
84 դպրոցի ուսուցիչները «հանրապետականացվո՞ւմ» են
Օրերս «Հետքը» նամակ է ստացել ընթերցողներից մեկից, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Քանաքեռի թիվ 84 (Խ. Աբովյանի անվան) միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Էլոյանը հերթական անգամ չարաշահում է իր պաշտոնական դիրքը` ստիպելով ուսուցչական անձնակազմին անդամակցել «Հանրապետական» կուսակցությանը:
Վեջինս, նախքան վերջին նախագահական ընտրությունները, անդամակցում էր «Օրինաց երկիր» կուսակցությանն ու էլի ստիպում կամ «ընկերաբար» հորդորում էր միանալ իրեն:
Նաև ամեն նախընտրական շրջանում ստիպողաբար հավաքում է ուսուցիչների անձնագրերի տվյալները (կարծում եմ՝ պարզ է, թե ինչ նպատակով):
Ա. Էլոյանը բոլոր աշակերտներից և ուսիցիչներից ամսական գանձում է «ֆոնդի փող»: Սակայն վերջին շրջանում եղած բողոքներից հետո ստիպված դադարել է գանձել աշակերտներից և ամսական պահումներ է անում միայն ուսուցիչներից (2000-3000 դրամ ամեն ամիս):
Խնդրում եմ հրապարակել այս նամակը: Ես համոզված չեմ, որ եթե դիմեք ուսուցիչներին, իրենք ներկայանալով բաց կխոսեն, սակայն, կարծում եմ, որ հետևյալ հրապարակումը կկանգնեցնի տնօրենին... »:
Այսօր այցելեցինք 84 դպրոց: Ներկայացնում ենք դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանի հետ մեր զրույցը.
Ձեր դպրոցի ուսուցիչները բողոքում են, որ Դուք նրանց ստիպողաբար գրանցում եք «Հանրապետական» կուսակցությունում:
Ո՞վ ա ասել: Նման բան չկա: Սա դպրոց է, ոչ թե կուսակցական տեղամաս:
Հենց դա է խնդիրը, որ դպրոցում կուսակցական գործունեություն եք ծավալում:
Սուտ է, չկա նման բան: Ձեզ ինչ որ ասել են, հերյուրանք է:
Իսկ Դուք կուսակցակա՞ն եք:
Այո, «Հանրապետական» կուսակցությունից եմ:
Որքա՞ն ժամանակ է` անդամակցում եք «Հանրապետականին»:
Շատ երկար` մոտ 10 տարի:
Ընտրությունների ժամանակ ինչպե՞ս եք աջակցում Ձեր կուսակցությանը:
Իմ կուսակցությունն է, իհարկե, աջակցում եմ: Իմ ձայնով` մեկ ձայնով աջակցում եմ:
Իսկ դպրոցի միջոցո՞վ:
Չէ, ինչո՞ւ դպրոցի միջոցով: Ես դպրոցում քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ, ընդհանրապես, արգելվում է դպրոցում քաղաքականությամբ զբաղվելը: Ինչպե՞ս կարող եմ որեւէ մեկին ստիպել, որ «Հանրապետականում» գրանցվի: Եթե նախասիրություն ունեն անդամագրվելու, կարող են գնալ տեղամասերում գրանցվել: Եւ, ընդհանրապես, ես ո՞նց կարող եմ որեւէ ուսուցչի ստիպել, որ քվեարկեն ինչ-որ մեկի օգտին, երբ ընտրությունները փակ են, քվեաթերթիկները` եւս: Ուղեղից պակաս դպրոցի տնօրեն տեսե՞լ եք հեչ, որ ստիպի ուսուցչին` ինչ-որ մեկի օգտին քվեարկել: Դա չլինող բան է:
Մեզ հայտնել են, որ Դուք արդեն «Հանրապետական»-ում գրանցվելու թերթիկներ եք բաժանել ուսուցիչներին:
Ի՞նչ թերթիկներ: Սուտ է (գրանցման թերթիկների մասին խոսելիս` դպրոցի տնօրենն աչքերով զննում է իր սեղանին դրված թղթերը: Իսկ սեղանին ցուցակներ էին` անուն-ազգանուններով եւ ստորագրություններով - հեղինակ):
Իսկ կա՞ Ձեր ուսուցիչներից որեւէ մեկը, ով Սերժ Սարգսյանին չի ընտրելու եւ «Հանրապետականից» չէ:
Ես ի՞նչ իմանամ: Իրենք, իրենց քաղաքական հայացքները:
Իսկ ինչո՞ւ եք որոշել անդամակցել «Հանրապետական»-ին:
Ախր, դա հարց չի, որ տալիս եք. ոչ լրագրողի, ոչ էլ ընկերոջ: Գաղափարախոսությանն եմ... Դա իմ անձնական ընտրությունն է: Կարծում եք` բոլորը պետք է անկուսակցական լինեն եւ դա նորմա՞լ է:
Չէ, ամենեւին, ուղղակի զարմանալի է, որ չեք ուզում կիսվել` ինչո՞ւ եք անդամակցում «Հանրապետական»-ին:
Որովհետեւ այնտեղ օրինակելի, ազնիվ մարդիկ են հիմնականում: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ ես շատ մոտ եմ եղել:
Մեր ընթերցողը բողոքում էր, որ ուսուցիչներից եւ աշակերտներից ամսական 2000-3000 դրամի չափով ֆոնդի գումար եք հավաքում: Աշակերտներից գումար գանձելը դադարեցրել եք, իսկ ուսուցիչները դեռեւս վճարում են այդ գումարը: Ո՞ւր են գնում այդ գումարները:
Դուք ուղղակի վատ ժամանակ եք եկել, որ ուսուցչակազմն այստեղ չէ: Թե չէ մենք կհարցնեինք, տեսնեինք՝ իրենցից մի լումա հավաքվո՞ւմ է: Երկուշաբթի եկեք, բակում լիքը աշակերտներ ու ծնողներ են լինելու. իրենցից հարցրեք` գումար հավաքո՞ւմ են:
Ուսուցիչներն էլ որոշակի գումար իրենց կամքով հավաքել են, «Օգնիր դպրոցիդ» կայք կա, ներդրել ենք այնտեղ` 70 հազար դրամ: Գումարները կայքում, մեր հաշվին նստած են:
Իսկ ինչ վերաբերում է էդ բողոքներին, այն տեղեկությունները, որ Ձեզ հասել են, ճորթված են:
Հ. Գ. Դպրոցից դուրս գալիս հանդիպեցի աշխատողներից մեկին, ով «Հանրապետական» կուսակցության անդամ էր: «Ես դեռ մի երեք-չորս տարի առաջ եմ գրանցվել, երբ մանկապարտեզում էի աշխատում: Դե, աշխատում էինք, ասացին՝ պիտի գրանցվեք, գրանցվեցինք: Բայց ոչ մի բան ես չեմ ստանում էդ կուսակցությունից, վարձով էլ ապրում եմ, երեխեք ունեմ: ԲՀԿ-ում էն ա, գրանցվում են, ահագին օգնություն-բան են ստանում»,- ցավով նշեց նա:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել