացած դեղորայքի գումարը եւ այլն:
Նոյեմբերյանի հարկային տեսչությունը ստուգել է պոլիկլինիկայի 2007-2009 թթ. գործունեությունը: Դրա արդյունքներով հայտնաբերվել են նախկին տնօրենի պաշտոնավարության ժամանակատվածի ֆինանսական խախտումներ: Այդ տարիներին Նոյեմբերյանի հիվանդանոցը օգտագործած գազի, էլեկտրաէներգիայի եւ դեղորայքի պարտքեր ուներ, պոլիկլինիկայի ունեցած գումարները փոխանցել են հիվանդանոցի պարտքերը փակելու համար: Նոյեմբերյանի հարկային տեսչությունը ստուգումների ժամանակ արձանագրել է, որ պոլիկլինիկան, գումարներ ունենալով, շահութահարկ չի վճարել: Հարկային տեսչությունը պոլիկլինիկային տուգանել է 5.2 միլիոն դրամի չափով:
Տեսչությունը տուգանքի վճարման ժամանակացույց է սահմանել` ամսական 773 հազար դրամ: Պոլիկլինիկան չնայած անցյալ տարի աշխատավարձի պարտքեր չի գոյացրել, սակայն հարկայինի որոշած տույժ-տուգանքների հետ միասին, ներառյալ դեղորայքի 3 միլիոն դրամ պարտքը, տարեվերջին 8 միլիոն դրամ պարտք ուներ: Խնդիրներ ծագեցին հիվանդանոցի նախկին տնօրենի հետ կապված:

Նախկին տնօրեն Հենրիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելուց հետո գործում վերականգնվելու պահանջով դատարան էր դիմել: Հիվանդանոցի ներկայիս տնօրեն Ա. Գյոզալյանն ասում է. «2009 թ. հոկտեմբերի 12-ին գլխավորեցի հիվանդանոցը: Դրանից հետո նախկին տնօրենը իրեն մեկուսացած էր պահում, չէր ընդգրկվում բժշկական գործընթացներում, հիվանդ չէր բուժում: Ես նրան հիշեցում-նախազգուշացումներ էի անում, որ ինքը երկար տարիներ լավ վիրաբույժ է եղել, պատերազմի տարիներին բազում կյանքներ է փրկել, ինչո՞ւ այլեւս չի աշխատում: Նա համառորեն շարունակեց իր պահվածքը: 2003-2007 թթ. ես վիրաբույժ եմ աշխատել նրա տնօրեն եղած ժամանակ, եւ բոլորը գիտեն, թե ինչ նվիրումով եմ աշխատել: Իմ մի քանի զգուշացումները արդյունք չտվեցին: Դրան գումարվեցին նրա տեւական բացակայությունները. գրություներ էր ուղարկում, որ իր բացակայությունն անհրաժեշտ է, կամ ինքը հիվանդ է, սակայն հարգելի բացակայության համար փաստաթղթեր չէր ներկայացնում: Նրան հարց ուղղեցի` 7 ամիս, ամսական 60 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, ես ի՞նչ միջոցներով Ձեզ վարձատրեմ, չէ՞ որ Դուք չեք աշխատում եւ դրա դիմաց կատարողականներ չեք ապահովում. 7 ամիս հետո ես նրան աշխատանքից ազատեցի»:
Ա. Գյոզալյանի խոսքերով` նախկին տնօրենը դատարանում չի ներկայացրել աշխատանքից իր բացակայության հիմնավորվածության փաստարկներ: Առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը, նա բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն այստեղ էլ հայցը մերժվել է:
Նոյեմբերյանի պոլիկլինիկայի աշխատողները մեզ բողոքել էին տնօրեն Աշոտ Գյոզալյանի կոշտ աշխատաոճից: Այս մասին մեր հարցին ի պատասխան Ա. Գյոզալյանն ասաց, որ հիվանդանոցի նորոգման ժամանակ պոլիկլինիկան հիվանդանոցից 4-5 կմ հեռավորությամբ էր գտնվում, եւ որոշակի խնդիրներ էին առաջանում պոլիկլինիկայից ուղեգրումների, հիվանդների հետազոտումների, աշխատակիցների կողմից աշխատանքի պարտաճանաչ ներկայանալու հետ կապված:
Հիվանդանոցի հիմնանորոգման ավարտից հետո էլ խնդիրներ են եղել այստեղ ընտանեկան բժիշկներին աշխատասենյակներով ապահովելու գործում: Հարցին ժամանակավոր լուծում են գտել, այլ կաբինետների հաշվին նրանց տեղավորել: Աշոտ Գյոզալյանը հույս ունի, որ կնորոգվի նաեւ նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքը, որտեղ էլ կաշխատեն ընտանեկան բժիշկները: Հիվանդանոցը բժիշկների պակաս ունի:
Տնօրենը վկայում է. «Ես առողջապահության նախարարություն, Տավուշի մարզպետարան հայց եմ ներկայացրել, որ հիվանդանոցին հարկավոր են վիրաբույժ, երկրորդ վիրահատող-գինեկոլոգ, երկրորդ անեսթեզիոլոգ, հոգեբույժ: Մասնագետները Նոյեմբերյան աշխատելու չեն գալիս: Մայրաքաղաքից սահմանագոտի աշխատանքի գալու համար մասնագետները բարձր վարձատրություն են պահանջում, ինչը ֆինանսական դժվարին վիճակում գտնվող մեր հիվանդանոցը չի կարող տալ: Հիմա իմ սեղանին են իմ ընկերոջ` բարձր որակավորում ունեցող վնասվածքաբանի փաստաթղթերը: Նա վերջերս եկավ, տեսավ մեր պայմանները, պատրաստ է աջակցելու: Բարդ վնասվածքների ժամանակ նրան կհրավիրենք, որպեսզի այստեղ վիրահատի»:
Նորոգված հիվանդանոցը նաեւ գույքի կարիք ունի: Անցյալ տարեվերջին Գերմանահայոց միության կողմից 5 բեռնախցիկ գույք տրամադրվեց: Պարզվեց, որ այդ գույքը օգտագործված է. գերմանահայ բժիշկները դիմել էին այդ երկրի տարբեր բուժհիմնարկներին, որ յուրաքանչյուրն աջակցի: Առողջապահության նախարարության կատարած աուդիտը եզրակացրել է, որ գույքը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված է: Առաջիկայում առողջապահության նախարարությունը հիվանդանոցին բժշկական նոր գույք կտրամադրի: Համաշխարհային հակատուբերկուլյոզային բանկի աջակցությամբ ստացվել է «Սիմենս» ֆիրմայի 36 միլիոն դրամ արժողությամբ ռենտգեն սարքավորում, առողջապահության նախարարությունից` հոմոդիալեզի սարքավորումներ:
Փետրվարից Նյեմբերյանի հիվանդանոցում գործելու է համավճարի կարգը: Տնօրեն Գյոզալյանը կարծում է, որ բազմաթիվ հիվանդներ հնարավորություն չեն ունենալու իրենց բուժման ծախսերը մասամբ վճարել: Նրա համոզմամբ` սահմանագոտու բնակիչներին պետական հոգածություն պիտի ցուցաբերվի: Գյոզալյանը բոլոր դեպքերում վստահեցնում է, որ աղքատ անապահով հիվանդները, եթե անգամ վճարելու հնարավորություն չունեն, իրենց կողմից բուժօգնություն կստանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել