
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանն ասաց, որ շուտով` նոյեմբերի վերջին, հիմնադրամը Շվեյցարիայից ներկրելու է 50 տոհմային, կաթնատու սորտի երինջ, որոնք բաժանվելու են Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի 10-14 գյուղերում: Դա համահունչ է լինելու Ազատամուտում կաթի հավաքման կետի ծրագրին:
Եթե կովկասյան գորշ տեսակի կովը տարեկան տալիս է 1500 լ. կաթ, ներկրվող կովերը ` 7000 լ. կաթ: Դրա հետ մեկտեղ իրականացվելու են անասունների տոհմային կազմի բարելավման, կերային մշակաբույսերի զարգացման աշխատանքներ, լինելու է համապարփակ ծրագիր: Հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի խոսքով` այդ բոլոր բաղադրիչները համահունչ են նույն նպատակին` գյուղացու կյանքի բարելավմանը:
2007թ. հոկտեմբերի 12-ից հիմնադրամը սկսել է Գյուղերի զարգացման ծրագիրը:
Տավուշի մարզի 6 գյուղեր` Ազատամուտը, Լուսաձորը, Լուսահովիտը, Դիտավանը, Ակնաղբյուրը եւ Խաշթառակը այդ ծրագրի առաջին շահառուներն են:
«Հայաստան» հիմնադրամի վեբ-կայքում նշված է. «Գյուղերի զարգացման ծրագիրը նպատակ ունի վերականգնել Հայաստանի սահմանամերձ համայնքները»: Մինչդեռ այդ 6 գյուղերից միայն Ազատամուտը, որոշ վերապահումներով նաեւ` Դիտավանը կարելի է սահմանամերձ համարել: Չնայած Տավուշի մարզի բոլոր գյուղերն էլ ենթակառուցվածքների բարելավման, աջակցության կարիք ունեն:
- Այդ 6 գյուղերից որո՞նք եք համարում իսկապես սահմանամերձ,-հարցրի Արամ Փարթամյանին:
- Շատ բարդ հարց եք տալիս:
-Հարցը բարդ չէ: Օրինակ` Տավուշի մարզի Կիրանցը, Բերքաբերը, Բարեկամավանը, իսկապես, սահմանամերձ գյուղեր են, Խաշթառակը, Լուսաձորը կամ Ակնաղբյուրը սահմանից բավականին հեռու են:
-Եթե չեմ սխալվում, գրադացիայով սահմանից մինչեւ 10-12 կմ հեռավորությամբ սահմանամերձ են համարվում: Դիտավանը սահմանից 2 կմ հեռավորությամբ է գտնվում: Ընդհանրապես, գրադացիայի կարիք չկա, գյուղերը մնում են գյուղեր, օգնությունը մնում է օգնություն: Եվ մենք հույս ունենք մի օր այնքան ծավալել ծրագիրը, որ բոլոր այդ գյուղերին կարողանանք օգնել: Բերքաբերն ընգդրկված է գյուղերի զարգացման ծրագրում եւ արդեն գյուղատնտեսական աջակցություն է ստանում «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս պահին այդ գյուղի ենթակառուցվածքների ծրագրերով ենք զբաղվում, ուսումնասիրություններ կատարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել