
Իսկ դուք խախտե՞լ եք էթիկայի կանոնները
Եթե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը ժամանակին պատժվեր իր հանցանքի համար, այսօր նա մարդ չէր ծեծի: Իսկ նրա հանցանքը մեծ էր: Երեւի շատերն են հիշում բանանի հայտնի պատմությունը: Պողոսյանի «շնորհիվ» Հայաստանը բանան էր «արտահանում» Բահամյան կղզիներ: Արտահանում էր «Քեթրին» կազմակերպությունը, որի սեփականատերերը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն ու Միհրան Պողոսյանն էին:
Ըստ պաշտոնական տվյալների` 2005 եւ 2006 թթ. Հայաստանից 3596,6 տոննա բանան է արտահանվել Բահամյան կղզիներ: Սակայն նման բան չի եղել, պարզապես կեղծվել են փաստաթղթեր, իսկ դա նշանակում է` կատարվել է հանցագործություն:
«Քեթրին» ընկերությունը, 2005-2007 թթ. ներկրելով մոտ 6500տ բանան «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից:
Օրենքը դա է նախատեսում: Իսկ այդ մաքսային ռեժիմով բանանը ներկրելով` «Քեթրին» ՍՊԸ-ն պարտավոր էր վերամշակումից ստացած ապրանքն արտահանել Հայաստանից: Եվ քանի որ վերամշակում չի եղել, ընկերությունը կեղծ փաստաթղթեր է սարքել` իբրեւ պատրաստել է բանանի յուղ եւ արտահանել Բահամյան կղզիներ: Այս գործարքի արդյունքում «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չի վճարել 443.711.516 դրամ (մոտ 1 մլն 479 հազար դոլար): Սա նաեւ նշանակում է, որ միայն 6500տ բանան Հայաստանում վաճառվել է առանց որեւէ տեղ երեւալու: Բայց այս թվերն էլ իրականության հետ աղերս չունեն:
Պաշտոնական տվյալներով` 2007-ին Հայաստան է ներկրվել 17.200 տոննա բանան` մոտ երկու անգամ ավելի, քան 2006-ին: Իհարկե, դա չի նշանակում, որ հայերը 2007-ին սկսել են երկու անգամ ավելի բանան ուտել: Պարզապես անցած տարիներին այդ քանակությամբ բանան` մոտ 8 հազար տոննա, ստվերում էր: Իսկ սրանց համար «Քեթրինը» ոչինչ չի վճարել:
Այդ գումարները Գրիշա Հարությունյանը եւ Միհրան Պողոսյանը ներդրել են էլիտար շենքերի կառուցման (Գրիշա Հարությունյանին է պատկանում «Գրիար» ՓԲԸ-ն) եւ բազմաթիվ այլ բիզնեսներում: Իսկ թե դրանցից որքա՞նն է այսօր ստվերում, հայտնի չէ: Այս կեղծիքների մասին տեղյակ էին Ազգային անվտանգության եւ Հարկային ծառայություններում, դատախազությունում եւ զանազան գերատեսչությունների վերահսկողական ծառայություններում:
Հենց այս բանանային պատմության բացահայտման արդյունքում Գրիշա Հարությունյանը հեռացվեց աշխատանքից: Իսկ որոշ ժամանակ անց Միհրան Պողոսյանը նշանակվեց ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ, այնուհետեւ` 2008-ի հունիսի 11-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԴԱՀԿ ծառայության պետ: Վերադառնանք այսօրվան. այժմ էլ Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել: Ինչու՞:
Քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմանալով, որ Միհրան Պողոսյանը ծեծել է իր ենթականերից մեկին` գնդապետ Ռուբեն Միրաքյանին, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հանձնարարել է պատժել ԴԱՀԿ ծառայության պետին:
Իսկ Գ. Դանիելյանը չէր կարող պատժել, քանի որ գիտեր, որ ԴԱՀԿ ծառայության պետը հայտնի գործարար է, տասնյակ բիզնեսներ ունի, նրան դրանով զբաղվելու հնարավորությունը տրված է վերեւից: Վարչապետն ասում է, որ ԴԱՀԿ ծառայության պետը խախտել է էթիկայի կանոնները: Օրենսգրքում հենց այս առիթով են ցանկանում առանձին հոդված նախատեսել. եթե պաշտոնյաներն են ծեծում, նրանց արարքը պետք է որակել էթիկայի կանոնների խախտում:
Գեւորգ Դանիելյանի պաշտոնազրկումը բնավ կապ չունի այս միջադեպի հետ: Միհրան Պողոսյանին այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը, նա էլ իր հրամանագրով կարող էր ազատել նրան: Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը սկսել է «բարեփոխումների» իր ծրագիրը:
Նախագահն, ըստ էության, թիմ չունի, մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, որոնց նա կարող է վստահել. այս խնդիրը շատ լավ է գիտակցում նախագահը: Եւ խորհրդարանական ընտրություններից առաջ նա նաեւ հայտարարում է դրա մասին ու որպես սկիզբ ազատվում քաղաքապետ Բեգլարյանից եւ նախարար Դանիելյանից: Վստահաբար կարելի է ասել, որ պաշտոնափոխության գործընթացը շարունակվելու է:
Մեկնաբանել