
Երկնքից ուղիղ ճանապարհ դեպի Աստծո տաճար
Տարիներ շարունակ Տաթեւի վանքային համալիր տանող ավտոճանապարհից դժգոհող սյունեցիներն ու տարածաշրջան այցելող հյուրերը կարծես թե այլեւս բողոքելու առիթ չեն ունենալու: Դարեր առաջ սրբավայրեր ոտքով կամ ավանակով հասնող ուխտավորին 21-րդ դարում առաջարկվում է ոչ միայն ավտոմեքենա, այլեւ օդային ճանապարհ: Վերջին տարբերակն էլ, այս դեպքում, կարծես հեքիաթից վերցրած լինի` երկնքից ուղիղ հայտնվում ես սրբավայրում:
Ստացվում է` մենք Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ոչ թե մեկ, այլ առնվազն երկու լավ առիթ ունենք: Նախ` կառուցել ենք աշխարհի ամենաերկար ճոպանուղին, երկրորդ` աշխարհում ոչ մի հնագույն սրբավայր հասնելու համար նման հնարավորություն չի ընձեռված: Իսկ ահա Գորիսի տարածաշրջանում ճոպանուղու առկայության վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն:
«Վաղը մյուս օրը գյուղերի հարակից անտառի փեշերին խորովածանոցներ են սարքելու, ծառեր են կտրելու տարածքների համար, բնությունը փչացնելու են,- մտահոգվում է գորիսաբնակ Համլետ Մարտիրոսյանը,- մարդ չի հասկանում` ուրախանա՞, թե՞ տխրի էդ ճոպանուղու գաղափարից, մանավանդ, որ տոմսի գինը, ասում են, էժան չի լինելու, կնշանակի տեղացին էլի իրա սովոր ճամփով է գնալու Տաթեւ: Եվ հետո, էդ նույն կերուխումի օբյեկտները վաղը մյուս օրը սնկի նման վանքի բոլորն են ծլելու: Սրբավայր հասկացությունն է աղավաղվում: Ասում են` ճոպանուղին կառուցում ենք, որ տուրիզմը զարգանա, է~հ, որ ասենք ավտոյի ճամփեն ասֆալտեին-բարեկարգեին, չէր զարգանա՞: Մի կողմից ուրախալի է, որ պետությունը մտածում է տարածաշրջանի զարգացման մասին, մյուս կողմից էլ հարց է` արդյո՞ք իմ ասած բաները վերահսկվելու են»:
Աշխարհի ամենաերկար ճոպանուղու գաղափարը առավել ոգեւորել է Գորիսի տարածաշրջանի 5 համայնքների բնակիչներին: Գյուղացիներն իրենց օգուտն ու վնասը դիտարկում են ունեցած գյուղմթերքը տեղում իրացնելու տեսանկյունից, իսկ Գորիսում հույս ունեն, որ կզարգանա հյուրանոցային բիզնեսը: Թեպետ նույն գորիսեցին այդ առումով մտավախություն ունի: Տաթեւ գնացող ճանապարհը շրջանցում է քաղաքը: Մեկ կամ երկու օրով սրբավայր այցելող զբոսաշրջիկը գուցե եւ չուզենա գիշերելու համար վերադառնալ Գորիս, այլ իջեւանի, ասենք, Տաթեւ կամ Հալիձոր գյուղերում: Այդ նպատակով Տաթեւ գյուղում 8 տուն է առանձնացվել, որոնք հետագայում ծառայելու են որպես հյուրատներ: Հալիձոր եւ Շինուհայր գյուղերում եւս մտածում են այդ ուղղությամբ: Ու այս հանգամանքը մի փոքր մտահոգում է գորիսեցի գործարարներին: Թեպետ նրանց մեջ լավատեսներ էլ կան:
Գորիսի «Անդրանիկ» հյուրատան տնօրեն Սեւադա Մալինցյանը պատրաստվում է տան բակում եւս երեք սենյակ կառուցել: Սեփական առանձնատունը հյուրատան վերածելու գաղափարը այս տարվա օգոստոսից է իրականացրել եւ դժգոհ չէ: «Մի քանի տարի առաջ որ գայիք Գորիս, հյուրանոց չէիք գտնի, որ մնայիք,-ասում է Սեւադան,- որ ճիշտն ասեմ` մարդիկ չէին հավատում, թե բիզնեսի էդ տեսակը կաշխատի: Մի պարսկահայ եկավ, առաջին հյուրանոցն իրանն է եղել, որ բացեց: Դրանից հետո գորիսեցիներն