
Պատգամավորական այց «Հետքի» խմբագրություն
Անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը երկու այլ պատգամավորների հետ այցելեց «Հետքի» խմբագրություն: Առիթը «Հետքի» նախորդ համարներից մեկում նրա մասին տպագրված հոդվածն էր, որում մեջբերված էր նաեւ իր եւ Արմեն Զադոյանի առերես հարցաքննությունից մի հատված: Նորից մեջբերենք այդ հատվածը.
«2009 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10:30-ին, դուք եկաք իմ գինու գործարան եւ առաջարկեցիք գումարի դիմաց վճարել գողացված «Մերսեդես», «Տուարեգ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Ես չառարկեցի, եւ պայմանավորվեցինք նայել մեքենաները...»: Այնուհետեւ գրել էինք, որ նա գողացված մեքենաներ է իրացրել:
Ինչ եք կարծում` որո՞նք էին խմբագրություն այցելած պատգամավորի առաջին բառերը. «Էս կաբինետ չունե՞ս»: Ասացի` ոչ: «Կաբինետ» չունենալը, իհարկե, մեծ ազդեցություն ունեցավ պատգամավորի տրամադրության վրա: Նա ստիպված էր, մի կերպ զսպելով իրեն, խոսել «Հետքի» լրագրողների ներկայությամբ:
Բայց մեր զրույցից ամենատարօրինակն այն է, որ իր երկու գործընկերների ներկայությամբ ասաց, թե ինքն առերես հարցաքննության ժամանակ գողացված մեքենաները «տեսնելու» մասին բան չի ասել: Նրան միանգամից ներկայացրի առերես հարցաքննության այդ հատվածը եւ հետո բարձրաձայն կարդացի, որ նրա գործընկերներն էլ լսեն: Նա հանկարծ ասաց, որ ինքն այդպիսի բան չի ասել:
«Դա Արիսն է ավելացրել»,- ասաց Կ. Կարապետյանը: Արիսը Հատուկ քննչական ծառայության քննիչ Արիստակես Երեմյանն է: Զարմացած ասացի` իսկապե՞ս: Ասաց. «Հա, դեռ մի մեքենայի անուն էլ էի տվել, չի գրել»:
Պատգամավորը, մի խոսքով, խճճվեց, եւ հասկանալի էր, որ ասել էր այն, ինչ գրված էր առերես հարցաքննության արձանագրությունում: Հետո ասաց, որ մենք իրար չենք ճանաչում, դրա համար եմ այդ հոդվածը գրել: Ասաց, որ ինքը լրիվ ուրիշ մարդ է` ճիշտ տղա, եւ ես սխալ պատկերացում ունեմ իր մասին:
Ու ես հասկացա, որ իսկապես սխալ պատկերացում ունեմ հայ պատգամավորների մասին, նրանց այնքան էլ լավ չեմ ճանաչում, քանի որ նրանց հետ չեմ շփվում շատ վաղուց: Նրանք իսկապես ուսումնասիրության ենթակա արարածներ են, զարմանալի, անբացատրելի, աներեւակայելի էակներ, եւ նրանց ըմբռնելու համար արժե երբեմն շփվել:
Մեկնաբանել