
Առողջապահական ոլորտի օրենքների փոփոխություններին նվիրված այսօրվա ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը սկսեց ԱԺ աոողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբոլյանի մասին ակնարկով:
«Նախ` գնալով բժշկությունը դառնում է անմատչելի բնակչությանը, օրենքներն ավելի անմատչելի են դարձնում բժշկական օգնությունը, երկրորդ` դրանք ընդունվում են առանց հասարակության մասնակցության, մինչեւ փոփոխությունները պիտի քննարկումներ լինեն, երրորդ` դրա պատճառն այն է, որ այդ հարցով զբաղվում են շահերի բախում ունեցող մարդիկ, որոնք այդ ոլորոտւմ բիզնես ունեն»,- նկատի ունենալով Արա Բաբլոյանին` նշեց Կ. Հակոբյանը:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը հակադարձեց Հակոբյանին` թվարկելով Բաբլոյանի արժանիքները. «Բժիշկ, որը ՀՀ առողջապահության ոլորտում մեծագույն ներդրում ունի, միակ մարդն է, որ տրանսպլանտացիա է անում Հայստանում, եւ այդ մարդու ձեռքով հարյուրավոր երեխաներ փրկվել են: Նա եւ մյուս բժիշկները մեր ժողովրդի հարստություններից մեկն են»:
Անդրադառնալով օրենքների փոփոխություններին` Կ. Հակոբյանը նշեց, որ 4 օրենքում` «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «անվճար» բառի կողքին ավելացվել է «կամ արտոնյալ պայմաններում»:
«Գրված է «կամ», այսինքն` փոխարինում է անվճարին»,- մեկնաբանում է Հակոբյանը ու հավելում, որ օրենքը նման կերպ նվազեցնում է անվճար բուժօգնության հնարավորությունները ու կամաց-կամաց անվճար բուժօգնությունը դուրս է գալիս ասպարեզից:
ՀՀԿ-ական Մ. Մինասյանը պնդում է հակառակը. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նրանք ովքեր մինչ այս ստանում էին անվճար բժշկական օգնություն, շարունակելու են ստանալ, իսկ ովքեր չէին ստանում, բայց սոցիալապես առանձնապես փայլուն վիճակում չեն, նրանց մասին պետությունը մտածելու է: Եթե մինչեւ 36 բալ ունեցողները պետության կողմից անվճար են բժշկական օգնություն ստանում, ապա հիմա 36-ից ավելի բարձր ունեցողներին, որոնք, այդուհանդերձ, փայլուն վիճակում չեն, պետությունը հոգածության առարկա է դարձրել, նրանք կոչվում են արտոնյալ խավ, պետությունը վճարման մի մասը վերցնում է իր վրա: Սա, կարծում եմ, մարդասիրական քայլ է»:
Պատգամավորը նշում է գալիք տարվա առողջապահական հատկացումների վերաբերյալ մի քանի թիվ: Ըստ նրա` միայն 2009-2010 թթ. մայրության հատկացումները ՀՀ-ում ավելացել են 2 անգամ: 2011-ին դրանք կաճեն 2 անգամից մի քիչ ավելի: «Սա նշանակում է, որ ծննդի հետ կապված խնդիրները ՀՀ-ում ամբողջությամբ անվճար են, պետական պատվերով են: Մեր երեխաները մինչեւ 7 տարեկանը բուժվում են պետության հաշվին,- ասում է Մինասյանը, ապա շեշտում,- սա դրված է նաեւ ՀՀ նախագահի ծրագրում: 2011-ին 2 անգամ մեծ հատկացումներ են արված շտապօգնությանը, եկող տարի կունենանք եվրոպական չափանիշների շտապօգնության համակարգ»: ՀՀԿ-ականը խոստանում է նաեւ «եւ» ու «կամ» տերմինների հարցով նախաձեռնությամն հանդես գալ ԱԺ-ում:
Իսկ ընդդիմադիր Կ. Հակոբյանը շեշտում է, որ ԱԺ հանձնաժողովը օրենքներում նման փոփոխություններ անելու փոխարեն պետք է ավելի մեծ խնդիրների մասին մտածի, ինչպիսիք են ոլորտի հիմնական բարեփոխումները` ապահովագրական համակարգի ներդրում, հիվանդանոցների գոնե 30 տոկոսի հանրայնացում եւ այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել