
Լոռու մարզի տարեվերջի մարզխորհրդի նիստում զեկուցվեց այն մասին, որ 2010-ին մարզի տարբեր համայնքներում գրանցվել են գայլերի կողմից գյուղատնտեսական կենդանիների հոշոտման դեպքեր: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը հավաստիացրեց, որ հարձակումների մասին մարզի ղեկավարությունը ժամանակին ահազանգել է ոստիկանության մարզային վարչությանն ու մարզի Որսորդմիությանը: Միաժամանակ Վ.Օհանյանը խնդրեց համայնքի ղեկավարներին, որ «անհրաժեշտության դեպքում» նրանք «նույնպես աջակցեն» որսորդներին:
Սակայն, չնայած Վ.Օհանյանի խնդրանքին, ինչպես պարզվում է, ոչ մարզի ղեկավարությունը, ոչ էլ համայնքապետերը որսորդներին որևէ «աջակցություն» չեն ցուցաբերում:
Իսկ Որսորդմիությունը գայլերի դեմ պայքարելու սեփական միջոցներ չունի. «Տրանսպորտ չունեմ, փամփուշտը արժեք ունի. 300-400 դրամ ա, վառելանյութ ա պետք, որ մեքենայի մեջ լցնենք»,- բողոքում է ՀՀ որսորդների և ձկնորսների միավորման Լոռու մարզային կենտրոնի նախագահ Ֆրունզիկ Աղաջանյանը:
Բացի դրանից` պետք է վարձատրել նաև որսորդի աշխատանքը: «Որսորդը ոչ մի բան չի ստանում: Իսկ եթե դու որսորդին չես կարողանում ֆինանսապես ապահովել, խրախուսել, բնականաբար չես կարողանում պահանջ դնել, թե գնա գիշերը անքուն լուսացրու, որ գայլ խփես»,- ասում է Ֆ.Աղաջանյանը:
Որսորդներն էլ, այն բանից հետո, երբ, իրենց ասելով, հեռուստացույցից տեղեկացել են, որ Արցախում մեկ խփված գայլի համար պետությունը 100 հազար դրամ է տալիս, այլևս չեն ընդառաջում իրենց նախագահի` որսի գնալու «հընգերական խոսքին»:
Անդրադառնալով մարզպետարանի կողմից Որսորդմիությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու` Որսորդմիության նախագահի պահանջին` Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանն ասում է, որ մարզպետարանը լրացուցիչ ծախսերի համար ավելորդ գումարներ չունի: Ըստ վարչության պետի` համայնքի ղեկավարներն իրենց բյուջեով գայլերի հարձակումների համար ծախսեր նախատեսել են, և բոլորն էլ դրանք կատարում են:
Ֆ.Աղաջանյանը, սակայն, հավատացնում է, որ համայնքի ղեկավարները նույնիսկ անձամբ չեն դիմում Որսորդմիություն: «Համայնքի ղեկավարը ռիսկ չի անըմ զանգի, որովհետև ես պըտի ասեմ` դե գալիս եմ, տես ինչ ես անըմ»,- ասում է Ֆ.Աղաջանյանը:
Նրա խոսքերով` շատ դեպքերում համայնքապետերն ասում են` ասեք տանը չի, որ ծախս չանեն: «Էնքան էղել ա, կոնկրետ անո՞ւն. Հալավարի գյուղապետ Հակոբջանյան Սարգիսը. մի կերպ հընենց արինք, որ ուտելու ժամանակ տանիցը երեք հատ բաժակ բերեց: Մեր տարածը կերանք, կռճոնքն էլ թողինք, որ իրանք ուտեն»,- վրդովվում է Որսորդմիության նախագահը:
Ֆ.Աղաջանյանը, նախկինում մարզի ղեկավարությունից աջակցություն չստանալով, ինքը չի էլ դիմել, «անհարմար է զգացել», բայց ամռան ամիսներին, երբ ահազանգերը շատացել են, արդեն դիմել է մարզի ղեկավարին: Մարզպետը միայն տրանսպորտի խնդիրն է խոստացել լուծել. շարքից դուրս եկած շտապօգնության ավտոմեքենաներից մեկը որսորդներին է հատկացնելու, որ վերանորոգեն և օգտագործեն: Իսկ ֆինանսավորման մասին խոսք անգամ չկա:
Նրանում, որ Որսորդմիության ֆինանսավորումը հենց մարզպետարանի խնդիրն է, նախագահն առավել քան համոզված է, քանի որ գայլերի հարձակումների մասին գյուղապետերը մարզպետին են ահազանգում, վերջինս էլ գրություն է ուղարկում կամ զանգում իրեն: Այդ գրություններից մեկը հետևյալ բովանդակությամբ էր. «Խնդրում եմ սահմանված կարգով օժանդակել համայնքների ղեկավարների կողմից կազմակերպվող գայլերի ոհմակներին հայտնաբերելու և ոչնչացնելու միջոցառումներին»:
Ֆ.Աղաջանյանն ինքն էլ չի հասկանում ու չի կարողանում բացատրել «սահմանված կարգով» արտահայտությունը: «Ես գլխի չեմ, թե ինչ նախադասություն ա գրված ըտեղ. սահմանված կարգը ո՞րն ա»,- ասում է նա (ըստ նրա` Որսորդմիությունը հասարակական կազմակերպություն է):
Բայց մարզպետի հրահանգն ստանալուց հետո Որսորդմիության նախագահն անմիջապես երթ է կազմակերպում, որովհետև ինչպես մարզպետարանի վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանն է ասում, «մարզպետն է Լոռու մարզի ամբողջ տարածքում կառավարման ղեկավարը»:
Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարներն էլ են համոզված, որ որսորդներն իրենց գործն են անում, և իրենք նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն: Դարպասի համայնքապետ Սամվել Ավետյանի համոզմամբ` «ազարտնի գործ ա, մարդիկ սիրում են իրենց գործը, գալիս են»:
Ս.Ավետյանը հիշում է, որ Դարպաս գյուղում գայլերի վերջին հարձակման ժամանակ ինքն ահազանգել է մարզպետին, ով էլ հրահանգել է Որսորդմիության նախագահին, ու թե «հիմի մարզպետի խաթրի, թե Որսորդմիության նախագահի խաթրի»` որսորդները եկել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել