
«Բանդայի պարագլխի» հարուստ անցյալը
Սեպտեմբերի 23-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման էր ենթարկվել «բանդայի պարագլուխներից» մեկը` նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանը:
Արտուշ Հակոբյանը վերջին անգամ երկարատեւ ազատազրկման էր դատապարտվել ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին առեւանգելու մեղադրանքով, սակայն պատիժը լիովին չկրած ազատ էր արձակվել:
Արտուշ Հակոբյանի անունը վերջին անգամ հնչել էր 2008 թ., երբ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների օրը նա այցելել էր Կոտայքի մարզի Գառնի գյուղի 27/30 ընտրական տեղամաս եւ փորձել քվեաթերթիկներ լցոնել ՀՀԿ թեկնածուի օգտին: Լցոնումը կանխելու նպատակով նրա հետ վեճի էր բռնվել ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի վստահված անձը, որն այնուհետեւ վերածվել էր ծեծկռտուքի:
ՀՅԴ եւ ՀՀԿ թիմակիցների միջեւ ծեծկռտուքը շարունակվել էր ընտրատարածքի բակում: Բախման ժամանակ օգտագործվել էր հրազեն եւ դանակ, որի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել նաեւ Արտուշ Հակոբյանը եւ տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքից օրեր անց, ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազությունը, նախագահական ընտրությունների առիթով հարուցված 7 քրեական գործերից մեկը վերաբերում էր այս միջադեպին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վերջաբանը hայտնի չէ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել