
Ո՞ւր գնալ մանկատնից հետո
Ի՞նչ կարգով են մանկատնից դուրս եկած չափահաս երիտասարդներին բնակարաններ հատկացվում: Եւ եթե հատուկ մշակված կարգ կա, ինչո՞ւ նույն սերնդի երեխաների մի մասը ստանում է բնակարաններ, իսկ մյուս մասը` ոչ:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և մանկատան շրջանավարտներին բնակարանի տրամադրման կարգը ամրագրված է ՀՀ Կառավարության N983-Ն և N 1419-Ն որոշումներով: Ինչ վերաբերում է շահառուների ընտրությանը, ապա չափորոշիչները սահմանվում են«Աջակցություն և խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության` 2003-2005թթ. «Հայ ժողովրդավարական ֆորում», 2006թ. ցայսօր «Հայ Օգնության Միության» հետ համատեղ: Հաշվի առնելով բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև հետագայում հաջորդող տնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը, որին բազմիցս անդրադարձել է նաև Ձեր թերթը, բնակարանների թվի սղության պատճառով /բնակարանի սպասում է 210 շահառու/ կատարվել է ընտրություն ոչ թե շահառու դառնալու տարեթվի, այլ սոցիալական կարգավիճակի և պայմանների, ինչպես նաև շահառուի աշխարհագրական նախընտրության համաձայն: Օրինակ` ընտրվել են անչափահաս երեխաներ ունեցող կամ բառի լայն իմաստով անօթևան շահառուները, մասնավորապես երկկողմանի ծնողազուրկները, որոնք չունեն կենսաբանական ընտանիքներ:
Մենք տեղեկություններ ունենք, որ 2005 թ-ին մանկատնից դուրս եկած երեխաներ կան, որ դեռեւս չեն ստացել բնակարաններ, ինչո՞ւ:
2003-2005թթ. 27 շահառու, որոնք դուրս են եկել մանկատնից 1991թ ի վեր, մինչև 2005 թթ., դեռևս սպասում են բնակարանի: Իսկ բնակարանի առկայության պարագայում շահառուի ընտրությունը կատարվել է վերը նշված տրամաբանության շրջանակներում:
Ինչպե՞ս է նախարարությունը բնակարաններ գտնում մանկատան երեխաների համար:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանները տրամադրվում են համաձայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի: ՀՀ պետական գնումների գործակալությունը, ՀՀ «Պետական գնումների մասին» օրենքով սահմանված կարգով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Հաղթող կազմակերպության կամ քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր և պայմանագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան գնվում են բնակարաններ:
«Զատիկ» մանկատնից դուրս եկած Մերի Շաքարյանը 2005-ից բնակարան չի ստացել, այնինչ նրա հասակակիցներից շատերը ստացել են: Ի՞նչն է պատճառը, որ նա դեռ պետք է սպասի:
«Զատիկ» մանկատան նախկին սան, Շաքարյան Մերիի եղբայրը, շահառու Շաքարյան Մհերը, ստացել է բնակարան ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ բնակվել է մոր և քրոջ` Մերի Շաքարյանի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ Մերին ունի թեկուզ ժամանակավոր բնակվելու վայր, ընտրվել են այն շահառուները, որոնք նման հնարավորություն չեն ունեցել:
Մերի Շաքարյանը «Հետքին» պատմել է , որ 2011թ. մայիսի 3-ին հանդիպել է սոցապ նախարար Արթուր Գրիգորյանի հետ, ով խոստացել է մինչ մայիսի վերջ լուծել նրա բնակարանային խնդիրը. ինչո՞ւ խնդիրը մինչ այժմ լուծված չէ:
2011թ. մայիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նախարարը, հաշվի առնելով Մերի Շաքարյանի համար խնդրի հրատապությունը, խոստացել է նրան բավարարել բնակարանով: 2011թ. մարտ ամսից սկսած նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է տրամադրված 151 բնակարանների նկատմամբ շարունակական հսկողություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 25-35 շահառու չի բնակվում իրեն տրամադրված բնակարանում: Վերջնական որոշում կայացնելուց առաջ կա խնդրի բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտություն, ինչը ժամանակատար գործընթաց է, որին ներգրավվել են նաև Երեխայի պաշտպանության մարզային բաժինները եւ ՀՕՄ-ի սոցիալական աշխատողները:
Շարունակական հսկողություն արդյունքում կազատվի մոտ 10 բնակարան, որտեղ շահառուները տարբեր պատճառներով ընդհանրապես չեն բնակվել: Նախարարի խոստումը առնչվում է այս միջոցառման շրջանակներում ազատված բնակարանների հետ: Այսպիսով, շարունակական հսկողության գործընթացն ավարտելուց հետո` 2011թ. դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, Շաքարյան Մերիին կներկայացվեն հնարավոր պայմանները:
Մեկնաբանել