
Ռոբերտ Քոչարյանի որոշմանը սպասելիս
Ներիշխանական եւ ներքաղաքական խմորումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կայացրել իր որոշումը` վերադառնալո՞ւ է «թոշակից» մեծ քաղաքականություն, թե՞ իրականացնելու է միայն բիզնես պրոյեկտներ` դրանք զուգորդելով իր սիրելի որսով:
Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ, ապա դա անելու է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով: Ընթացքում հնարավոր է միանան նաեւ այլ մանր-մունր կուսակցություններ: Չի բացառվում նոր ուժի ստեղծումը: Հայտնի է, որ ինչ-որ մարդիկ պատրաստվում են ստեղծել նման ուժ: Նրանք սպասում են Քոչարյանի հրահանգին: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հավասարազոր ուժեր չեն:
ՀՅԴ-ն հրաժարվեց կոալիցիայից, բայց շարունակում է իր թեւերին կրել իշխանության ստվերը եւ դրանից ազատվելու ցանկություն, կարծես, չունի: ԲՀԿ-ի դեպքում իրավիճակն այլ է. այն լուրջ վարկանիշ ունի, եւ եթե նրա նկատմամբ որոշակի ճնշումներ սկսվեն, ԲՀԿ-ի վարկանիշն էլ ավելի կբարձրանա: Չնայած մամուլի տեղեկություններին, ԲՀԿ-ի նկատմամբ իրականում դեռ ճնշումներ չեն եղել:
Հանրապետական Հովիկ Աբրահամյանը դեռեւս ԲՀԿ չէ, թեեւ Գագիկ Ծառուկյանի խնամին է: Նույնը կարելի է ասել նաեւ Ծառուկյանի մյուս խնամու` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին: Ընդհանրապես, Հայաստանում այս կամ այն կուսակցության անդամ լինելը ոչինչ չի նշանակում: Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե իրականում ո՞ւմ մարդն է Հարություն Քուշկյանը:
Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի, եւ եթե Քուշկյանը ընտրության առջեւ կանգնի, ապա կմնա Ծառուկյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի կողքին: Քուշկյանին ճանաչողները համոզված են, որ նա Սերժ Սարգսյանի հետ է: Բոլորին էլ հայտնի է, որ, ասենք, հանրապետական Կարեն Ճշմարիտյանը, որքան էլ հանրապետական խաղա, միեւնույն է` Ռոբերտ Քոչարյանի թիմից է:
Առաջիկա ընտրությունները դժվար են լինելու պատգամավորների մեծ մասի համար: Ճիշտ է, նախկին «առնետավազքերի» ժամանակ նրանք կարողանում էին ժամանակին այս թիմից այն թիմ անցնել, բայց Սերժ Սարգսյանը կրկնակի թակարդներ է լարել նրանց «բռնելը» հեշտացնելու համար: Այդ պատգամավորներն այնքան «մեղքեր» են գործել իրենց կարողությունները դիզելիս, որ հարյուր տարի էլ անցնի` չեն կարողանալու «մաքրվել»:
Այս անգամ խաղադաշտը շատ նեղ է, մանեւրելու տեղ գրեթե չկա: Հենց սա է լինելու խաղի նոր կանոնների հիմնական առանձնահատկությունը` նեղ խաղադաշտում արագ մանեւրելու կարողությունը: Սա բավական դժվար է լինելու, քանի որ Ռ. Քոչարյանն ուշացնում է իր որոշումը: Այն կարող է հիմնովին փոխել Հայաստանի քաղաքական դաշտը:
Դժվար է կանխատեսել արդյունքները, եթե նախընտրական փուլն ընթանա երեք նախկին նախագահ-թեկնածուներով: Քոչարյանի համար դժվար է նաեւ վերադառնալու որոշում կայացնելը` դուրս գալ մի մարդու դեմ, ով տասը տարի սատարել է իրեն:
Քոչարյանն իր շրջապատով ներքաշված է բազմաթիվ բիզնես ծրագրերի մեջ: Ինչքան էլ տարօրինակ լինի շատերի համար, սակայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համատեղ բիզնես չունեն: Վերադառնալու որոշումը Քոչարյանի համար նախ նշանակում է վտանգել իր հիմնական բիզնես ծրագրերը: Բայց այն նաեւ նշանակում է ստանալ դրանք բազմապատկելու հնարավորություն: Իհարկե, որոշիչ է լինելու ռուսական գործոնը: Ի՞նչ դիրքորոշում ունեն Դ. Մեդվեդեւն ու Վ. Պուտինը:
Ո՞ւմ են նրանք ուզում 2013 թ. տեսնել Հայաստանի նախագահի պաշտոնում` հայտնի չէ, քանի որ կանխատեսելի չէ նաեւ Ռուսաստանի հաջորդ նախագահի անունը: Ամենատխուրն այն է, որ նման հաշվարկներում հաշվի չի առնվում ժողովրդի գործոնը: Եւ դա այդպես է ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր ավտորիտար երկրներում:
Մեկնաբանել