էլ սկսեցին մտածել էդ ուղղությամբ»: Սեւադան խոստովանեց, որ ինքը տարբեր բիզնեսներ է փորձել, սակայն հյուրատան գաղափար երբեք չի ունեցել: Մինչ այս կահույքագործությամբ է զբաղվել: Այդ ընթացքում մեկ-երկուսն արդեն Գորիսում իրենց տները սկսել էին ծառայեցնել որպես հյուրատներ` առաջարկելով մատչելի գներ եւ ընտանեկան միջավայր, որ հատկապես գրավում էր օտարազգի զբոսաշրջիկներին: «Դե տեսա, որ բիզնեսի էդ տեսակն ավելի ձեռնտու է, ասի` ես էլ փորձեմ,- պարզաբանում է Սեւադան,-հիմա կարծեմ 7-8 հյուրանոց կա Գորիսում: Ճոպանուղու կառուցման հետ կապված էլ ասում են, որ զբոսաշրջությունը մեր տարածաշրջանում զարգանալու է: Ես էլ մտածեցի սենյակների թիվն ավելացնեմ»: Գորիսեցի Սեւադան չի կարծում, թե բարեկարգվող Շինուհայրը կամ Հալիձորը կազդեն իր բիզնեսի վրա: «Գորիս եկողն էլի Գորիս կգա,- Սեւադայի ձայնը վստահ է հնչում,- եթե իմ հաճախորդը գոնե մեկ անգամ գոհ գնաց, էլի կգա, ուրիշ տեղ չի մնա»:
Ճոպանուղին չլիներ` գյուղը մի տասնամյակ էլ չէր ասֆալտապատվի
«Շինուհայրցիք փրկվեցին,- չգիտես` նախանձով, թե ուրախությամբ շեշտում են գորիսեցիք,- էս ճոպանուղին չլիներ` էդ գյուղը դժվար էլ ասֆալտի երես տեսներ: Ընտիր ասֆալտ են արել, մայթեր են սարքում: Էնպես է արվել, որ գյուղ մտնող զբոսաշրջիկի առաջ շինուհայրցին պարզերես լինի»:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում դեպի Տաթեւ գնացող ճանապարհի` Շինուհայրով անցնող 3 կմ-անոց ճանապարհն ամբողջովին ասֆալտապատվել է: Երբեւէ մայթի երես չտեսած համայնքում բետոնածածկ մայթեր են կառուցվում: Միջհամայնքային ճանապարհի աջակողմյան հատվածի տներն առաջարկվել է պարսպապատել միանման ոճով: Հարությունյան Վալերին ինքն է ձեռնամուխ եղել սեփական տան նորաոճ պարսպի կառուցման գործին: Ասում է` մնացած տների պարսպապատման համար վարպետներ են հրավիրել: «Դե, ասեցին պատեք, մենք էլ պատում ենք,- ծիծաղում է Վալերին,- վարձը տալիս են, քարը տալիս են, ուղղակի իմ տան հայաթն է, ես եմ վերցրել, ես եմ պատում: Քարե մասը որ պրծանք, վրան սալիկներ են լինելու»: Վալերիի հաշվարկով` մեկ ամսվա աշխատանքի համար ինքը 100 հազար դրամ կստանա: Աշխատանք չլինելու պայմաններում օգուտը կրկնակի է` եւ փող, եւ գեղեցիկ պարիսպ: Գյուղի այդ հատվածում տները ճանապարհից հեռու են մոտ 10-15 մետր: Նախկին փշալարե ցանկապատերը բավական տգեղ տպավորություն էին թողնում: Համայնքապետ Սմբատ Երեմյանը առաջարկել է, որպեսզի միանման պարսպապատում արվի: Առաջարկին հավանություն են տվել թե «Ազգային մրցունակության հիմնադրամում», թե տարածքային կառավարման նախարարությունում: «Ես պիտի խոստովանեմ, որ այսօր մենք շահում ենք,- ասում է Սյունիքի ամենամեծ գյուղի համայնքապետը,- սեփական բյուջեի հաշվին անհնար է կապիտալ շինարարություն անել, եթե հաշվի առնենք, որ մինչեւ 2005-ը գյուղում բյուջեն չի կատարվել, գումար չի հավաքվել, 30-35 տոկոս կատարողական է եղել: 2009-ին 75 տոկոս է եղել, իսկ այս տարի հույս ունենք, որ կհասնի մինչեւ 90 տոկոսի: Այս պահին իրականացվող շինաշխատանքներում ընդգրկված բանվորական հատվածը հիմնականում շինուհայրցիներ են` օրական 3-ից 4 հազար դրամ աշխատավարձով: Գյուղից վարպետներ եւս կան ընդգրկված, հատկապես պարսպապատման աշխատանքներում: Նրանց համար էլ մետրը 2000 դրամով են հաշվարկում»: 2987 մարդ կամ 543 տնտեսություն ունեցող գյուղում անկախացումից հետո հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու այգեգործությունն է: Իսկ խորհրդային տարիներին գյուղում ռետինե կոշիկների ֆաբրիկա է գործել 800-ից 900 աշխատատեղով, որտեղ գյուղի ամեն ընտանիքից միջինը 1-2 հոգի են աշխատել: Ապրելով գյուղում` շինուհայրցիները քաղաքացու կենցաղ են վարել: Եվ հիմա մի աղոտ հույս են փայփայում, որ գուցե ճոպանուղին ու սպասվելիք զարգացող զբոսաշրջությունը Շինուհայրին վերադարձնեն նախկին փառքը:
«Ակնկալիքները մեծ են,- Սմբատ Երեմյանը չի թաքցնում գոհունակությունը,- շատ մեծ շարժ է նախատեսվում զբոսաշրջության առումով, արդեն իսկ ճոպանուղու կառուցման հետ կապված գյուղում եռուզեռ է: Դեռ շինարարությունը չի ավարտվել, բայց զգում ենք, որ տուրիստների, եկող-գնացողների թիվն ավելացել է»: Գյուղի ծայրամասում թոնրատուն են կառուցել, որպեսզի այցելողներին հայկական լավաշ առաջարկեն: Համայնքապետարանի հարեւանությամբ ժամանակին փոքրիկ բացօթյա շուկա է գործել, հիմա պատրաստվում են բարեկարգել, որպեսզի գյուղացիները կարողանան իրենց արտադրանքը կենտրոնացված վաճառեն, անհատական ու ցրված չհայտնվեն մայրուղու եզրերին: «Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի հետ խորհրդակցել ենք, ասել են` էդ հարցում էլ կօժանդակենք»,- ասում է համայնքապետը: Սմբատ Երեմյանն առիթն օգտագործել ու գիշերային լուսավորության հարցն էլ է բարձրացրել: «4 տարի առաջ սեփական եկամուտների հաշվին մոտ 70 տոկոս լուսավորություն ապահովել ենք` սյուներ, լամպեր, սակայն փողոցն ամբողջությամբ լուսավորված չէ,-բացատրում է պրն Երեմյանը,-պիտի 30 տոոկսն էլ ապահովվի, որպեսզի էդ ճանապարհը ծայրից ծայր լուսավորվի: Ես սա էլ եմ ներկայացրել պարոն Բախշյանին ու հույս ունեմ, որ լուծում կստանա»:
100 գրամ` ի պետս քաջության
Շինուհայրի համայնքապետից փորձեցինք ճշտել, թե ինչ տարբերակով են ճոպանուղով երթեւեկելու շրջակա գյուղերի բնակիչները: Պարզվեց` համայնքապետից բնակիչների ցուցակն են ուզել եւ տեղեկացրել, որ Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց գյուղերի բնակիչների համար երթեւեկը օդային ճանապարհով անվճար է լինելու: «Մեկ հոգին օրը մեկ անգամ կարող է անվճար երթեւեկել,- տեղեկացրեց համայնքապետը,- անձնագրային տվյալները, նկարը մուտքագրվում է համակարգիչ, ու դա բավարար կլինի: Ինչ-որ տոմս կամ անցաթուղթ չի լինելու»: «Իսկ ի՞նչ անեն Տաթեւ հասնել ցանկացող, սակայն բարձրությունից վախեցողները»,- հարցը տալիս եմ` սպասելով, որ համայնքապետը մատնացույց կանի ավտոճանապարհը: «Հասկացա, որ դուք հենց էդ վախեցողների թվում եք, ճի՞շտ է,- ծիծաղում է համայնքապետը,-մեր գյուղում շատ որակյալ թթի օղի է լինում, 100 գրամ խմում եք` ի պետս քաջության, ու նստում ճոպանուղի, մինչեւ հասնեք տեղ, կսթափվեք, այնպես որ, կկարողանաք լիարժեք վայելել Տաթեւի գեղեցկությունը»:
Մեկնաբանել