
Կալանավորել են բանդայի պարագլխի կնոջն ու օրենքով գող Ճակոյի ազգականին
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Քյարամ Ամոյանին, Ռուբեն Կարօղլանյանին եւ Արտուշ Հակոբյանին:
Նրանք ձերբակալվել են օրերս վնասազերծված բանդայի գործի շրջանակներում եւ կասկածվում են մի քանի աղմկահարույց հանցագործություններ կատարելու մեջ: Ընդ որում, ըստ ոստիկանության նախօրեին տարածած հաղորդագրության, Արտուշ Հակոբյանը հիշյալ բանդայի պարագլուխներից մեկն է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ Քյարամ Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող եզդի Ճակոյի քրոջ որդին է: Իսկ Արտուշ Հակոբյանը «Գառնի Սուրիկ լավաշ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտվել է, նույնիսկ մեկ անգամ կալանավայրից կարողացել է փախչել:
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ այսօր նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը 40-օրյա կալանքի սանկցիա է կիրառել նաեւ Արտուշ Հակոբյանի կնոջ` Մարիամի նկատմամբ, որը, ըստ տեղեկությունների, որոնվում է Վրաստանի իրավապահների կողմից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել