
Տուգանված տնտեսվարողները հիմնականում ՏՄՊՊՀ-ի որոշումները վիճարկում են դատական կարգով
Սեպտեմբերի 27-ին Երևանում կայացած սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները ԵՄ փորձագետների հետ համատեղ քննարկեցին մրցակցության ոլորտին առնչվող հարցեր:
ԵՄ անդամ պետությունների փորձագետներ Կ. Շթոքմանը և Յ.Սովիենեն կոնկրետ իրական օրինակներով անդրադարձան Եվրոպական դատարանների կայացրած մի քանի վճիռների՝ չհիմնավորված գների և հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Մասնավորապես ներկայացվեց «Գիշատիչ գնային քաղաքականություն» անվանումը ստացած գործով 2 դատավճիռ, որոնք վերաբերում են բարձր արագության ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկային:
Ներկայացվեց նաև ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բացահայտված հակամրցակցային համաձայնության մի գործ, որը վերաբերում էր ձվի շուկային: Ներկայացված գործերից մեկն էլ վերաբերում էր ազոտական պարարտանյութերի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքներին:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշեց, որ իրավախախտումների համար տուգանված տնտեսվարողները հիմնականում հանձնաժողովի որոշումները վիճարկում են դատական կարգով: Այդ իսկ պատճառով էական է, որ դատավորները առավելագույնս տեղեկացված լինեն մրցակցության ոլորտի վերաբերյալ, քանի որ դրանով տնտեսվարողները կլինեն լավագույնս պաշտպանված, իսկ ՏՄՊՊՀ-ն առավել հետևողական կլինի իր կողմից կայացվող որոշումների իրավաչափության հարցում:
Մեկնաբանել