
Գաղութում ինքնասպան եղածը բանդայի պարագլխի եղբորորդին էր
Այս տարվա սեպտեմբերի 15-ին` առավոտյան 9:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել դատապարտյալ Արայիկ Հայրապետյանը: Նա սեպտեմբերի 23-ին ոստիկանների կողմից Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցախմբի պարագլուխներից մեկի, մահացած Գուրգեն Հայրապետյանի (մականունը՝ Եթում) եղբոր որդին էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արայիկ Հայրապետյանը 2008 թվականին քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա դատապարտվել էր ՀՀ Քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ) կետերով, 34-176 հոդվածի 2-րդ մասով (կողոպուտ, որը կատարվել է խոշոր չափերով) և 35-175 հոդվածի 2-րդ մասի (հանցագործության նախապատրաստություն) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը նաեւ նշում է, որ Արայիկ Հայրապետյանն ինքնասպան լինելուց առաջ երկտող էր թողել, որտեղ գրել էր, որ իր ինքնասպանությունը կապ չունի կալանավայրում իր պատժաչափի և կալանավայրի աշխատակազմի հետ, այլ դա պայմանավորված է կալանավայրից դուրս ինչ-ինչ խնդիրներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մեկնաբանել